23 Դեկտեմբեր, Բշ
Անտիոքի պատրիարք՝ երանելի Եփրեմի մասին հայրերից մեկը պատմում էր, թե խիստ նախանձախնդիր էր ուղղափառ հավատի պահպանման հարցում: Նա մի օր լսեց Հերապոլսի կողմերից ոմն սյունակյացի մասին, թե Սևերիոսի աղանդից է և հաղորդակից է նրան: Եվ գնալով նրա մոտ` ուզեց համոզել նրան և վարդապետությամբ աղաչեց սյունակյացին կանգնել առաքելական աթոռի առաջ և երկրպագությամբ հաղորդվել կաթողիկե եկեղեցում: Եվ սյունակյացն ասաց. «Ես ձեզ հետ չեմ հաղորդվի»: Եվ սուրբ Եփրեմն ասաց. «Ինչպե՞ս կարող ես համոզել ինքդ քեզ, եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ եկեղեցին մաքուր և ազատ է հերձվածական ամեն տեսակ աղտեղություններից»: Եվ սյունակյացն ասաց. «Կրակ վառենք, ո՜վ տե՛ր իմ պատրիարք, և միասին մտնենք նրա մեջ, ով անվնաս դուրս գա` նա է ուղղափառ և նրան պետք է հետևել»: Սա ասում էր պատրիարքին վախեցնելու համար: Իսկ սուրբ Եփրեմն ասաց սյունակյացին. «Պարտավոր ես, որդյա՛կ, որպես քո հորը՝ լսել ինձ և ավելին չպահանջել ինձանից, որովհետև այն, ինչ դու պահանջում ես` վեր է մեր տկարությունից, սակայն հույս ունեմ առ Որդին Աստծո, որ հանուն քո հոգու փրկության` այդ էլ կարող եմ անել»: Այնժամ երանելին իր մոտ եղողներին ասաց. «Փայտե՛ր ածեք այստեղ»: Երբ մեծաքանակ փայտ բերեցին, պատրիարքը պատվիրեց վառել սյան առջև և սյունակյացին ասաց. «Ահա, խնդրեմ, իջի՛ր, և ըստ քո դատի՝ մտնենք միասին»: Իսկ նա, զարմացած պատրիարքի հաստատուն հույսի վրա առ Աստված, չկամեցավ իջնել: Պատրիարքը նրան ասաց. «Քեզանից դուրս չեկա՞վ այս պայմանը, իսկ ինչո՞ւ չես կամենում կատարել»: Ապա հանելով եպիսկոպոսական ուրարը, որ հագին էր, և մոտիկ գալով կրակին` աղոթքի կանգնեց և ասաց. «Աստված` Հա՛յր մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Քո Միածնի, որ մարմնացավ անարատ Կույս Մարիամից հանուն մեր փրկության, այժմ փառքիդ ողորմությամբ ցո՛ւյց տուր Քո հրաշքը մեղսավոր ու անարժան քո ծառաներին»: Եվ գցեց ուրարը կրակի մեջ, և կրակն այդպես բորբոքված` երեք ժամ մնում էր այնտեղ: Եվ կրակը հանգչելուց հետո հանեցին ուրարը այնտեղից ամբողջական և անվնաս, ինչպիսին որ էր: Այնժամ սյունակյացը, տեսնելով հրաշքը, զարմացավ և նզովեց Սևերիոսին և նրա ողջ հերձվածը և ներառվելով սուրբ եկեղեցու մեջ` Հաղորդություն վերցրեց երանելի Եփրեմի ձեռքով` գոհությամբ փառավորելով Աստծուն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016