Հինգ հազարի կերակրումը

Հինգ հազարի կերակրումը | Hing Hazari Kerakrumy

«Հարկ չկա, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» (Մտթ. 14:16):

Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,

Ավետարանական այսօրվա ընթերցվածքը, որի մասին պիտի խոսենք, պատմում է Տիրոջ ամենահայտնի հրաշքներից մեկի մասին, որ ընդգրկված է բոլոր չորս Ավետարաններում: Դա իսկապես զարմանահրաշ ու սքանչելի մի իրադարձություն էր, որ մինչ օրս հիացնում է ընթերցողին ու բորբոքում երևակայությունը. խոսքը հինգ նկանակով և երկու ձկով հինգ հազարի կերակրման մասին է:

Տիեզերքի արարումը, այդ թվում և՛ Երկիր մոլորակի, և՛ մարդու, անպատմելի ու անվերջ մի հրաշք է, սիրելի՛ հավատացյալներ, որով սկիզբ են առնում ու հավերժության մեջ շարունակվում աստվածապարգև մյուս բոլոր մեծ ու փոքր հրաշքները: Յուրաքանչյուր մարդու կյանք այս կամ այն կերպ մասնակից է այդ հրաշքներին և եթե փորձես միայն պատկերացնել, թե քանի հրաշք է կատարվել ու կատարվում ամբողջ աշխարհում, ապա վստահեցնում եմ, որ մեզ հայտնի թվերը չեն բավականացնի դրանք արտահայտելու համար: Իսկ դառնալով այսօր քննարկվելիք հրաշքին, որ կրում է նաև «Հացերի բազմացումը» անունը, կարող ենք ասել, որ Ամենակարողի կողմից մեր եղածը բազմացնելու հրաշքն ամենուր է և այնքան հաճախակի ու համակարգված է կատարվում, որ դադարել է որպես հրաշք ընկալվելուց և սկսել է օրինաչափություն համարվել մեզ համար: Երկու հոգի միավորվում են և դառնում երեք, չորս և ավելի: Տնկված մեկ կորիզն աճում ու վերածնվում է հարյուր-հազարավոր պտուղների մեջ: Մի բուռ սերմը մի ամբողջ արտ է դառնում, մեկ տերևից ծաղկում է մի ողջ բուրաստան: Գրեթե սպառված ուժերը մեկ աղոթքով ավելանում են ու հսկա ծովի պես ալեկոծվում մարդու հոգում ու մարմնում: Որքա՜ն սեր, որքա՜ն խնամք ու հոգատարություն կա այս ամենի մեջ, սիրելի՛ հավատացյալներ: Սակայն, քանի որ մենք այս ամենը տեսնում ենք ծնված օրից, ապա դրանք դառնում են սովորական, բնական մի բան և չենք էլ ընկալում, որ առանց Աստծու օրհնության, առանց Նրա հրաշքի դրանցից և ոչ մեկը չի կարող կատարվել, ուստի և չենք գիտակցում, որ ամեն անգամ ականատեսն ու մասնակիցն ենք դառնում Աստծու ամենաիսկական հրաշքի: Եվ այսօր մարդացյալ Աստված, Տեր Հիսուս Քրիստոս գալիս է մեզ օգնության: Կրկին: Այսօր Նա մեզ սովորեցնում է, թե ինչպես է պետք վերաբերվել և գիտակից մասնակիցը լինել մեր կյանքում կատարվող հրաշքներին:

Ավետարանական այս սքանչելի պատմությունը սկսվում է առաջին հայացքից աննկատ, ոչ կարևոր թվացող մի քանի մանրամասներով, որոնք սակայն զուր չէ, որ Մատթեոս ավետարանիչը հիշատակում է: Նա պատմում է, որ Հովհաննես Մկրտչի գլխատման լուրը առնելով՝ Քրիստոս մի նավակ նստելով առանձնանում է ամայի մի վայրում: Իսկ ժողովրդի բազմությունը հետիոտն գնում է Նրա հետևից: Հինգ հազար տղամարդ իրենց կանանց, երեխաների ու հիվանդների հետ, թողնում են տուն ու գործ և հետևում Վարդապետին, Որի մասին այնքան լսել էին: Նա էլ, չնայած ստացած բոթին, գթում է նրանց ու բժշկում, և մարդիկ էլ ողջ օրը մինչ ուշ երեկո ուշադրությամբ ունկդրում են Քրիստոսի վարդապետությունը և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում հեռանալ Նրանից: Այս մարդիկ վայելում էին Աստծու Քրիստոսի ներկայությունը, սիրելինե՛ր, և ուրիշ ոչնչի կարիք չէին զգում: Հոգնությունը, սովն ու մարմնի այլ տկարությունները մտահոգությունների հետ միասին ուղղակի անէացել էին Կենդանի ու Կենդանարար Աստծու ներկայությունից: Սրանք միգուցե մանրուքներ թվան ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, սակայն վստահեցնում եմ, որ անչափ ուսանելի ու կարևոր են հոգու փրկության տեսանկյունից և շատ բաների մասին են խոսում:

