28 Նոյեմբեր, Եշ
«Տե՛ր, ե՞րբ տեսանք Քեզ հիվանդ և այցի եկանք»: Թագավորը պիտի պատասխանի նրանց. «Ասում եմ ձեզ, որովհետև Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք» (Մատթեոս 25. 37-40):
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը դեկտեմբերի 21-ին միության հոգևոր պատասխանատու Տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ այցելեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքներ: Սա երիտասարդաց միության առաջին այցն էր: Բժշկական կենտրոնի վերակենդանացման և երեք տարբեր բաժանմունքներում յուրաքանչյուր հիվանդ երեխայի համար Տեր Զենոնը բժշկության աղոթք կատարեց, զրուցեց երեխաների, նրանց ծնողների և հիվանդապահների հետ՝ հանձնելով նրանց բժշկության աղոթաթերթիկ: Իսկ երիտասարդաց միության անդամները հաճելի անակնկալ ունեին երեխաների համար: Նրանք «Կարմիր գլխարկ» հեքիաթը տիկնիկային ներկայացմամբ բեմադրում էին ամեն մի հիվանդասենյակի երեխաների համար: Երիտասարդներին միացել էին միության անդամների երեխաները՝ Նարեկը (7տ.) և Դավիթը (10տ.): Նրանք ուրախ էին, քանի որ կարողացել էին ուրախացնել շատ երեխաների:
«Ողջունելի են նման այցերը: Երբ հոգևոր և բժշկական բուժումը զուգահեռ է դառնում, բազմապատկվում է արդյունքը»,- ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Պարոն Դալլաքյանը այցելուներին ներկայացրեց, որ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական և դիմածնոտային բաժանմունքները հիմնովին վերանորոգվել են բարերար Յակոբ Կիրիթլիեանի հովանավորությամբ: Նիկոլայ Դալլաքյանը բոլոր այցելուներին պատմում է նվիրյալի մասին, ով այլևս կենդանի չէ, բայց նրա գործը ուսուցողական և դաստիարակչական կարևոր օրինակ է հազարավոր մարդկանց համար:
Թե՛ վերակենդանացման և թե՛ վերանորոգված բաժանմունքների միջանցքները զարդարված էին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների աստվածաշնչյան, հեքիաթային և այլ թեմաների շուրջ նկարված գեղանկարներով ու կավե աշխատանքներով:
Նիկոլայ Դալլաքյանի ներկայացմամբ. «Նկարները հիվանդ երեխաներին սովորեցնելու առիթ են տալիս, ներշնչում են այն աստիճան, որ նրանց մոտ ցանկություն է առաջանում պատերին նկարելու»:
Հիվանդասենյակներից մեկում չորս տարեկան Ավետիքը տխրել էր, քանի որ իր հիվանդ ընկերները ապաքինվել և տուն էին վերադարձել: Տեր Զենոնի բժկության աղոթքն ու անմիջական զրույցը, «Կարմիր գլխարկ»-ի հերոսները այնքան ոգևորեցին նրան, որ մի տիկնիկ էլ ինքը վերցնելով, իր մայրիկի հետ միացավ երիտասարդներին՝ փորձելով ուրախացնել հարևան հիվանդասենյակի երեխաներին:
Երեխաների ժպիտն ու աչքերի փայլն արդեն իսկ խոսում էր նրանց ուրախության և գոհունակության մասին: Այցի ընթացքում ծնողներն ու հիվանդապահներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Տեր Զենոնին և երիտասարդներին, հետաքրքրվում էին, թե որտե՞ղ է գտնվում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որպեսզի երեխաների ապաքինումից հետո այցելեն եկեղեցի: Ինչպես նաև հետաքրքրվում էին, թե ի՞նչ է պետք անել և ի՞նչ է անհրաժեշտ մկրտության համար:
Տեր Զենոնը օրհնեց նաև բուժանձնակազմին՝ մաղթելով նրանց ուժ և կարողություն իրենց կարևոր առաքելության մեջ:
«Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Զենոն քահանա Բարսեղյանը կարևորում է երիտասարդների հետ նման այցերը. «Սիրո և հոգատարության
արտահայտման նպատակ ունի այս այցը, որպեսզի երեխաներն ու իրենց ծնողները զգան, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին միշտ իրենց հետ է և իրենց կողքին: Նմանատիպ այցերը կլինեն հաճախակի թե՛ հիվանդանոցներում, թե՛ մանկատներում, որպեսզի մարդիկ տեսնեն և սովորեն, որ Հայ եկեղեցու քահանան իրենց քահանան է՝ պատրաստակամ ծառայելու իրենց»:
Հավատքը կենդանի է և ապրում է, երբ քրիստոնյան իր կյանքով է արտահայտում իր դավանած աստվածաշնչային ճշմարտությունները:
Կարինե Սուգիկյան