Հոգևոր խոնարհություն և աստվածային սեր. ահա մեծագույն զենքերը

(պատմություն ժամանակակից ականատեսների աչքերով)

Քրիստոնեական ապրելակերպի նվազումը և օկուլտիզմի մեծացումը դիվահարության ընդհանուր խնդիրներից են, հատկապես երիտասարդության շրջանում: Քրիստոնեությունից հեռացած մարդը երբեմն նույնիսկ կարող է տառապել սատանայից առանց պատճառի, որևէ պատճառով, մեղքի դեպքում: Մենք բոլորս խոցելի ենք և սատանայի կողմից փորձության ենթարկվելուց զերծ չենք: Հայր Գաբրիելը նշում է, որ սովորաբար դիվահարության գլխավոր պատճառները չորսն են: Առաջին` Աստծո թույլտվությունը, մասնավորապես, որ թույլ է տալիս ենթարկվել փորձության, այդ իսկ պատճառով կարող է թույլ տալ ենթարկվել ուղիղ հարձակմանը: Երկրորդ՝ անեծքի դեպքում (անեծք այստեղ ասելով նկատի ունենք ոչ թե որևէ մեկի ասած բացասական խոսքն ուղղված մյուսին, այլ հատուկ հմայական, մոգական արարողակարգով կատարված երևույթը) ամենատարածված հմայության ձևով: Այն փորձ է վնասելու որևէ անձի` դևերի միջոցով:

Սև մոգությունը, կախարդությունը, սատանայական անեծքի ծիսակարգը կարող են լինել ուղիղ կերպով։ Օրինակ՝ երբ մարդը խմում է ինչ-որ բան, որը պատրաստված է հմայության ծեսով կամ անուղղակի, երբ հմայություն է արված որևէ մեկի գույքի, նկարի, պատկերի վրա: Այս ամենը ներգործում է մարդու վրա՝ բերելով սատանայական կապանքներ կամ տիրապետում նրա վրա: Ավելին, խոսելով մոգության վերաբերյալ, պետք է նշել դրա գործառույթների երկու տեսակները: Առաջինը՝ «իմիտացիոն», նմանակման, և երկրորդը՝ «վարակիչ»: Առաջինի դեպքում օգտագործվում են տիկնիկներ՝ իբրև թե ներկայացնելու անձին: Երկրորդի պարագայում՝ ֆիզիկական շփման միջոցով, և օգտագործվում է անձին պատկանող ինչ-որ բան: Հայր Գաբրիելն ասում է, որ ամենաուժեղ կախարդության փորձառությունն ունեն Բրազիլիայում և Աֆրիկայում բնակվող այն անձինք, ովքեր զբաղվում են նման երևույթներով՝ հիմնվելով մոգության վրա և հաղորդակցվելով չար ոգիների հետ: 
Լուրջ և շարունակաբար գործվող մեղքը դիվահարության երրորդ պատճառի հետևանք է: Իսկ չորրորդը չար մարդկանց կամ վայրերի հետ հաղորդակցության արդյունքով է լինում՝ սպիրիտուալիզմ, մոգություն, գուշակություններ, կախարդություններ և այլն: Ընդհանուր առմամբ էկզորսիստի համար շատ ավելի հեշտ է տարբերել նման խնդիրները, քան հոգեբույժի համար: Դիվահարման ճանապարհներից մեկն էլ պոռնոգրաֆիան է, որը դուռ է բացում դևերի առջև, որպեսզի մտնեն տվյալ երևույթով տարված մարդու մեջ: Համենայն դեպս Հայր Գաբրիելն ընդգծում է, որ ում հետ գործ է ունեցել, իննսուն տոկոսը եղել է անեծքի, հմայության ներքո, մնացյալը մասնակից են եղել որևէ սատանայական կրոնական պաշտամունքի կամ մոգության, գուշակությունների հետ կապված միջոցառման, կամ դիմել են նման երևույթների օգնությանը: Այդուհանդերձ, եթե մարդ ապրում է Աստծո հետ համերաշխության մեջ, սատանային բավականին բարդ կլինի տիրապետել տվյալ անձին: Հայր Գաբրիել Ամորթը, ինչպես նշեցինք, կարծում է, որ առաջին հերթին Աստված երբեմն առանձնացնում է