Այսօրվա ժամանակակից և լուսավորված դարում, թեև գիտությունը հասել է բարձրագույն նվաճումների և մարդկության մեծ մասն էլ կրթություն ունի, բայց այս ամենը չի նպաստել, որ պակասի մեր շուրջն առկա մարդկային ցավն ու տառապանքը: Այսինքն՝ ժամանակակից մարդու համար ցանկալի ո՛չ ուժը, ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ փողը ի վիճակի չեն մարդուն սեր և երջանկություն տալու:
«Հնարավոր չէ երջանիկ լինել առանց Աստծո: Մի՛ մոռացեք, որ երջանկությունը ձեզանից կխուսափի այնքան ժամանակ, քանի դեռ դուք հեռացած եք Աստծուց, հավատքից, հույսից և սիրուց: Փառասերների ցանկությունն է սիրվել առանց սիրելու: Սիրո զգացումը գողտր, մատաղ և արի հոգիներին է պատկանում, որոնց համար տալը, զոհելն ավելին արժե, քան առնելը և շահելը, որոնց ներշնչող հարացույցը Քրիստոս է: Որոնց համար հանրության շահը գերադաս է անհատական շահից: Որոնց համար ավելի սրտամոտ է ծառայել, քան հրամայել, որոնց համար անձը ուրանալու աստիճան սիրելը փառք է, օրհնություն և երջանկություն: Ջանացեք իրականացնել քրիստոնեության մեծ գաղափարը՝ սերը: Սեր ձեր հավատքի մեջ, սեր ձեր աղոթքի մեջ, սեր ձեր գործերում, սեր ձեր ընկերական միջավայրի ամեն իրավիճակներում»,- ասել է Տ. Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանը («Պարզ քարոզներ», հատոր Գ, Փարիզ 1925):
Դեկտեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց սոցիալապես անապահով Ասատրյան ընտանիքին, որ բնակվում է Օհանովի 2/40 հասցեում:
Չորս զավակների մայրը՝ Ասատրյան Նարինեն (46 տ.), չորս տարի առաջ ինսուլտ է տարել, ինչի հետևանքով նրա մոտ մի շարք առողջական խնդիրներ են առաջ եկել: Տիկին Նարինեի երկու դուստրերն ընտանիք են կազմել: Այժմ ընտանիքում միայն նրա ամուսինն է աշխատում, երկու տղաներն աշխատատեղերի փակման պատճառով չեն աշխատում: Տիկին Նարինեն մտահոգված է իր որդիների առողջական խնդիրներով, նրանցից մեկին ազատել են զինծառայությունից, մյուսին էլ, ում շուտով պետք է զորակոչեն, սրտի հետ կապված առողջական խնդիր ունի: Ասատրյան ընտանիքի փոքր որդին ավարտել է «ՍԻԱՍ» Անվտանգության Միջազգային Հատուկ Ակադեմիան, բայց չի ստացել ավարտական վկայական՝ wusman վերջին տարվա վարձը չվճարելու պատճառով:
Տեր Գրիգորը բժշկության աղոթքից հետո ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ասատրյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին:
«Եկեղեցական համայնքային կյանքից ներս կարևոր է, որ համայնքի յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ ողջ համայնքը, պատրաստ լինի զոհաբերության՝ հանուն Աստծո և մեր մերձավորի, քանզի նման զոհաբերությունն օրհնություն է ու հավիտենական երանություն, քանզի հույն փիլիսոփա Պլատոնի խոսքով՝ հոգ տանելով ուրիշի երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփականը»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան