25 Նոյեմբեր, Բշ
Որոշ մարդիկ և հատկապես աղանդավորները հաճախ հետևյալ մեղադրանքն են անում. «Քրիստոս ասաց` ոչ ոքի ուսուցիչ կամ հայր չկոչեք, բայց ահա հոգևորականներն արհամարհում են Քրիստոսի պատվիրանը և ստիպում են մարդկանց իրենց կոչել տեր, վարդապետ կամ հայր»: Հոգևորականներին տեր հայր կամ հայր սուրբ դիմելաձևը աղանդավորների և եկեղեցու հետ շատ քիչ կապ ունեցող, սակայն իրենց աստվածաշնչի գիտակներ համարող մարդկանց կարծիքով Քրիստոսի կողմից ասված մի կարևոր պատվիրանի խախտում է: Իրոք, Քրիստոս Մատթեոսի Ավետարանում ասում է. «Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկ է, և դուք բոլորդ եղբայրներ եք: Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է: Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը» (Մատթ. 23.8-10): Քրիստոսի խոսքերն օգտագործելով` այսպիսի մեղադրանք հնչեցնելը նշանակում է, որ և՛ դպրոցներում պետք է արգելել ուսուցիչ բառը, և՛ գիտնականներին պետք է զրկել իրենց գիտական կոչումներից, էլ չենք մանրամասնում, որ ոմանք նույնիսկ արգելում են ծնողին հայր կոչելը: Այսպիսի միտումները, ինչ խոսք, նորմալ մարդկանց համար անհեթեթություն են թվում: Նախ նրանք, ովքեր ասում են, որ հայր կամ ուսուցիչ` վարդապետ, չպետք է կոչել ոչ ոքի, առավել ևս` հոգևորականներին, քանզի Քրիստոս արգելում է այդպիսի կոչումները, իրենց վրա են բարդում Աստվածաշնչի շատ տկար իմացության մեղքը: Քրիստոս այս պատվերը տվեց այն ժամանակ, երբ դատապարտում էր փարիսեցիներին ու օրենսգետներին, որովհետև նրանք սիրում էին իրենց վերաբերող այդպիսի պատվավոր կոչումներ լսել: Եվ Քրիստոս առաջին հերթին պատվիրեց խուսափել կոչումների պատճառով հպարտությունից ու սնափառությունից, քանի որ օրենսգետներն ու փարիսեցիները, որոշ գիտելիքների տիրապետելով, այնպես էին հպարտանում, կարծես հենց իրենք են դրանց աղբյուրը: Գիտելիքների և մարդկային լինելիության սկզբնապատճառը Աստված է, և այս բացարձակ իմաստով արգելված է որևէ մեկին կոչել հայր կամ ուսուցիչ, սակայն մենք այդ անվանումներն օգտագործում ենք որպես պարզ պատվանուն: Դարձյալ մեզ հակառակվողներից ոմանք գուցե ասեն. «Ահա տեսեք, ինչ-որ այլաբանական բացատրություններ են տալիս` խուսափելով կոնկրետ պատասխանից»: Սակայն նորից նշենք, որ այսպիսի բան ասողը կրկին իր վրա է բարդում Աստվածաշնչի տկար իմացության մեղքը: Նախ Քրիստոսի ասածը, ինչպես որ բացատրվեց, այդպես հասկացան նաև առաքյալները և բացարձակ իմաստով ոչ ոքի հայր կամ ուսուցիչ չկոչեցին, սակայն որպես պատվանուն օգտագործեցին դրանք: Այս կարծիքին հակառակվողներին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս ընթերցել Պողոս առաքյալի թղթերը, որոնց մեջ առաքյալն ինքն է իրեն ուսուցիչ կոչում, իսկ հակառակվող մարդկանց գործն ավելի հեշտացնելու նպատակով նշենք նաև մի քանի համարներ: Տիմոթեոսին ուղղված առաջին նամակի 2-րդ գլխի 7-րդ համարում Պողոս առաքյալն ասում է. «Դրա համար իսկ ես կարգվեցի որպես քարոզիչ և առաքյալ, (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և չեմ ստում), եղա վարդապետ հեթանոսների` հավատով և ճշմարտությամբ»: Իսկ Տիմեթեոսին ուղղված Բ նամակի առաջին գլխի 11-րդ համարում առաքյալն ասում է. «Ավետարան, որին քարոզիչ կարգվեցի ես և առաքյալ ու վարդապետ հեթանոսների»: Իսկ ծնողին հայր չկոչելու պնդումն արդեն դուրս է մարդկային առողջ բանականության սահմաններից: Եվ եթե Քրիստոս ընդհանրապես արգելեր հայր բառի գործածությունը բացի Աստծուն դիմելու ձևից, ապա Ինքը շատ անգամներ չէր օգտագործի հայր բառը: Եվ սա դարձյալ ցույց տանք աստվածաշնչյան մեջբերումներով: Սկսենք Աստվածաշնչի հենց ամենասկզբից: Ծնողի համար հայր բառն առաջին անգամ Աստծո հավանությամբ գործածեց Ադամը, երբ խոսելով կնոջ մասին` ասաց. «Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը` պետք է միանա իր կնոջը» (Ծննդ. 2.24): Աստված Ինքը ծնողի համար գործածեց հայր բառը տասը պատվիրանների մեջ` ասելով. «Պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20.12, Բ Օր. 5.16): Դարձյալ, երբ Աստված երևում է Իսահակին, Մովսեսին, ասում է. «Ես քո հոր Աստվածն եմ» (Ծննդ. 26.24, Ելք 3.6), նաև պատվիրում է Մովսեսին. «Այսպես կասես իսրայելացիներին. «Ձեր հայրերի Տեր Աստվածը` Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն է առաքել ինձ»» (Ելք 3.15): Առակների մեջ 23-րդ գլխում աստվածաշնչյան իմաստունն ասում է. «Լսիր որդյակ քեզ ծնող հորը» (22): Նոր Կտակարանում արդեն` Մատթեոսի Ավետարանում, Հիսուս Քրիստոս ծնողի համար դարձյալ օգտագործում է հայր բառը` ասելով. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ ետևից» (Մատթ. 19.4): Մարկոսի Ավետարանում Քրիստոս, հիշեցնելով Մովսեսի օրենքը, ասում է. «Ով որ չարախոսի իր հոր կամ մոր մասին, մահվամբ թող պատժվի» (7.10): Ղուկասի Ավետարանում օրենսգետներին դիմելով` Քրիստոս ասում է. «Ձեր հայրերը սպանեցին մարգարեներին» (11.47): Նաև առաքյալները Գործք Առաքելոցում և իրենց թղթերում բազմաթիվ անգամներ գործածում են հայր բառը: Սա ցույց է տալիս, որ Քրիստոս, ասելով` «ոչ ոքի հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է», նկատի ուներ, որ ոչ ոքի Հայր չկոչենք աստվածային բացարձակ իմաստով, այլապես Ինքը շատ անգամներ հայր բառը չէր օգտագործի: Կարծում ենք, որ այսքանը լիուլի բավական է թերահավատներին հաստատելու և հակառակվողների տգիտությունը ցույց տալու համար: Ահա տեսնում ենք, որ բացարձակ իմաստով արգելված է որևէ մեկին կոչել ուսուցիչ կամ հայր, սակայն որպես պատվանուն դրանք գործածել է և՛ Հայր Աստված, և՛ Որդին Աստված` Քրիստոս, և՛ առաջին մարդը` Ադամը, և՛ առաքյալները: Եվ այս ամենից մենք բոլորս միայն մեկ եզրակացություն կարող ենք անել` ոչ թե Եկեղեցին է խախտում Քրիստոսի պատվիրածը, այլ տարբեր աղանդավորներ մոլորեցնում են մարդկանց` գցելով շփոթության մեջ: Սա նշանակում է, որ աստվածային պատվիրանները ճշմարտությամբ ուսուցանում և մարդանց դեպի Երկնային Արքայություն է առաջնորդում միմիայն Ճշմարիտ Եկեղեցին, որին մենք բոլորս պետք է հավատարիմ մնանք մեր ողջ կյանքի ընթացքում:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից