23 Դեկտեմբեր, Բշ
Հունիսի 24-ին սկսվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն` «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո:
Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը` պատվիրակությունների ուղեկցությամբ, ինչպես նաև Կաթոլիկ և Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչներ:
Ինքնաթիռի վայրէջքից հետո շարժասանդուղքի մոտ տեղի ունեցավ երկու առաքելահաստատ Եկեղեցիների Հովվապետերի եղբայրական ողջագուրումը, ապա Հռոմի Սրբազան Քահանայապետին ողջունեցին ՀՀ Նախագահը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Ազգային տարազներով երկու պատանիներ Ֆրանցիսկոս Պապին հայկական ծիրան և լավաշ մատուցեցին: Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Հռոմի Սրբազան Քահանայապետին ողջունեց միջնադարյան շարականների կատարմամբ: Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Գահակալին օդանավակայանում դիմավորեցին պատվո պահակախմբով, զինվորական նվագախմբով ու քայլերթով:
Այս ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին ներկայացրեցին պատվիրակությունների անդամներին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակության կազմում էին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի Միջեղեկեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Օդանավակայանում ՀՀ Նախագահի հետ կարճատև զրույցից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ու Հռոմի Սրբազան Քահանայապետը պատվիրակությունների ուղեկցությամբ մեկնեցին Ս. Էջմիածին:
Մայր Աթոռում երկու Հայրապետերին դիմավորեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը և պաշտոնեությունը: Այս առիթով Հայաստանից և
Սփյուռքից հայոց հոգևոր կենտրոն ժամանած բազում ուխտավորներ դրոշակներով և պաստառներով նույնպես ողջունեցին Ֆրանցիսկոս Պապին:
Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների հոգևորականներից կազմված հանդիսավոր թափորը, Մայր Տաճարի ավետաբեր ղողանջների և «Հրաշափառ Աստուած» շարականի երգեցողության ներքո, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հռոմի Սրբազան Քահանայապետին առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար:
Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվեցին Իջման Ս. Սեղանի առջև` համբուրելով գրակալի վրա դրված Ս. Ավետարանը և Երնջակի մասունքակիր Ս. Խաչը, ապա բարձրացան Մայր Տաճարի Ավագ Խորան, ուր Ս. Սեղանի առջև տեղի ունեցավ եղբայրական ողջագուրում:
Համատեղ սաղմոսասացությունից հետո Ֆրանցիսկոս Պապն ընթերցեց «Ի մէջ տաճարիս» աղոթքը, ապա Մայր Տաճարի երգչախումբը կատարեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը:
Այնուհետև Հռոմի Սրբազան Քահանայապետը «Պահպանեա զմեզ, Քրիստոս Աստուած մեր» աղոթքով օրհնեց տաճարում ներկա բարեպաշտ հավատավոր ժողովրդին:
Աղոթքից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապին ողջունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց.