Այսօր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությունն ու բերած ավետիսն ամեն օր խոսվում է Նրա իսկ հիմնած Եկեղեցում: Օծյալ հոգևորականի շուրթերից ամեն պատարագի հնչում է Աստծու կենարար խոսքը՝ Տիրոջ մոտ կանչելով բոլոր բեռնավորվածներին, սովյալներին ու տկարներին: Ամեն կիրակի եկեղեցիներում Տիրոջ օրհնությամբ բազմացվում ու բաժանվում է Կենաց Հացը, որ Քրիստոսի պատարագված մարմինն է և ոչ միայն հաց է մեր տկարացած հոգիների համար, այլև բուժիչ ու քավարար սպեղանի: Սակայն գիտակցո՞ւմ է դա արդյոք քրիստոնյա կոչվող մարդն ու շտապում Քրիստոսի հետ իր հանդիպմանը Գալիլիայի լճափին: Յուրաքանչյուրդ իր պատասխանն ունի այս հարցին:

Գալիլիայի լճափ մարդկանց բերել էր սքանչելի Վարդապետի հետ հանդիպման մեծ ցանկությունն ու հավատը: Ահել ու ջահել, հիվանդ ու առողջ, կին, տղամարդ ու մանուկ Քրիստոսի կողքին մոռացել էին ամեն ինչի մասին: Նրա սիրո ու հոգատարության քաղցրությունը սրբել-տարել էր կարիքի ու հոգսի դառնությունը: Մարդիկ անհագորեն կլանում էին Նրա յուրաքանչյուր բառը, այդ պահին հոգու զգայարաններով հավանաբար զգալով, որ դրանք անհամեմատելի ավելին են, քան աշխարհի բոլոր բարիքները: Սրբերի ու ճգնակյացների վարքերը մեզ հաճախ են տեղափոխում Գալիլիայի լճակ՝ Քրիստոսին շրջապատած մարդկանց մեջ նրանց էլ տեսնելու: Քանի որ Աստծու կենդանի ներկայության մեջ ապրող, աղոթքում հարատևող այս մարդիկ էլ շատ բանի կարիք չեն զգում այլևս՝ համաձայն այն խոսքի, թե. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ՝ Աստծու ամեն խոսքով» (Ղուկ. 4:4): Նրանց ձգտումները երկնային են, բաղձանքը՝ Աստծու հետ կենդանի կապը և երանության այն ողջ ներկապնակը պահպանելը, որ Քրիստոսի ներկայությունն է պարգևում: Ուզո՞ւմ եք ստուգել, թե արդյոք Քրիստոս ներկա է ձեր կյանքում և եթե այո, ապա՝ ինչ չափով: Հետևե՛ք ձեր աղոթքներին: Որքա՞ն հաճախ եք զգում աղոթքով Տիրոջը միավորվելու կարիքը: Ձեր մտքերի քանի՞ տոկոսն է Նա զբաղեցնում: Եվ ինչի՞ մասին են ձեր աղոթքները: Երբ մարդիկ Նրա կողքին էին, ոչնչի կարիք այլևս չէին զգում: Սա հեռավոր կերպով նման է սիրահարների օրինակին, որոնք միայն միմյանց ներկայությունն են փնտրում և մոռանում ամեն ինչի մասին, երբ միասին են: Քննե՛ք ձեր տրտունջներն ու կարիքները, մտահոգություններն ու վախերը, սիրելի՛ հավատացյալներ, և ամեն ինչ պարզ կդառնա ձեզ համար:

