Հոգին պետք է լինի առակի խաշնարածուհու պես, որը սիրահարված էր հովվին

Մի անգամ, երբ ես Կալիթեայում էի՝ ծերի մոտ, նրան ասացին, որ Աթենքում երեկո են կազմակերպում, որի ընթացքում պետք է ելույթ ունենա Սուրբ լեռան վանահայրերից մեկը։ Հայր Պորֆիրիոսն ասաց ինձ, որ շատ է ուզում աթոսյան օդը շնչել՝ նկատի ունենալով առաջիկա ելույթը։ Ծերի ընկերներից մեկի մեքենայով հասանք սուրբ Նիկողայոս վանքի մոտ, որտեղ էլ հավաքույթը պիտի լիներ։

Սրահը լեփ-լեցուն էր, և հիմնականում ուսանողներով։ Նախ ելույթ ունեցավ մի աստվածաբան, որը բավականին լավ շարադրեց հայրերի տեսակետը ժամանակակից խնդիրների վերաբերյալ։ Այնուհետև խոսք վերցրեց աթոսյան վանահայրը, և հոգևոր ոգևորությունը գագաթնակետին հասավ սրահում։

Երբ նա ավարտեց խոսքը, ուսանողներից մեկի մտքով անցավ խնդրել հայր Պորֆիրիոսին, որին նա տեսել էր մի անկյունում նստած, մի քանի խոսք ասել իրենց։ Մեծամասնությունը կողմ էր առաջարկությանը։

Հայր սուրբը շփոթվել էր։ Ասաց, որ ելույթ չի ունենում ժողովրդական հավաքներում, սակայն «ժողովրդի ձայնը» ստիպում է իրեն խոսել։ Նա շատ ցածր, հազիվ լսվող ձայնով ասաց․ «Ես ելույթ չեմ ունենում, այլ միայն աղաչում եմ Աստծուն լուսավորել իմ աշակերտին (նկատի ուներ ելույթ ունեցած վանահորը), որպեսզի Նա խոսք շնորհի նրան»։ Սակայն ունկնդիրները չցանկացան սահմանափակվել այդ խոսքերով և խնդրեցին էլի ինչ-որ բան ասել։

Այդժամ հայր Պորֆիրիոսը հարցրեց․ «Ինչի՞ մասին եք ուզում լսել»։ «Ինչպե՞ս կարող ենք այժմ ճշմարիտ քրիստոնեական կյանքով ապրել»,- պատասխանեցին հավաքվածները։ Եվ հայրը սկսեց շատ դանդաղ խոսել․ «Շատերն ասում են, որ քրիստոնեական կյանքը դժվար է ու ոչ հաճելի, սակայն ես կարծում եմ, որ այն թեթև է և ուրախալի, սակայն երկու բանի առկայության դեպքում՝ խոնարհության և սիրո»։ Ունկնդիրները, որոնցից շատերը գրառումներ էին անում իրենց նոթատետրերում, հարցրին․ «Իսկ ինչպե՞ս կարող ենք խոնարհություն ու սեր ձեռք բերել, հա՛յր»։

Այդ ժամանակ ծերը սկսեց խոսել առակներով, պատմողի՝ իրեն հատուկ անկրկնելի տաղանդով․ «Ձեզ մի պատմություն պատմեմ, որդյակնե՛ր։ Ժամանակով լեռներում մի խաշնարածուհի էր ապրում, որը ոչխարների էր պահում։ Ողջ օրը նա տքնում էր՝ հոգ տանելով հոտի մասին․ հանում էր՝ արածեցնելու, տանում ջրելատեղ, պաշտպանում վայրի գազաններից։ Երեկոյան նրանց նորից փարախն էր մտցնում, կթում ու թողնում մինչ առավոտ։ Երբ վրա էր հասնում գիշերը, և նրա ծնողները քնում էին, չնայած խիստ հոգնածությանը, նա թռչում էր փարախի ցանկապատի վարյով ու վազում մթության մեջ՝ անցնելով ժայռերի ու մացառների միջով, որպեսզի հանդիպի հովվին, որին սիրում էր։

Եվ երբ տեսնում էր նրան, երջանկանում էր՝ հաշվի չառնելով ո՛չ տքնաջան աշխատանքը, ո՛չ զոհողությունները, որ գործում էր հանուն այդ տեսակցության։ Ու թեև սիրեցյալի հետ հանդիպումն այդքան ջանքեր ու զոհողություններ էր պահանջում նրանից, նա ավելի երջանիկ էր դրանից։

Ներեցեք ինձ, որ ես՝ վանական լինելով, պատմում եմ ձեզ սիրահարների մասին։ Բայց այդպես եմ անում, որ դուք ավելի լավ հասկանաք այն, ինչ ուզում եմ ասել։ Այդպես էլ Քրիստոս պետք է լինի մեր հոգու սիրեցյալը, որպեսզի այն ուրախ լինի այնպես, ինչպես հովվին սիրահարված խաշնարածուհին։ Բայց ի՞նչ է մարդկային սերը աստվածայինի համեմատ։

Այն կեղծ է ու ժամանակավոր, իսկ աստվածային սերը ճշմարիտ է ու հավերժ։ Քրիստոսին սիրող հոգին միշտ ուրախ է ու երջանիկ, ինչ էլ որ պատահի նրան, ինչպիսի ջանքեր ու զոհեր էլ պահանջի այդ աստվածային սերը։ Ու որքան ավելի է նա ջանում ու զոհում հանուն իր սիրելի Քրիստոսի, այնքան ավելի մեծ երջանկություն է զգում։

Հոգին սիրում է Քրիստոսին, երբ ճանաչում է Նրան ու կատարում Նրա պատվիրանները։ Երբ հոգին սիրում է Քրիստոսին, նա սկսում է սիրել նաև մարդկանց․ չի կարող ատել նրանց։ Սատանան չի կարող մտնել Քրիստոսին սիրող հոգու մեջ։ Վերցնենք, օրինակ, մեր լսարանը, ենթադրենք, որ այստեղ հավաքված բոլորը լավ մարդիկ են։ Եթե հանկարծ խուլիգաններ հայտնվեն այստեղ և ցանկանան ներս մտնել, ապա չեն կարողանա, քանի ով սրահն արդեն լեփ-լեցուն է մեզանով։ Այդպես Քրիստոսով լցված հոգու մեջ չի կարող մտնել ու բնակվել բանսարկուն, որքան էլ ջանա, որովհետև նա այնտեղ չի տեղավորվի, այնտեղ ազատ տեղ չկա նրա համար։ Այդպես մենք կարող ենք քրիստոնեական ճշմարիտ կյանք վարել»։

Բոլոր հավաքվածները խորապես ազդվել էին ծերի պարզ, բայց խորաթափանց խոսքերից։ Այդ երեկոյից մի քանի օր անց ես կրկին այցելեցի հայր Պորֆիրիոսին Կալիթեայում։ Խոսակցության ընթացքում պատմեցի նրան, թե երիտասարդները և նրանք, ում հետո պատմում էին իրենց լսածը, ինչ մեծ բավականությամբ էին ընդունում նրա խոսքերը և խաշնարածուհու օրինակը։

Հայր սուրբն ուրախացավ իմ խոսքերից ու ասաց․ «Թող Աստծու օրհնությունը նրանց վրա լինի։ Դու գիտես, որդյա՛կ, որ ես հանդես չեմ գալիս լսարաններում ու ժողովներում։ Ես հարկադրված խոսեցի։ Գիտե՞ս, այդ խաշնարածուհին ինձ մոտ խոստովանության էր գալիս։ Ամեն ինչ այնպես է եղել, ինչպես պատմեցի։ «Հա՛յր,- հարցրի ես,- նշանակում է, որ այդ պատմությունն իրակա՞ն էր»։ «Դե, իհարկե»,- պատասխանեց հայր Պորֆիրիոսը։

Ես խիստ տպավորվել էի, թե հայրն ինչ հաջողությամբ էր իր այլաբանություններում գործածում առօրյա կյանքի իրադարձությունները, որպեսզի այդպիսով հասու դարձնի հավիտենության համար պայքարի մարտերը։

Խոսելով աստվածային սիրո և մարդու հանդեպ սիրո մասին՝ հայր սուրբը խոհեմամիտ էր և խուսափում էր աղանդավորների պես դրանք իրարից տարանջատելուց։ Նա չէր խոսում միայն աստվածային սիրո մասին, կամ միայն մարդկայինի, որովհետև առաջինի դեպքում մենք կհանգեինք հոգևոր առումով մարդուց օտարացմանը, հետո նաև Աստծուց, իսկ երկրորդի պարագայում հումանիստական օտարացմանը Աստծուց, իսկ արդյունքում նաև մարդուց։

Հայր սուրբը միշտ խոսում էր ուղղահայաց և հորիզոնական, խաչաձև հատվող գծերի ուղղափառ զուգորդման՝ Եկեղեցու մարմնում առկա սիրո մասին։ Նա սովորեցնում էր դրա մասին ոչ թե վերացական ուսուցումների տեսքով, այլ լիովին հստակ կերպով, յուրաքանչյուրի անձնական կյանքի գլխավոր իրադարձությունների օրինակներով։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

27.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․