«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: Խորապես զգացված ենք, որ Մեր հրավերին ընդառաջ՝ այցելեցիք Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հինավուրց այս տաճարը Աստծո հետ մեր ժողովրդի կնքած սրբազան ուխտի խորախորհուրդ վկայությունն է: Նվիրական այս սրբավայրում իջավ Հիսուս Քրիստոս և Իր Սուրբ Աջով հաստատեց Սուրբ Էջմիածինը՝ սրբություն սրբոցը համայն հայության: Աստվածային նախախնամությամբ հայոց երկրորդ Լուսավորիչ, առաքելապատիվ սուրբ Գրիգոր հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով նորոգվեցին սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ մեր ժողովրդի սրտում վառված հավատքի կանթեղները: Այդ օրից ի վեր Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միավորում է մեր ժողովրդին տապանակիր Արարատի շուրջ սփռված իր հայրենիքով, իր սրբություններով, իր պատմությամբ: Անչափ ուրախ ենք, որ այսօր միածնաէջ այս սուրբ տաճարում ի փառս Աստծո միավորվում են սուրբ Պետրոս և սուրբ Թադեոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալների Աթոռների գահակալներիս աղոթքները՝ հայցելով մեր հավատացելոց և ողջ աշխարհի համար խաղաղություն, սիրո ու եղբայրության ամուր ոգի և համագործակցության արգասավորում:
Այս պահին ջերմ զգացումներով ենք հիշում 2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան: Այն սուրբ Պետրոսի Աթոռի Գահակալի առաջին այցելությունն էր մեր երկիր, որը մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերություններում գործակցության նոր խթան հանդիսացավ: Մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների առավել սերտացման գործում նշանակալի ավանդ եք բերել նաև Դուք՝ Ձեր ծառայագործության հանգրվաններում առանձնակի ջերմություն դրսևորելով Հայ Եկեղեցու և մեր
ժողովրդի նկատմամբ: Ձերդ Սրբության այցելությունը նոր վկայություն է մեր Եկեղեցիների եղբայրության և գործակցության, որը երկուստեք զորացնում է հայ առաքելական ու կաթոլիկ հավատացյալներին և տոգորում լավատեսությամբ, որ մեր կյանքում առավել զգալի պիտի լինեն քրիստոնեական սիրով շաղախյալ մեր հավատքի վկայությունները:
Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Սուրբ Պետրոս Մայր Տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր հանդիսավոր պատարագը՝ ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառով: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր այստեղ Ձերդ Սրբության, Կաթոլիկ Եկեղեցու զավակների, Ձեր այցի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ հայորդյաց ու հայրենաբնակ մեր ժողովրդի հետ միասնաբար կարող ենք աղոթել և հայցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը, որոնց արյան վկայությունը ոչ միայն հայոց, այլ նաև քրիստոնեական ընդհանուր հավատքի հաղթանակի հավաստիքն է: Ինչպես առաքյալն է ասում՝ շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանում է ի փառս Աստծո (Հմմտ. Բ Կորնթ. Դ 15):
Հայոց ցեղասպանության և խորհրդային աստվածմերժության տարիների ավերներից հետո այսօր հայրենի անկախ պետականության պայմաններում մեր Եկեղեցին հոգևոր նոր զարթոնք է ապրում՝ ազատորեն իրականացնելով տերունավանդ իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Մեր Եկեղեցին նաև առավել մասնակցություն է բերում համաքրիստոնեական կյանքին՝ խորին համոզումով, որ աշխարհում առկա հոգևոր, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ճգնաժամերի խորացման այս ժամանակաշրջանում առավել քան կարևորվում է Քույր Եկեղեցիների միասնական աղոթքն ու գործակցությունը հանուն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորման, աշխարհում հոգևոր-բարոյական արժեքների պահպանման ու արժևորման, մերձավորի հանդեպ սիրո զորացման, որոնցով կյանքում կարող են մարմնավորվել ապահովության և բարօրության իրական արդյունքները:
Աղոթք ենք բարձրացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատունության և պայծառության, մեր Տիրոջ պարգևած սիրո ու հաճության ոգու տարածման և աշխարհում խաղաղության ու համերաշխ կյանքի ամրապնդման համար: Հայցում ենք Ձերդ Սրբությանը Տիրոջ զորակցությունը և մաղթում ընդ երկայն աւուրս քաջառողջ, արդյունազարդ գահակալություն՝ ի պայծառություն Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և ի մխիթարություն հավատացելոց:
Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը թող լինեն մեզ հետ և ամենքի. ամեն»:
Պատասխան ուղերձով հանդես եկավ Ֆրանցիսկոս Պապը.
