Գրքեր

Հիվանդության համար տրվող երկնային վարձքը

- Ինչպե՞ս է մայրդ:

- Վատ է, հա՛յր: Ժամանակ առ ժամանակ ջերմությունը շատ է բարձրանում և նրան անտանելի ցավ է պատճառում: Նրա մաշկը ճաքում է, պատվում վերքերով, և գիշերները չի կարողանում քնել:

- Գիտե՞ս՝ այդպիսի մարդիկ մարտիրոսներ են: Եթե ոչ ամբողջովին, ապա կիսով չափ՝ հաստատ:

- Հա՛յր, նրա ողջ կյանքը տառապանք է:

- Նշանակում է այն վարձքը, որ կստանա, կրկնապատիկ կլինի: Գիտե՞ս, թե որքան է ստանալու: Դրախտը երաշխավորված է: Տեսնելով, որ մարդ կարող է ծանր հիվանդությանը դիմանալ, Քրիստոս տալիս է նրան այդ հիվանդությունն այնպես, որպեսզի երկրային կյանքի փոքր տառապանքի դիմաց մեծ վարձք ստանա երկնային հավիտենական կյանքում: Նա տառապում է այստեղ, բայց վարձքն այնտեղ կստանա, այն կյանքում, որովհետև կա Դրախտ և կա վարձատրություն (վշտերի համար):

Այսօր հիվանդ երիկամներով մի կին էր եկել: Արդեն երկար տարիներ նա հեմոդիալիզի* է գնում: «Հա՛յր,- խնդրեց նա ինձ,- խնդրում եմ խաչակնքեք ձեռքս: Երակներիս վրա մի ողջ տեղ չի մնացել և նույնիսկ նորմալ հեմոդիալիզ չեմ կարողանում անել»: «Ձեռքերիդ այդ վերքերը,- ասացի,- մյուս կյանքում ավելի թանկարժեք ադամանդների կվերածվեն, քան այս աշխարհիններն են: Քանի՞ տարի ես հեմոդիալիզի գնում»: «Տասներկու»,- պատասխանեց նա: «Նշանակում է,- ասացի նրան,- դու նաև (հոգևոր) «միանվագ նպաստի» և «նվազագույն թոշակի» իրավունք ունես»: Այնուհետև նա մյուս ձեռքի վերքը ցույց տվեց և ասաց. «Հա՛յր, այս վերքը չի փակվում: Դրա միջով ոսկորը երևում է»: «Այո,- պատասխանեցի ես,- բայց դրա միջով նաև Երկինքն է երևում: Դիմացի՜ր, քեզ համբերություն եմ մաղթում: Աղոթքով խնդրում եմ, որպեսզի Քրիստոս ավելացնի քո մեջ Իր սերը և դու մոռանաս ցավի մասին: Իհարկե կարող եմ ուրիշ բան էլ մաղթել քեզ՝ որ ցավդ մեղմանա, բայց այդ ժամանակ կանհետանա նաև մեծ վարձքը: Հետևաբար, այն ինչ սկզբում մաղթեցի քեզ՝ ավելի լավ է»: Խեղճ կինը մխիթարություն գտավ այդ բառերի մեջ:

Երբ մարմինը փորձությունների է մատնվում, հոգին սրբագործվում է: Հիվանդությունից տառապում է մարմինը՝ մեր կավե տնակը, բայց դրանից հավիտենական ուրախություն է ստանում այդ տնակի տերը՝ մեր հոգին, այն երկնային դղյակում, որ Քրիստոս պատրաստում է մեզ համար: Այդ հոգևոր տրամաբանության համաձայն, որն անտրամաբանական է այս աշխարհի մարդկանց համար, ես նույնպես ուրախանում ու պարծենում եմ իմ ունեցած ֆիզիկական հիվանդություններով ու արատներով: Միակ բանը, որի մասին չեմ մտածում, այն է, որ երկնային վարձքի պիտի արժանանամ: Ես (իմ ցավն) այսպես եմ հասկանում, որ (դրա միջոցով) ես Աստծու նկատմամբ իմ երախտամոռության մեղքն եմ քավում, քանի որ պատշաճ կերպով չեմ պատասխանել Նրա մեծագույն պարգևներին ու օրհնություններին: Չէ՞ որ իմ ողջ կյանքը մի ամբողջ (հոգևոր) խնջույք է՝ և՛ իմ վանականությունը, և՛ իմ հիվանդությունները: Աստված ամեն հարցում ինձ մարդասիրաբար և մեծահոգաբար է վերաբերվում: Սակայն աղոթեցեք, որպեսզի Նա այդ ամենը (միայն) իմ այս կյանքի հաշվին չգրանցի, որովհետև այդ ժամանակ վա՜յ ինձ, վա՜յ: Քրիստոս ինձ մեծագույն պատիվ արած կլիներ, եթե հանուն Նրա սիրո ես է՛լ ավելի տառապեի: Միայն թե Նա ինձ այնպես ամրացնի, որպեսզի կարողանամ դիմանալ (այդ ցավին): Իսկ փոխհատուցում ինձ հարկավոր չէ:

Երբ մարդու մոտ ամեն բան կարգին է առողջության հարցում, նշանակում է, որ նրա մոտ ինչ-որ բան այն չէ: Ավելի լավ է ինչ-որ հիվանդություն ունենա: Ես իմ հիվանդությունից այնպիսի օգուտ եմ ստացել, ինչպիսին խիստ ճգնավորությունից անգամ չեմ ստացել, որ արել եմ մինչև հիվանդանալը: Այդ պատճառով էլ ասում եմ, որ եթե մարդ պարտավորություններ չունի (ուրիշների հանդեպ), ապա ավելի լավ է հիվանդություններն առողջությունից գերադասի: Մարդ պարտք է մնում՝ առողջ լինելով, իսկ ահա հիվանդությունից վարձք կստանա, եթե համբերությամբ դիմանա դրան: Երբ ես ընդհանրական մենաստանում էի ապրում**, մի անգամ այնտեղ մի շատ ծեր եպիսկոպոս եկավ՝ Հիերոթեոս անունով: Նա հանգստի էր անցել և Սուրբ Աննայի անապատում էր ճգնում: Երբ նա ձի հեծնեց մեկնելիս, տաբատի փողքերը վեր բարձրացան և բոլորը տեսան նրա սարսափելի այտուցված ոտքերը: Նրան օգնող վանականներն ուղղակի սարսափեցին: Եպիսկոպսը դա հասկանալով ասաց. «Սրանք ամենալավ պարգևներն են, որ Աստված շնորհել է ինձ: Ես խնդրում եմ Աստծուն, որպեսզի չվերցնի դրանք ինձանից»:

 

* Հեմոդիալիզ - «արհեստական երիկամ» սարքի միջոցով արյան դիալիզ և ուլտրաֆիլտրացում:

** Էսֆիգմեն մենաստանում 1953-1955թթ.:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

27.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․