որոշ անձանց, որպեսզի նրանք անցնեն հոգևոր տոկունության միջով՝ իբրև կյանքի քննություն, բայց հաճախ մարդիկ հենց իրենք են ճանապարհ բացում դևերի առջև, որպեսզի հայտնվեն նրանց տիրապետության ներքո, ինչպես, օրինակ, սև մոգության հետ տարբեր առիթներով առնչվելիս մարդկանցից ոմանք գտնվում են սատանայական կռապաշտության ծուղակի մեջ, մյուսները որևէ հմայության զոհ են, թեև կախարդների մեծամասնությունը խաբեբա է, շառլատան, բայց կան նաև իրապես մոգությամբ զբաղվողներ: Նա նշում է, որ չի կարծում, թե անեծքը կարող է մարդուն ամբողջապես դիվահարել, բայց սատանայական ծեսով կատարված անեծքը կարող է մարդուն ախտահարել դիվային «ընկճվածությամբ» կամ «բռնվածությամբ»: Նախքան դևին վտարելը, պետք է քանդել, չեզոքացնել սատանայական անեծքը: Կաթոլիկ հոգևորականը, ելնելով իր բազմամյա փորձառությունից, նշում է, որ դիվահարության պարագայում կանանց տոկոսն ավելի շատ է, քան տղամարդկանց: Ամբողջական պատասխան դժվար է տալ, թե ինչու է այդպես, հնարավոր է, որ կանայք ավելի խոցելի են, քան տղամարդիկ, և պատճառներից մեկն այն է, որ կանայք սովորաբար ավելի շատ ու հաճախակի են դիմում գուշակներին, և ավելի են հետաքրքրված օկուլտիզմով, քան տղամարդիկ: Հնարավոր է, որ նաև սատանան կնոջ միջոցով ցանկանում է մոտենալ տղամարդուն, ինչպես նա գործեց Եվայի միջոցով: Եթե մարդը մերժում է Աստծուն, դևը հեշտությամբ գրավում ու իշխում է նրան: Բոլոր կրոններն ունեն էկզորսիզմի կարգ, բայց միայն քրիստոնեությունն է, որ ունի իրական ուժ, որ կարողանում է Քրիստոսի օրինակով, Նրա անվամբ և իշխանությամբ վտարել դևերին: Էկզորսիստի գործն է բացահայտել խավարի հրեշտակին և ազատել մարդուն, սակայն մինչ այդ պետք է տալ ախտորոշումը, որը հաճախ հստականում է, երբ էկզորսիզմ է կատարվում: Այդժամ պարզ է դառնում՝ կա՞ արդյոք որևէ սատանայական միջամտություն, թե՞ ոչ: Պետք է կարողանալ տարբերել դիվային ազդեցությունը սովորական երևույթներից, որովհետև հնարավոր է շփոթել և այն, ինչը դիվային չէ, վերագրել դրան, իսկ ինչը դիվային է` չնկատել, քանի որ խավարի հրեշտակները նախընտրում են թաքնվել և իրենց ցույց չտալ: Սովորաբար իրենց բացահայտում են տարբեր իրավիճակներից ելնելով, հատկապես էկզորսիզմի ժամանակ: Եվ եթե դև կա, որոշակի նշաններ են երևում: Երկրորդ նպատակն ազատագրելն է: Սա կարող է երկար տևել, և չարի ճիրաններում հայտնված զոհը կարիք է ունենում երկարատև օգնության: Հարցն այն է, թե դիվահարն ինչքան ժամանակ է այդպիսի վիճակում եղել, ինչ մեղք է գործել, որ հայտնվել է այդպիսի իրադրության մեջ, ինչ տեսակի դև է տիրապետում նրան, կամ տվյալ անձի մեջ քանիսն են մտել: Երբեմն էկզորսիզմը տևում է տարիներ: Խավարի հրեշտակի համար թողնել մարդու մարմինը և վերադառնալ դժոխք հավասարազոր է հավիտենապես մահանալուն և մարդկանց վրա ազդելու կարողությունը կորցնելուն: Երբեմն էկզորսիզմի կարգ կատարելը միևնույն մարդու վրա անհրաժեշտ է լինում մի քանի ամիս և ավելին, որովհետև տվյալ անձի կատարած ծանր մեղքը կամ արարքը շատ ավելի են դժվարացնում խնդիրը: Մեղքի խոստովանությունն ավելի արդյունավետ է, քան էկզորսիզմը: Վտանգավոր է, երբ հիվանդը տարբեր պատճառներով հրաժարվում է դրանից, հատկապես հուսալքության պատճառով: Էկզորսիզմը կարող է տևել մի քանի րոպե կամ շատ ժամեր: Այն ծանր աշխատանք է: Ցանկալի է, որ էկզորսիստն ունենա օգնական հոգևորական և մոտակայքում հավատացյալների խումբ, ովքեր իրենց աղոթքներով կարող են օգնել: Հաճախ դևերը կարող են ձևացնել, թե թողնում են տվյալ մարդուն, դրա համար Հայր Գաբրիելն ասում է, որ իրենք որոշ ժամանակ հետևում են տվյալ անձին, շարունակում աղոթքները, հարցումների միջոցով ճշտում նրա վիճակը: Դևերը խաբեության լավագույն տիրապետողներն են և սիրում են խաբել մարդուն, և միանգամից հնարավոր չէ համոզվել, թե այն դուրս եկավ, թե ծպտված է դեռևս։ Մարդու ապաշխարությունն ավելի շատ է նրանց ձանձրացնում, ազդում, քան էկզորսիզմը: Աստծո Խոսքի շարունակական ընթերցանությունը, լսելը առավել շատ են սասանում, ձանձրացնում նրանց, որովհետև հավատքը գալիս է սրտից: Ուստի, կաթոլիկ հոգևորականն ասում է՝ եթե դուք չեք խուսափում մեղքերի խոստովանությունից և Աստծո Խոսքը շարունակաբար լսելուց, կարդալուց և վկայելուց, ապա դուք չեք վախենա նրանց վտարելուց: Դիվահարի բուժման խոչընդոտներ կարող են լինել անկանոն ամուսնական վիճակը, ներելու անկարողությունը, խոնարհության բացակայությունը և այլն: Առավելապես տառապում են երիտասարդները: Հաճախ պարզվում է նաև, որ հասուն մարդկանց կյանքում դիվային միջամտությունը եղել է մանկության ժամանակ կամ նույնիսկ մինչև ծնվելը: Հայր Գաբրիելն ասում է՝ հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ Աստված ուղղակի կերպով թույլ է տալիս դիվային միջամտությունը, քանի որ այն հանդես է գալիս որպես խթան քրիստոնեական կյանքով ապրելու համար: Ինչպե՞ս հասկանալ, որ մարդը բռնված է խավարի հրեշտակներից կամ դիվահար է: Դա այնքան էլ հեշտ չէ, և բազմաթիվ են դիվահարման աստիճանները: Սատանան չի սիրում երևալ, այնպես որ կան դիվահարված մարդիկ, որոնց մեջ տվյալ երևույթը երկար ժամանակ հնարավոր է և չբացահայտել: Լինում են նաև այնպիսիք, ովքեր դիվահարվելով ունենում են ֆիզիկական սուր ցավ և դրա պատճառով նույնիսկ չեն կարողանում շարժվել: Շատ կարևոր է սովորական հիվանդությունը չշփոթել դիվահարության հետ: Դիվահարության խտանշաններն իրենց մեջ հաճախ ներառում են ուժեղ, տաժանակիր գլխացավեր, սպազմներ որովայնում, հատկապես ստամոքսի շրջանում: Սակայն նման դեպքերում առաջնահերթորեն մարդը պետք է դիմի բժշկին, նախքան էկզորսիստին դիմելը: Հայր Գաբրիելը նշում է, որ իր մոտ հաճախ գալիս են մարդիկ, ովքեր ընդհանրապես բռնված կամ դիվահարված չեն դևերի կողմից, նրանք տառապում են էպիլեպսիայից կամ շիզոֆրենիայից կամ հոգեկան այլ խնդիրներ ունեն: Իսկ դիվահարի դեպքում, նախքան բացահայտվելը, դևը թաքնվում է հիվանդության հետևում: Լինում են դեպքեր, երբ սկզբական էկզորսիզմի ժամանակ իրեն չմատնելով` կարողանում է խուսափել, իսկ երբ դիվահանության կարգը կրկնվում է, ճնշմանն այլևս չեն դիմանում ու ցույց են տալիս