23 Դեկտեմբեր, Բշ
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մայիսի 17-ին Սբ. Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված:
Աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում մայիս ամսվա երրորդ կիրակին համարվում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը: Առաջին անգամ այս օրը նշվել է 32 տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում, երբ գրանցված էր ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք:
Հայ եկեղեցականը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում կարևոր տեղ է գրավում, քանի որ հոգևորականը կարող է հանդես գալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով անվտանգ վարքագիծ ունեցող քարոզողի դերում:
Այդ նպատակով էլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ 2011թ-ի սեպտեմբերից Երևանում բացվեց ԱՀԹ-ի «Ցերեկային Կենտրոն»-ը, որի նպատակն է՝ նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը և նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների ձեռքբերմանը:
ԱՀԹ-ի «Ցերեկային Կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ամենշաբաթյա քարոզները, անհատական խորհրդատվությունը, տնայցերը, տնօրհնեքի կարգը, ուխտագնացությունները փորձում է նվազեցնել ներքին հոգեբանական լարվածությունը՝ նպաստելով շահառուների հոգևոր աճին ու հոգեկրթմանը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի հիմնական ուղիներից մեկը, ըստ Տեր Գրիգորի, պետք է դառնա հոգևոր դաստիարակությունը, որի միջոցով հասարակության մեջ կամրապնդվի բարոյական և հոգևոր արժեքները: «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հոգեվիճակը հասկանալու համար կարևոր է նրանց հետ համագործակցությունը: Աստծո խոսքը հնարավորություն է տալիս նրանց նորովի ճանաչելու այն աշխարհը, որ շրջապատում է իրենց, ճանաչելու իրենց մեջ գտնվող հոգևոր աշխարհը: Եվ վերջապես, իրենց իսկ սեփական կյանքով նրանք սկսում են ճանաչել Աստծուն, Ում անասելի սերն ու ողորմածությունը կյանքի կոչեց բոլորին: Մեր վերջնական նպատակակետն է, որ հավատով, հույսով, սիրով և միմյանց օգնելով անցնենք դեպի Աստված տանող փրկության ճանապարհով»,- ասաց Տեր Գիրգորը:
Ամեն տարի այս օրը բազմաթիվ երկրներում անցկացվում են միջոցառումներ ուղղված հասարակության, կառավարությունների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելուն: Այդ միջոցառումներից մեկն է մոմավառությունը:
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը` Իտալական Կարմիր Խաչի աջակցությամբ 2013 թ-ի սեպտեմբերից իրականացնում է «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում ՀԿԽԸ մեկ տարուց ավել է, ինչ համագործակցում է Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ի հետ:
Ամեն տարի Հայկական Կարմիր Խաչի Ընկերության (ՀԿԽԸ) շրջանակներում գործող կամավոր անդամների երիտասարդական միավորումը՝ Երիտասարդական Կարմիր Խաչը (ԵԿԽ), մայիսի երրորդ կիրակին կազմակերպում է մոմավառության երթ: Այս տարի ԵԿԽ-ի թվով քսան կամավորներն ու աշխատակիցները ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակման միջազգային օրը սկսեցին հիշատակման քայլերթով:
«Այս տարի բացառիկ էր նրանով, որ մոմավառության երթի փոխարեն, որոշեցինք վաղ առավոտյան քայլերթով գալ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, մոմ վառել, ապա մասնակցել Սուրբ Պատարագին և հոգեհանգստյան կարգին: Քայլերթին, երկու խմբերի բաժանված, անցանք Սարյանի և Մաշտոցի փողոցներով: Ինֆորմացիոն-տեղեկատվական նյութեր բաժանելով մարդկանց՝ փորձեցինք հանրությանը տեղեկացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ առավել տարածված սխալ կարծիքները՝ նշելով կանխարգելմանն ուղղված ճիշտ տեղեկատվություն»,- ասաց Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակցուհի Սոնա Գևորգյանը:
Որպես ԵԿԽ-ի կամավոր Հեղինե Պողոսյանը հինգ տարի է, որ մասնակցում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակման միջազգային օրվա միջոցառումներին: Հիշատակման քայլերթին միացել էին նաև Բրիտանական Կարմիր Խաչ ընկերության երկու կամավորները՝ Ջեսին և Ջենին, ովքեր եվրոպական կամավորական ծառայության ծրագրի շրջանակներում առաջին անգամ էին Հայաստանում:
Շրջապատի մարդկանց ոչ մեղադրական և ճիշտ վերաբերմունքը կօգնի յուրաքանչյուր ՄԻԱՎ-ով ապրող մարդուն հաղթահարելու մարդկանցից մեկուսացումն ու ճգնաճամը՝ օգտվելով այլոց նման աշխատելու և ապրելու աստվածատուր իրավունքից:
Կարինե Սուգիկյան