- Հա՛յր, այն հիվանդ երեխան, որին այսօր ծնողները բերեցին, շատ է տանջվում:
- Ոչինչ, նրա հիվանդությունը կամաց-կամաց կանցնի: Բայց հետո ողջ կյանքում զգայունությունը կմնա, և նա կհիշի իր հիվանդությունը: Այդ զգայունությունն օգնելու է նրան հոգևոր առումով:
- Հա՛յր, սպիտակարյունությամբ հիվանդ երեխաները նույնպես շատ են տառապում:
- Այդպիսի երեխաներին Սուրբ Հաղորդությունն է շատ օգնում: Բազմաթիվ երեխաներ են Սուրբ Հաղորդության միջոցով բուժվել իրենց այդ հիվանդությունից: 145 (144)-րդ սաղմոսը կարդալով, որում խնդրում ենք Աստծուն դադարեցնել այն մարդկանց արյունահոսությունը, ովքեր տառապում են դրանով*, աղոթենք նաև, որպեսզի Աստված օգնի սպիտակարյունությամբ տառապող երեխաներին, նաև խնդրենք, որպեսզի հիվանդանոցներում բավականաչափ արյուն լինի թալասսեմիայով (Կուլիի անեմիա) տառապող երեխաների համար: Այդ երեխաներն ավելի շատ են տանջվում, քան Հերովդեսի կոտորած մանուկները (Մատթ. 2:16): Հիվանդությունների պատճառով տանջվելով՝ երեխաները կատարյալ վարձք ունեն, որովհետև անմեղ են: Հաջորդ կյանքում որքա՜ն երեխաներ կտեսնենք բեթղեհեմյան սպանված մանուկների հրեշտակային, մարտիրոսական կարգի հետ միասին: Երկու ամսական մանկիկներին վիրահատում են, սրսկում, կաթիլային միացում անում: Ախր այդ պստլիկ թաթիկի վրա որտեղի՞ց երակ գտնես: Եվ նրանց ծակում են, ծակում... Նորածնի մոտ գլխուղեղի ուռուցք է և նրան ճառագայթում են, փոքրիկ գլուխը պառկած է էլեկտրական հաստ լարերի մեջ... Նույնիսկ մեծահասկն ի վիճակի չէ դիմանալու դրան, էլ ո՜ւր մնաց փոքրիկները:
- Հա՛յր, վերջ ի վերջո այդ փոքրիկներն առողջանո՞ւմ են, թե՞ մահանում:
- Դե, շատերն, իհարկե, մահանում են, բայց նրանց ծնողներն ինչպե՞ս կարող են առանց բուժօգնության թողնել նրանց:
- Իսկ իմաստ ունի՞, որ մանկաբույժները փորձում են վաղաժամ ծնված նորածինների կյանքը պահպանել:
- Բժիշկներն ամեն հնարավոր բան պետք է անեն և միևնույն ժամանակ նաև աղոթեն այդ մանկիկների համար: «Տե՛ր Աստված,- պետք է ասեն բժիշկները,- եթե այս երեխան պիտի ողջ մնա ու ամբողջ կյանքը տառապի, ուրեմն խնդրում եմ նրան Քեզ մոտ առ»: Եվ միևնույն ժամանակ պետք է հոգ տանեն, որպեսզի մանուկները մկրտվեն: Այդ ժամանակ այդ փոքրիկները վառած մոմերով կդիմավորեն իրենց բժիշկներին Դրախտում:
Իսկ երբ երեխաներն արդեն այն տարիքում են, որ կարող են ինչ-որ բան հասկանալ, բժիշկները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի չվնասեն նրանց, երբ հայտնեն ախտորոշումը: Ութնամյա մի երեխայի բժիշկն ասաց. «Դու կուրանալու ես»: Նրա հայրը երեխայի հետ ինձ մոտ եկավ ու հենց երեխայի ներկայությամբ սկսեց պատմել. «Մենք նրան արտասահման ենք տարել՝ հետազոտման: Մեզ ասացին, որ նա կուրանալու է»: Ախր նույնիսկ առողջ երեխան կարող է հիվանդանալ, եթե նման բան լսի: Էլ ի՜նչ ասես հիվանդ երեխայի մասին:
* Սուրբ հայր Արսեն Կապադովկիացին 145 (144)-րդ սաղմոսն էր կարդում նման դեպքերում:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը