Եղեգնուտի մենակյաց աբբա Ալեքսանդրոսն ասաց. «Մի անգամ ես աբբա Պողոս Հելենացու մոտ էի: Մեր` նրա սենյակում նստած ժամանակ, մեկը եկավ և բախեց դուռը: Ծերը վեր կացավ, բացեց դուռը և թրջած հաց դրեց նրա առաջ, որով ինքն էր կերակրվում: Ես կարծեցի, թե օտարական է, կռացա դեպի պատուհանը, տեսնեմ՝ առյուծ է, և ասացի նրան. «Կրոնավոր, ինչո՞ւ դրան ուտելիք տվեցիր»: Նա ինձ մեկնեց պատճառը և ասաց. «Նրան խրատեցի՝ չվնասել մարդկանց և անասուններին, այլ ինձ մոտ գալ՝ կերակրվելու, և ահա երեք ամիս է` երկու օրը մեկ գալիս է ինձ մոտ և կերակուր ստանում»: Ոչ շատ օրեր անց դարձյալ գնացի նրա մոտ` ամաններ գնելու նրանից, և հարցրի. «Բարի՛ ծեր, ինչպե՞ս է առյուծը»: Եվ նա ասաց. «Վատ. անցյալ օրը եկավ ինձ մոտ՝ կերակրվելու, և տեսա, որ ամբողջ բերանը արյունով լի էր, և ասացի նրան. «Ահա ինձ չլսեցիր և մարմին կերար. գնա՛ այստեղից, այլևս կերակուր չեմ տա քեզ»: Այնժամ վերցրի չվանը, երեք տակ արեցի և երեք անգամ խփեցի նրան, և այդպես գնաց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016