իրենց: Հայր Գարի Թոմասը վկայում է, որ երբ մարդը դիվահարված է լինում, նրա մեջ դրսևորվում են դասական նշանները՝ մարդու յուրահատուկ հայացքը գլանված աչքերով, որովհետև հակակրանք ունեն սրբության հանդեպ: Նրանք չեն կարողանում նայել Սբ. Խաչի նշանին, խուսափում են: Եթե գնում են եկեղեցի, չեն կարողանում երկար մնալ, հաճախ ընդհանրապես խուսափում են եկեղեցի մտնելուց, կամ եկեղեցում մնում են մեծ դժվարությամբ, խուսափում են Սբ. Հաղորդության խորհրդից, Սբ. Աստվածածնի ու սուրբ մասունքներից: Սուրբ խորհուրդների հանդեպ հակակրանքը բնորոշ է նրանց: Երբեմն կարող է պատահել, որ աղոթքի կամ աստվածաշնչյան ընթերցանության ժամանակ համակվեն արհամարհական ծիծաղով, հատկապես անսովոր երկարատև քրքիջով աղոթողի կամ ընթերցողի հանդեպ: Սովորական զրույցի ժամանակ մարդ կարող է չնկատել, որ դիվահարված անձի հետ է խոսում, սակայն սրբերի, եկեղեցու, աստվածաշնչյան մեջբերումներ կատարելիս, այսահարված անձը միանգամից արձագանքում է տարօրինակ կամ ոչ սովորական սոցիալական վարքով ու ձայնով, երբեմն զայրույթի մոլուցքային խառնվածքի դրսևորմամբ: Հարկ է նշել, որ աղոթքների ժամանակ, երբ սրբերի անուններն ես տալիս ուղղված սատանայի կամ դևերի դեմ, որպեսզի հեռանան, սովորաբար այն մեծ ցավ է պատճառում նրանց: Օրհնված ջրի ցողումը կամ Սբ. Խաչի նշանը դիվահարի վրա դնելը, տվյալ անձի մեջ կարող է այրվելու զգացում առաջացնել: Իսկ Հայր Գաբրիելն ընդգծում է, որ խավարի հրեշտակները հակակրանք ունեն բոլոր օրհնված և սուրբ պարագաներից, իրերից: Եթե որևէ բան օրհնվում է, դրանք կատաղում են, եթե Սուրբ խաչի նշանին են հանդիպում, նրանք ճնշվում են: Սակայն հարց է առաջանում` մի՞թե հիստերիայի վիճակում գտնվող մարդը չի կարող իմիտացիա անել, նմանակել նրանց: Հայր Գաբրիելն ասում է, որ իրենք կարող են կեղծիքը տարբերակել: Նրանք նայում են նրանց աչքերի մեջ էկզորսիզմի ժամանակ: Եվ մեծ մասամբ, ով դիվահարված է, այդժամ նրա աչքերի ակնագնդերն ուղղվում են ցած կամ վեր, և աչքերը սպիտակ են երևում: Եթե դիվահարը նայում է ներքև, նա բռնված է, ինչպես օձը, եթե դեպի վեր, ինչպես կարիճը: Էկզորսիզմի ժամանակ մեկ այլ նշան է անծանոթ լեզուներով խոսելը: Հայր Գարի Թոմասը նշում է, որ սովորաբար այն տեղի է ունենում, երբ հիվանդի վրա կարդում են վտարման աղոթք կամ դիվահանության կարգ է կատարվում: Հաճախ էլ այսահարները գոռում են գերմարդկային ուժով, որ վախեցնեն ներկաներին, խլացնեն աղոթք կարդացող հոգևորականի ձայնը, կամ խոսում են ինչ-որ անհասկանալի լեզվով, միայն կարողանում ես ընկալել, թե ինչ մեծ ատելությամբ ու չարությամբ են արտաբերում նախադասությունները կամ խոսքերը՝ ուղղված մարդկանց ու ընդհանրապես Աստծո սպասավորներին, որդիներին: Հատկանշական է, որ դևերը զգուշանում են խոսելուց, և խոսում են, եթե ստիպված են լինում կամ երբ իրապես տիրապետել են մարդուն: Եթե դևերն ինքնակամ շատախոսում են, դա հնարք է, ծուղակ հոգևորականին շեղելու դիվահանման կարգից: Մենք հետաքրքրասիրությունից դրդված երբեք ավելորդ հարցեր չպետք է տանք նրանց: Հայր