«Մեծարգո Եղբայր,
Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս:
Հուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. և Աստծու թանկագին պարգևն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց
Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին, շնորհակալություն հայտնելով Ս. Էջմիածին այցելելու հաճելի հրավերի համար. Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին և Եպիսկոպոսներին, և շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ սրտագին և ցնծալի ընդունելության համար, որ ինձ պարգևեցիք: Շնորհակալություն Ձերդ Սրբություն, ինձ՝ Ձեր տանը հյուրընկալելու համար. սիրո այս նշանը բառերից շատ ավելի պերճախոս կերպով արտահայտում է, թե ինչ են նշանակում ընկերությունն ու եղբայրական սերը:
Այս հանդիսավոր առիթով Տիրոջը գոհություն եմ մատուցում ձեր երկրում վառած հավատի լույսի համար. Հավատ, որ Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը և նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց Ազգերի մոտ: Քրիստոս է Ձեր փառքը, Ձեր լույսը, արեգակը, որ Ձեզ լուսավորեց և նոր կյանք պարգևեց, որ Ձեզ ուղեկցեց և սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին: Խոնարհվում եմ Տիրոջ ողորմության առաջ, որ կամեցավ Հայաստանը լիներ առաջին Ազգը, 301 թվականից, ընդունելու Քրիստոնեությունը որպես իր կրոնը, այնպիսի ժամանակաշրջանում՝ երբ հռոմեական կայսրության մեջ դեռ բորբոքվում էին հալածաքները:
Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգև՝ ուրախությամբ ընդունելի և ժրաջանությամբ և ուժով պահպանելի: Ինչպես գրեց սուրբ Հովհաննես Պողոս Բ-ը, «հայ հասարակության «Մկրտությամբ» [...] ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնություն, որ հայ լինելու անբաժանելի և բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլևս անհնար է մտածել, որ տվյալ ինքնության բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հավատը, որպես էական բաղկացուցիչ» (Առաքելական նամակ հայ ժողովրդի մկրտության 1700 հոբելյանի առիթով [2 Փետրվար 2001], 2): Տերը թող օրհնի ձեզ՝ հավատի այս լուսավոր վկայության համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առավել քան հազար յոթ հարյուր տարի առաջ ընդունած Մկրտության հզոր արդյունավետությունն ու բեղունությունը, մարտիրոսության պերճախոս և սուրբ նշանով, որ ձեր ժողովրդի պատմության կայուն մասնիկն է դարձել:
Գոհություն եմ մատուցում Տիրոջը նաև այն ընթացքին համար, որ Կաթողիկե Եկեղեցին և Հայ Առաքելական Եկեղեցին կատարեցին եղբայրական և անկեղծ երկխոսության միջոցով, հասնելու համար լիարժեք կիսելու գոհության Սեղանը: Սուրբ Հոգին թող օգնի մեզ իրականացնելու այն միությունը, որի համար աղոթեց մեր Տերը, որպեսզի իր աշակերտները մի լինեն և աշխարհը հավատա: Ինձ հաճելի է հիշել այժմ, մեր երկու Եկեղեցիների միջև հարաբերությունների խորացման և երկխոսության ամրապնդման՝ վերջերս տրված վճռորոշ մղումը, Նորին Սրբություններ Վազգեն Ա-ի և Գարեգին Ա-ի և սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի և Բենեդիկտոս ԺԶ-ի կողմից: Համամիութենական այս ջանքերի հատկապես նշանակալից փուլերի շարքին հիշում եմ Ի դարու հավատի Վկաների հիշատակությունը, 2000 թվականի Մեծ Հոբելյանի շրջանակներում. Ձերդ Սրբության հանձնումը քրիստոնյա Հայաստանի Հոր՝ Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքից՝ Երևանի նորակառույց Տաճարի համար. Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի և Ձերդ Սրբության ստրոգրած համատեղ Հայտարարությունը՝ ճիշտ այստեղ, Սուրբ Էջմիածնում. ինչպես նաև Ձերդ Սրբության կատարած այցերը Վատիկան, կարևոր պահերի և հիշատակությունների առիթով:
