«Հիսուս Քրիստոս մարդկության առջև բացեց մեկ այլ հարթություն»

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ օգնության ձեռք մեկնելով կարիքավոր ընտանիքների: Օգոստոսի 15-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սամվելյան Քնքուշին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Քնքուշն իր ամուսնու՝ Սամվելյան Սարգսի (65 տ.) և երկու թոռնիկների հետ բնակվում է Արտաշատի շրջանի Ներքին Դվին գյուղի Քոչարի փողոցի 2-րդ տանը: Տիկին Քնքուշը երեք տղա և վեցը թոռ ունի, նրա երկու որդիներն իրենց ընտանիքներով առանձին են բնակվում: «Մյուս տղաս յոթ ամիս առաջ մահացավ, իսկ հարսս յոթ տարի առաջ հանկարծամահ էր եղել, նրանց որբացած զավակներին ես ու ամուսինս ենք խնամում: Կիսակառույց տան նկուղում ենք բնակվում, գազ չունենք, ձմռանը մեծ խնդիրների առջև ենք կանգնում, իսկ ընտանեկան նպաստն ու ամուսնուս թոշակի գումարները չեն բավարարում մեր նվազագույն կարիքները հոգալուն: Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց, Տեր Գրիգորից, աջակից անձից՝ ընտանիքիս օգնելու համար»,- ասաց տիկին Քնքուշը:

«Հիսուս Քրիստոս մարդկության առջև բացեց մեկ այլ հարթություն՝ չփնտրել սեր, այլ պատգամեց՝ սիրել, չգերադասել իր անձն, այլ խոնարհեցնել այն ուրիշների առջև: Տերը մեր առջև բացեց Երկնքի բոլոր գաղտնիքները, Նոր Ուխտի, նոր ծնունդի բոլոր օրենքները, որպեսզի դրանց հետևելով՝ վերածնվենք նոր արարածների: Կարևոր է, որ մեր սրտերում պահպանենք ու վառ պահենք աստվածային Սիրո լույսը, քանզի միայն դա է պահանջում մեզնից մեր Փրկիչը. «Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։ Եվ ով Ինձ չի սիրում, Իմ խոսքերը չի պահում. և Իմ խոսքը, որ լսում եք, Իմը չէ, այլ՝ Հորը, որ Ինձ ուղարկեց» (Հովհաննես 14:23-24)»,- ասաց Տեր Գրիգորը:

 

 

Կարինե Սուգիկյան

15.08.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․