Գաբրիելն ասում է` սակայն մենք պետք է զգոնությամբ և զգուշությամբ հարցաքննենք նրանց: Սկզբնապես մենք միշտ սկսում ենք ճշտել նրա անունը: Սովորաբար, եթե մարդու ներսում մի քանի կամ ավելի դևեր են լինում, առաջին անունը նրանց առաջնորդի անունն է լինում: Հիվանդի միջոցով դևը տարօրինակ, անբնական ձայնով ասում է, թե ով է ինքը: Եթե այն բանսարկուն է, ասում է, որ ինքը սատանան է կամ լյուցիֆերը, կամ բեհեղզեբուղը: Այնուհետև հարցնում ենք՝ նա մենա՞կ է, թե՞ իր հետ ուրիշներն էլ կան: Սովորաբար նրանք երկուսը կամ հինգն են լինում, կամ քսան, երեսուն: Մենք պետք է ճշտենք նրանց թիվը: Այնուհետև մենք հարցնում ենք, թե երբ և ինչպես են մտել և մարմնի կոնկրետ ինչպիսի օրգանն են ախտահարել: Մենք պարզում ենք, թե նրանց ներկայությունը պայմանավորված է որևէ կախարդանքի, հմայության պատճառով, թե այլ իրողության: Բայց հարկ է իմանալ, որ հաճախ խուսափողական պատասխաններ են տալիս: Համենայն դեպս, կարող են ճշմարտությունը չասել: Նրանք խուսափում են իրենց բացահայտելուց, իսկ եթե չի ստացվում, աշխատում են հուսալքել, վհատեցնել հիվանդին և էկզորսիզմի կարգը կատարող հոգևորականին: Երբեմն, ծանր դեպքերի ժամանակ, խոսում են տարերայնորեն վախեցնելու կամ վհատեցնելու համար հոգևորականին: Նշաններից է նաև գերմարդկային ուժը: Հաճախ դիվահարվածն ունենում է անբնական ֆիզիկական ուժ, մեծ մասամբ բացահայտվում է այն ժամանակ, երբ դիվահալածման կարգ է կատարվում, իսկ տվյալ դևը շատ վայրի, կատաղած է լինում: Էկզորսիզմի ժամանակ սատանան կարող է իրեն բացահայտել աստիճանաբար կամ միանգամից, անակնկալ կերպով: Ամեն դեպքում նա չի ցանկանում իրեն ցույց տալ: Բազմաթիվ ձևեր կան նրանց դրդելու, որ իրենց բացահայտեն, ցույց տան: Կաթոլիկ հոգևորականը նշում է՝ փորձառությունը ցույց է տալիս, որ սուրբ յուղը (կաթոլիկ եկեղեցին գործադրում է յուղով օծելու սովորությունը հիվանդների վրա), օրհնված ջուրը և աղը բավականին արդյունավետ են: Երբ դևին բացահայտում են, կատաղում է և բավականին ուժեղ է: Մի դիվահանման կարգի ժամանակ, պատմում է Հայր Գաբրիելը, տեսա մի տասնմեկամյա երեխայի, որին բռնել էին չորս ուժեղ տղամարդիկ: Երեխան այդ տղամարդկանց հեշտությամբ մի կողմ շպրտեց: Նա ասում է, որ այդտեղ էր, երբ երեխան տասն անգամ վեր բարձրացրեց հսկայական, ծանր սեղանը: Դրանից հետո երեխան պինդ բռնեց իրեն, այդժամ հոգևորականը զգաց երեխայի ամուր մկանները: Անկասկած, երեխան իր ուժերով չէր կարող անել. սատանան նրա ներսում էր: Փորձառու էկզորսիստն ասում է, թե երբեմն նման դեպքերում ստիպված են լինում դիվահարին կապել անկողնուն: Դևերը ստիպում են զոհին թքել, որձկալ, փսխել: Սկզբում դևը փորձում է բարոյալքել հոգևորականին, ապա վախեցնել՝ տարբեր սպառնալիքներ տեղալով: Կաթոլիկ հոգևորականը նման դեպքերում մշտապես ժպտում է և ասում, որ ինքն իր կողքին ունի Սբ. Աստվածածնի աջակցությունը և իր անունը Գաբրիել է, եթե կարող է, թող գնա և պայքարի Գաբրիել հրեշտակապետի հետ, եթե ուզում է: Այդժամ սովորաբար խավարի հրեշտակները լռում են: Էկզորսիստի համար կարևոր է գտնել դևի թույլ կողմը. դրանից ոմանք չեն կարողանում կանգնել Սբ. Խաչի նշանի առջև, ոմանք էլ սրբակյաց մարդկանց շնչառությունը չեն կարողանում տանել, երբ այդպիսի մարդը մոտենում է դիվահարին, մյուսները օրհնված ջրի ցողումից են ճնշվում և այլն: Դիվահարության նշան կարող է համարվել նաև սովորական մարդու համար թաքնված, ոչ տեսանելի իրողությունների իմացությունը, գուշակությունները, ինչպես, ասենք, կարող է տեղեկություններ տալ մեկ այլ մարդու անձնական տվյալների մասին, որը միայն տվյալ մարդը գիտի: Նշաններ են նաև, երբ լսվում են տարօրինակ ձայներ, կամ մահացած մարդկանց ձայներ, որոնք փորձում են խորհուրդներ տալ մարդուն, ուղղորդել, թելադրել, նույնիսկ, ինչպես անել յուրաքանչյուր քայլը: Սատանան նաև զգայուն է զգացմունքների հանդեպ, հատկապես հայացքի հանդեպ: Մեկ այլ նշան է, երբ անձը կարող է ունենալ դեմքի աղավաղում, ծամածռություններ և ձայնի փոփոխություն: Երբեմն մարդու ամբողջ մարմինը կարող է որևէ սողունի տեսք ընդունել՝ ներառյալ դեմքը, հիմնականում օձի կամ կարիճի նման: Հայր Գարի Թոմասն ասում է, որ շատ անգամ է այդպես պատահել: Պետք է նշել նաև, որ աղոթքների ժամանակ նրանք իրենց ձեռքերով ու ոտքերով փորձում են սպառնալ՝ ձեռքերով բռունցքներ անելով, ցույց տալով, որ մտադիր են հոգևորականին և իր շրջապատի մարդկանց վնասել: Բոլոր այս երևույթները կարող են այսահարության նշաններ լինել: Իսկ երբ չար ոգիները տան մեջ են լինում կամ բնակվում, ապա հիմնական ախտանիշներն են հատկապես տարօրինակ ձայները, ճիչերը, թակոցները: Ընտանի կենդանիները կարծես զգայուն են դրանց ներկայության դեպքում: Բայց նման երևույթներն ավելի շատ կապված են ինչ-որ անձի, քան տան հետ: Ընդհանուր առմամբ, երբ ախտանիշներն ի հայտ են գալիս, դրանք կարող են կապված լինել վերոհիշյալ իրողություններից մեկի հետ կոնկրետ որևէ իրադարձության ժամանակ: Եթե դիվահարն ընկնում է տրանսի մեջ, իսկ հետո ոչինչ չի հիշում, դիվահարության նշան է։ Իսկ եթե տվյալ անձը չի կորցնում գիտակցությունը և հիշում է, նույնիսկ մշուշոտ, թե ինչ է արել և խոսել, լսել, դա բռնվածության նշան է: Բռնվածությունը հաճախ արտահայտվում է գիշերը՝ մարդու միտքը հեղեղում են կպչուն մտքերը ու շարունակաբար տանջում նրան: Կպչուն մտքեր, որոնք հանգեցնում են հուսահատության, ինքնասպանության փորձության, ներառյալ անիրական երազանքների տենչանքի իրականացումը: Լուծումն է՝ աղոթքը, սբ Խորհուրդներին մասնակից լինելը, պահքը, քրիստոնեական կյանքը, սերը, էկզորսիզմը: Եթե մարդն աղոթքի ժամանակ տարօրինակ կերպով խոսում է և շարժվում, դա ևս կարող է նշան լինել, որ նա իր ներսում դև ունի: Ի տարբերություն հոգեկան հիվանդի, որը ձգտում է ուշադրություն գրավել, շատ անգամ հոգատարության ու խնամքի արժանանալ, դիվահարը դևի ներգործությամբ հակառակն է գործում, և նրա ձեռագիրը լիովին տարբերվում է: Հայր Գաբրիելն ասում է՝ օգտակար են հոգևոր երաժշտությունը, օրհնված խունկը: Իսկ մեղքերի թողությունը վահան է, պաշտպանություն է դրանց հարձակումների դեմ: Աղոթքն օրհնված