Դժբախտաբար աշխարհը բաժանումներով և ընդհարումներով է խարանված, ինչպես նաև նյութական և հոգևոր աղքատության ծանր վիճակներով, ներառյալ մարդկանց, նույնիսկ երեխաների և ծերերի չարաշահումը, և ակնկալվում է քրիստոնյաներից փոխադարձ գնահատման և եղբայրական համագործակցության վկայություն, որպեսզի կրկին փայլի ամեն խղճի առաջ Քրիստոսի Հարության զորությունն ու ճշմարտությունը: Համբերատար և մշտանորոգ ջանքը դեպի լիարժեք միություն, համատեղ ձեռնարկների հզորացումը և ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների մեջև համագործակցությունը՝ նման են փայլակնացայտ լույսի՝ խավարամած գիշերվա մեջ, և կանչ է ապրելու սիրով և նույնիսկ տարբերությունների փոխըմբռնմամբ: Համամիութենական ոգին օրինակելի է դառնում նաև եկեղեցական հասարակության տեսանելի սահմաններից դուրս, և բոլորի համար ներկայացնում է մի զորավոր կոչ՝ տարակարծությունները հարթելու երկխոսությամբ և արժևորելով այն, ինչ միացնում է: Համամիութենական ոգին միաժամանակ արգելում է հավատի չարաշահումն ու շահարկումը, որովհետև պարտավորեցնում է հայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել և տարածել ճշմարտությունը՝ յուրաքանչյուր մարդկային էակի արժանապատվության պահպանմամբ, և այնպիսի ձևերով, որոնցից թափանցի այն սիրո և փրկության ներկայությունը, որ ցանկանում ենք սփռել: Այսպես, համոզիչ վկայություն ենք տալիս աշխարհին – որ նրա ահավոր կարիքն ունի –, թե Քրիստոս կենդանի է և գործուն, կարող՝ ազգերի, մշակույթների և կրոնների միջև միշտ նորանոր հաշտության ճանապարհներ բացելու: Վկայում ենք և հավատացնում, որ Աստված սեր է և գթասրտություն:
Սիրելի եղբայրներ, երբ մեր գործը ներշնչված է և մղված Քրիստոսի սիրո ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, ստեղծվում են լավագույն պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի, և միաժամանակ, մատնանշվում է յուրաքանչյուր բարի կամք ունեցող անձի և ամբողջ հասարակության՝ առարկայական երթևեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտությունները, որ պատառոտում են քաղաքակիրթ կյանքը և փորում են դժվար բուժվող բաժանումներ: Ամենակարողն Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, բարեխոսությամբ ամենասրբուհի Մարիամի, «սիւն լուսոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ» Գրիգոր Լուսավորչի և Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորիդ և ամբողջ Հայ Ազգը և միշտ պահպանի այն հավատի մեջ, որ ստացել է հայրերից և փառավոր վկայություն տվել դարեդար»:
Արձակման աղոթքից հետո, Հայրապետական մաղթերգի ներքո, եկեղեցականների թափորը ժողովրդին իրենց օրհնությունը բաշխող Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին և Ֆրանցիսկոս Պապին առաջնորդեցին Վեհարան: Այդ ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Սրբազան Քահանայապետը մի պահ կանգ առան նաև երջանկահիշատակ Վազգեն Ա և Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսների շիրմաքարերի առջև` իրենց հարգանքն ու խոնարհումը բերելով վերջիններիս պայծառ հիշատակին: Վեհարանի մուտքի մոտ երկու Հովվապետերը նաև ունկնդրեցին «Փարոս» կամերային երգչախմբի կատարումները:
Այցի օրերին Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Հովվապետը, հյուրընկալվելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, բնակվելու է Մայր Աթոռում:
Հրաշափառի արարողությանը ներկա էին աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու թեմերից ժամանած պատվիրակներ, պետական պաշտոնյաներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ և բազմահազար ուխտավորներ: