25 Նոյեմբեր, Բշ
Փարիսեցիներն ու դպիրները շարունակ որոգայթ էին լարում Հիսուսի շուրջը, խարդախորեն ցանկանում էին Նրան հանցանքի մեջ բռնել: Իրենք իրենց խստակրոն օրինապահ ու արդար ձևացնելով, եկան Հիսուսի մոտ և ցանկանում էին իմանալ Նրա կարծիքը կայսրին տրվող հարկերի մասին: Բացահայտ որոգայթ էր պատրաստվում: Եթե Հիսուս ասեր, որ հարկ է տուրք տալ, նշանակում է Նա թշնամի է Իսրայելին, եթե ոչ՝ Նրան կարելի է տանել Պիղատոսի առջև՝ որպես Հռոմի դեմ հրահրիչներից մեկի: Նրանք, շողոքորթելով Ուսուցչին, սկսեցին առաջարկել.
- Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախոս ես և Աստծու կամքը ճշմարտությամբ ես ուսուցանում՝ առանց մտահոգվելու, թե ուրիշներն ինչ կասեն, որովհետև աչառություն չես անում: Ուրեմն ասա՛ մեզ, ի՞նչ ես կարծում, մեր Օրենքի համաձայն՝ կայսրին տուրք պե՞տք է տանք, թե՝ ոչ:
Նրանց կեղծավոր նենգությունը պարզ էր:
- Ինչո՞ւ եք Ինձ փորձում,- ասաց Հիսուս,- Ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ:
Հարցնողները, իսկույն գրպաններից հռոմեական մի դահեկան հանելով, ցույց տվեցին Հիսուսին: Դրա վրա կայսեր կիսադեմն էր և լատիներեն արձանագրված դրոշմագիր՝ «Տիբերիոս կայսր Օգոստոս, որդի աստվածային Օգոստոսի»: Հիսուս հարցրեց.
- Այս պատկերն ու արձանագրությունն ո՞ւմն է:
- Կայսրինը:
- Տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն:
Պատասխանը զարմացրեց նրանց, պապանձվեցին, լռեցին և ոչինչ չկարողացան անել: Որոգայթը չհաջողվեց լարել: Հիսուս նրանց դրեց անելանելի դրության մեջ (Մատթեոս 22:15-22):
Կարևոր է, որ յուրաքանչյուր ոք կարողանա ի վերուստ տրված ժամանակավոր այս կյանքը հավասարակշռել՝ կատարելով «տվեք կայսերը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Ղուկաս 20:25) ավետարանական պատվիրանը: Սակայն, «կայսերը՝ կայսեր» պատվերը քիչ թե շատ կատարվում է, իսկ «Աստծունը՝ Աստծուն» պատգամը գրեթե անտեսված է: Ռուս Եկեղեցու հայրերից՝ Սերաֆիմ Սարովսկին գրում է. «Պետք է ընթանանք միջին ճանապարհով՝ «չշեղվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ» (Առակներ 4:27) և հոգուն պիտի տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը, ինչը որ անհրաժեշտ է ժամանակավոր կյանքը պահելու համար»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչն է պատկանում Աստծուն, Ալեքսանդր Մենը պատասխանում է. «Աստծուն մարդ պետք է տա իրեն ամբողջությամբ»: Այս պարագայում ազատվում ենք «կայսեր թագավորության» ստրկությունից: Ի տարբերություն «կայսեր թագավորության», Աստծու թագավորության մեջ տիրում է կատարյալ ազատություն: Այս թագավորությունը սերմանում է վստահություն և հույսեր, այն ժառանգում են հաշտարարները, սրտով մաքուրները և ճշմարտության համար հալածվածները: Այնտեղ մխիթարվում են սգավորները, հարստանում են «հոգով աղքատները», հագենում են Ճշմարտությամբ: «Այս թագավորությունից հեռանալ, նշանակում է ընկնել, մահանալ, իսկ դեպի այն ընթանալ՝ նշանակում է հարություն առնել, վերադառնալ ապրելու, բնակվել այնտեղ՝ նշանակում է ապրել» (Ս. Օգոստինոս):
Ճիշտ է՝ Աստծու թագավորությունն այս աշխարհից չէ, այն բարձր է անցավորից, սակայն, միևնույն ժամանակ այն անբաժանելի է այն ամենից, ինչը կատարվում է այս աշխարհում: Եթե մարդ զանց առնի իր երկրային ծառայությունը, ապա դա դավաճանություն կլինի իր կոչմանը: Մյուս կողմից, նրանք, ովքեր բոլոր ուժերը ծառայեցնում են միայն նյութականին, նրանց սպասվում է անխուսափելի կործանում: Ուստի նախ խնդրե՛ք, որ Աստծու արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված ավելիով կտա ձեզ (Մատթեոս 6:33):
Գայանե Սուգիկյան