Գրքեր

Հեռուստատեսությունը հսկայական վնաս է պատճառել մարդկանց

- Հա՛յր, այժմ հեռուստատեսային այնպիսի հաղորդակցության միջոցներ գոյություն ունեն, որոնց օգնությամբ կարող ես հետևել, թե նույն պահին ինչ է տեղի ունենում աշխարհի մյուս ծայրում:

- Մարդիկ ողջ աշխարհը տեսնում են, միայն իրենց չեն տեսնում: Աստված չէ, որ ոչնչացնում է մարդկանց, ո՛չ, այդ իրենք են սեփական ուղեղով իրենց ոչնչացնում:

- Հա՛յր, հեռուստատեսությունը շատ չարիք է բերում:

- «Շատ չարիք»… Ինչի՜ մասին ես խոսում… Մի մարդ ինձ ասաց. «Հեռուստացույցը լավ բան է, Հա՛յր»: «Հավկիթներն էլ են լավը,- պատասխանեցի,- բայց եթե դրանք հավի ծերտի հետ խառնես, ապա այլևս պիտանի չեն լինի »: Հենց դա է տեղի ունենում հեռուստատեսության ու ռադիոյի հետ: Այսօր, երբ մարդ ռադիո է միացնում, որպեսզի լուրեր լսի, պետք է համակերպվի այն փաստի հետ, որ լուրերից բացի ստիպված կլինի որևէ երգ էլ լսել: Լուրերը կսկսեն անմիջապես այդ երգից հետո: Իսկ նախկինում այդպես չէր: Առաջ հայտնի էր, թե որ ժամին են ռադիոյով լուրեր հաղորդելու: Մարդը սահմանված ժամին միացնում էր ռադիոընդունիչն ու վերջին լուրերը լսում: Իսկ հիմա ստիպված երգն էլ ես լսում, որովհետև, եթե դրա պատճառով ռադիոն անջատես, ապա լուրերն էլ բաց կթողնես:

Հեռուստատեսությունը մարդկանց հսկայական վնաս է պատճառել: Այն հատկապես կործանարար ազդեցություն է թողնում փոքր երեխաների վրա: Մի անգամ մի յոթնամյա տղա եկավ իմ խուցն իր հոր հետ: Ես տեսա, թե հեռուստատեսային դևն ինչպես է երեխայի շուրթերով հաղորդում, ճիշտ այնպես, ինչպես դիվահարների շուրթերով դևը խոսում է: Նույնն է, թե նորածինն ատամներով ծնվի: Այսօր հազվադեպ կտեսնես նորմալ երեխաներ՝ նրանք հրեշների են վերածվել: Երեխաներն իրենց գլուխները չեն աշխատեցնում, այլ ուղղակի իրենց տեսածն ու լսածն են կրկնում: Ոմանք այդ կերպ, հեռուստատեսության միջոցով, ցանկանում են աշխարհն ապուշացնել: Այսինքն (ըստ նրանց մտահղացման) մյուսները պետք է հավատան այն ամենին ինչ (հեռուստացույցով) լսել են ու ըստ դրա գործեն:

- Հա՛յր, որոշ մայրեր մեզ հարցնում են, թե երեխաներին ինչպե՞ս ետ սովորեցնեն հեռուստացույցից:

- Թող իրենց երեխաներին բացատրեն, որ հեռուստացույց նայելով նրանք կբթանան, մտածելու կարողությունը կկորցնեն: Էլ չեմ խոսում այն մասին, որ հեռուստացույցը վնասում է նրանց տեսողությանը: Այն հեռուստատեսությունը, որի մասին այժմ խոսում ենք՝ մարդկային ստեղծագործություն է: Բայց չէ՞ որ ուրիշն էլ կա՝ հոգևոր հեռուստատեսությունը: Երբ ներսից հին մարդուն հեռացնելով՝ քրիստոնյայի հոգևոր աչքերը պարզվում են, ապա նա առանց տեխնիկական միջոցների էլ է հեռավորության վրա տեսնում: Այդպիսի «հեռուստատեսության» մասին մայրիկներն իրենց զավակներին չե՞ն պատմել: Այդ հոգևոր «հեռուստատեսությունն» է պետք երեխաներին բացատրել, հասկացնել: Իսկ «արկղի» առաջ նստելով՝ երեխաներն ուղղակի կբթանան: Նախամարդիկ խորաթափանցության շնորհն ունեին, որ կորցրեցին մեղսագործությունից հետո: Եթե երեխաները Սուրբ Մկրտության ժամանակ ստացած շնորհները պահպանեն, ապա իրենք էլ խորաթափանցության՝ հոգևոր հեռուստատեսության շնորհը կունենան: Պետք է ուշադիր լինել ու հոգևոր առումով ջանք թափել: Այժմյան մայրերն իրենք են անօգուտ բաներով իրենց կործանում, իսկ հետո սկսում են բողոքել. «Ի՞նչ անեմ, Հա՛յր: Ախր կորցնում եմ երեխայիս…»:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

26.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․