ջրի հետ ավելացնում է դրանց վրա ճնշումը և հալածանքը: Սուրբ յուղը դևերին զրկում է իրենց զորությունից: Նրանց հարձակումները դառնում են աննպատակ: Օրհնված աղը պաշտպանում է տվյալ տարածությունը կամ վայրերը դևերի ներկայությունից և ազդեցությունից. այն սենյակի չորս անկյունում պետք է շաղ տալ: Տանը կարելի է վառել նաև օրհնված խունկ, հագուստները կարելի է ցողել օրհնված ջրով: Դիվահարն այդ հագուստը պատռում է: Հայր Գաբրիելն ասում է, որ դիվահարությունը վարակիչ չէ ո՛չ ընտանիքի, ո՛չ ներկաների վրա էկզորսիզմի ժամանակ, ո՛չ էլ տվյալ վայրի վրա, ուր այն անցկացվում է: Հոգևորականը նշում է, որ սովորական հիվանդության ժամանակ սովորաբար հիվանդն աստիճանաբար ավելի լավ է զգում, մինչև վերջնական բուժումը: Իսկ այս դեպքում անձն ավելի է վատանում, մինչև վերջնական ազատագրումը: Դևի առաջացրած բոլոր հետևանքների բացահայտումից և վնասազերծելուց հետո հասունանում է ազատագրելու ընթացքը: Հիվանդը կարող է զգալ, թե ինքն ի վիճակի չէ այն այլևս տանելու, բայց հենց դևի ճնշմամբ է, որ այդպիսի ցանկություն և զգացում է առաջանում, և այն իրականում դևի զգացումն է, որ արտահայտվում է նույնատիպ և ներազդում հիվանդի վրա: Այդ իսկ պատճառով հիվանդը հուսալքվելով կարող է ձախողել իր բուժումը, մինչև վերջնական արդյունքի հասնելը: Դևն ամեն ինչ կանի, որ համոզի դիվահարին, թե հիվանդ է այլ պատճառով: Ինչպես նաև խավարի հրեշտակները ցանկանում են հավատացնել, որ Աստված ի վիճակի չէ օգնելու: Հիվանդի համագործակցությունը հոգևորականի հետ, մեղքերի խոստովանությունը, սբ. խորհուրդներին մասնակից լինելը, հավատքի մեջ ամրանալն ավելի զորավոր են, քան էկզորսիզմը, քանի որ դրանք հիվանդի հիմնարար հաջողության իննսուն տոկոսն են կազմում, միայն տասը տոկոսն է, որ էկզորսիզմն է կատարում, որովհետև ավելի շատ բան կախված է հիվանդի կամքից, քան էկզորսիզմից: Դևը կարող է նաև առաջացնել ֆիզիկական կամ հոգեբանական հիվանդություն և ազատագրումից հետո երբեմն անհրաժեշտություն է լինում բուժվել բժիշկների մոտ: Ազատագրումից հետո ոչ աղոթական կյանքը, ոչ բարոյական ապրելակերպը և հատկապես ծանր մեղքի մեջ ընկնելը կրկին կարող են դիվահարության պատճառ դառնալ: Հայր Գարի Թոմասն ասում է՝ որպեսզի կրենք պաշտպանության սպառազինությունները, մենք պետք է բարոյական նորմերով ապրենք, հավատքի և աղոթական կյանքով, սրբակյաց կեցությամբ: Ինչպե՞ս ենք անցկացնում մեր կյանքը, ինչպե՞ս ենք վերաբերվում մյուս մարդկանց: Իբրև մկրտված քրիստոնյաներ ինչպե՞ս պետք է ծառայենք մեկմեկու: Սրանք էական հարցեր են: 
Եվ իբրև այս հատվածի վերջաբան նշենք՝ հոգևոր խոնարհություն և աստվածային սեր. ահա մեծագույն զենքերը: Առանց այս երկու զենքերի, հոգևորականը, և ընդհանրապես մարդը կարճ ժամանակում կջախջախվի խավարի հրեշտակի հետ բախվելիս, որովհետև նրանք արագ նկատում են, թե իրենց առջև ինչպիսի հավատք ունեցող անձ է կանգնած:


Հրապարակման պատրաստեց 
Հովհաննես սրկ. Մանուկյանը

աղբյուրը՝ irates.am

01.04.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․