«Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ արդարությունն է պաշտպանում, Իր ողորմածությունն է ցուցաբերում հազարավոր սերունդների հանդեպ, վերացնում անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը...» (Ելք 34: 6-7),- ասաց Տերը, երբ անցնում էր Մովսես մարգարեի առջևից: Առաքինի կյանքով ապրող քրիստոնյան իր կյանքով է վկայում իր Աստվածանման լինելու, իր հոգու բարության ու գեղեցկության մասին: Բարի սիրտ ու կամք ունեցող մարդուց բարին է բխում, «հնարավոր չէ, որ աղի աղբյուրից քաղցր ջուր բխի» (Հակոբ. 3:12): Բարու մեջ հարատևելու համար քրիստոնյան որևէ գանձից առավել պետք է պահպանի իր սիրտը, «որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը» (Առակ. 4:23): Սուրբ Գրքի համաձայն՝ սիրտը համարվում է մարդու թե՛ ֆիզիկական բնության և թե՛ հոգևոր ու բարոյական կյանքի կենտրոնը: Քրիստոնեական հասկացողությամբ սիրտը որպես խիղճ է ընկալվում: Քրիստոնյայի կոչումն է առավելագույնս մաքուր պահել խիղճը և ապաշխարությամբ, աղոթքով ու բարի գործերով պահպանել կյանքի աղբյուրը, որն, ըստ Սուրբ Գրքի, արդարի ձեռքին է (Առակ. 10:11):
Եկեղեցու սուրբ հարկից ներս միավորված բարի մարդկանց գործունեության բարի հետևանքներն են սոցիալական ծրագրերը, որ նպատակ ունեն պահպանելու կյանքի հորդաբուխ աղբյուրը: Հունիսի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Աննա Գրիգորյանին (38 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Անահիտ Հովսեփյանը: Աննան իր ամուսնու և երեք զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Բաբաջանյան 1, բն. 28 հասցեում: Գրիգորյան ընտանիքի միջնեկ զավակը՝ Ալեքսը (6.5 տ.), Դաունի համախտանիշ ունի: Ընտանեկան ջերմ մթնոլորտում է մեծանում արև Ալեքսը, նա երկրորդ դասարանում է սովորում: Մայրիկը պատմեց, որ Ալեքսի խոսքը հստակ չէ, և նա հաճախելու է «Արև-երեխաներ» ՀԿ-ի կողմից «Երևան իմ սեր» հիմնադրամի շենքում կազմակերպած հատուկ մանկավարժների դասապարապմունքներին: Գրիգորյան ընտանիքը ֆինանսական խնդիրներ ունի, Աննան ասաց, որ ամուսնու վաստակած աշխատավարձով դժվարանում են տան և կոմունալ վարձերը վճարել: Նա շնորհակալություն հայտնեց աջակից անձին ու «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ իր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգածության համար:
Կարինե Սուգիկյան