Իսկ ես ուզում եմ ևս մի կարևոր կետի ուղղել ձեր ուշադրությունը: Երբ աշակերտները երեկոյան մոտեցան Վարդապետին՝ ասելով. «Արձակի՛ր այդ ժողովրդի բազմությունը, որպեսզի գնա շրջակա գյուղերը իր համար ուտելիք գնի», Քրիստոս նրանց ասաց. «Հարկ չկա, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: Եվ ապա վերցրեց նրանց բերած հացն ու ձուկը, երկինք նայելով օրհնեց, և ապա տվեց բաժանելու: Ի՞նչ է սա մեզ սովորեցնում, սիրելի՛ հավատացյալներ: Առաջինն այն, որ մերձավորի խնդիրը, կարիքը տեսնելուց չպետք է փորձենք մեզնից հեռացնելով, մեկ ուրիշի վրա բարդել դրանք, կարծելով, թե ինքներս բավարար միջոցներ չունենք նրանց օգնելու համար: Եթե մարդը դիմել է քեզ, ապա Տեր Հիսուս Քրիստոսին հուսալով և Նրա աջակցությունը հայցելով պիտի անես ուժերիդ չափով հնարավորը և վստահ լինես, որ Աստծու օրհնությամբ ունեցածդ փոքրն անգամ կբազմանա՝ բավարարելով մեծ թվացող կարիքը: Խոսքս իհարկե և՛ նյութականի, և՛ հոգևորի մասին է: Չվախենա՛նք, չափսոսե՛նք մեր ունեցած թե՛ գիտելիքը, թե՛ գումարը, թե՛ ժամանակն ու ուժերը դրանց կարիքն ունեցողի հետ կիսելուց, սիրելինե՛ր, քանի որ ինչպես Առակաց գրքում է ասվում. «Աղքատներին բաժին տվողը չի աղքատանա, բայց ով իր աչքը թեքում է նրանցից, նա շատ բանի կարոտ կմնա» (28:27):

Երկրորդ՝ այս պատմությունից սովորում ենք նույնիսկ ամենաանհուսալի ու փակուղի թվացող դեպքերում վստահել Աստծուն, որքան էլ մեր տրամաբանությունը կամ միտքը մեզ հակառակը պնդի: Ճիշտ այնպես, ինչպես աշակերտները վարվեցին, երբ տեսան, որ Քրիստոս պատրաստվում է ընդամենը հինգ հացով և երկու ձկով հինգ հազարից ավելի մարդու կերակրել: Իսկ մեզնից հաստատ չի պահանջվում հազարավորների կերակրել ու բժշկել, իսկ մեր ունեցածն էլ՝ նյութական և հոգևոր առումով հաստատ ավելին է, քան հինգ հացն ու երկու ձուկը…

Եվ վերջապես, սիրելինե՛ր, Տերը մեզ սովորեցնում է միշտ նայել դեպի երկինք: Հոգևոր և մարմանավոր հայացքը հավատով հառել վեր՝ այնտեղ, որտեղից Տիրոջ օգնությունն է գալիս (հմմտ. Սղմ. 120:1, 2) և երբեք չերկմտել: Մեր սիրող Ծնողն անընդհատ, ամեն պարագայի հիշեցնում է մեզ, որ առ Աստված հավատով կարելի է «սարեր տեղաշարժել», միայն թե պարզ միտք, խոնարհ հոգի ու անկեղծ հավատք ունենանք: Սիրենք բարերար ու բարեգութ Աստծուն և անշահախնդրորեն փնտրենք Նրա ապրեցնող ներկայությունը: Խաղաղվենք, կազդուրվենք ու մխիթարվենք այդ երանավետ ներկայությամբ: Լիցքավորվենք Նրանից և համարձակորեն կիսենք մեզ պարգևվածը բոլոր կարիքավորների հետ Տիրոջ պատվիրանի համաձայն՝ «դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: Թող Երկինքը մշտապես ձեր հոգում ու մտքում լինի, սիրելի՛ հավատացյալներ, արտացոլվի ձեր աչքերում, ցոլարձակի ձեր սրտում՝ մաքրելով ու հեռացնելով այնտեղից ամեն աղտեղություն, թերահավատություն ու չարիք, փոխարենը հաստատելով սուրբն ու աստվածայինը: Եվ թող որ մի ողջ կյանք ձգվի ու պտղաբերի ձեր անհատական հանդիպումը Քրիստոս Աստծու հետ՝ ի շահ ձեր հոգու փրկության և ի փառս Ամենասուրբ Երրորդության, Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ, միշտ և հավիտյանս. ամեն

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

04.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․