Հուլիանա և Վասիլուհի ծաղկահասակ սուրբ կույսերը

Քրիստոսի վկայուհին՝ Հուլիանե կույսը, ապրել է 3-4-րդ դարերում Փոքրասիական Նիկոմեդիա քաղաքում, Մաքսիմիանոս ամբարիշտ թագավորի օրոք: Հայրը նշանավոր հեթանոս էր և քրիստոնյաների թշնամի, սակայն մայրը բարեպաշտ էր և թույլ էր տվել իր աղջկան պատանի տարիքում ծածկաբար ընդունել քրիստոնեությունը: Երբ Հուլիանեն դառնում է 18 տարեկան, հայրը՝ ազնվական Ափրիկանոսը, որոշում է նրան կնության տալ Հուլիանեի նշանածին, ում հետ Հուլիանեին նշանել էին դեռևս մանուկ տարիքում, երբ 9-ը տարեկան էր: Վարքով գովելի Հուլիանեն մերժում է ամուսնանալ հեթանոս Ելևսիոս իշխանի հետ: Վերջինս շտապում էր ամուսնանալ Հուլիանեի՝ հրեշտականման գեղեցկություն և մեծ իմաստություն ունեցող աղջկա հետ: Երանելի սրբուհին, չցանկանալով հեթանոսի կինը դառնալ, պատրվակում է, թե ինքը ցանկանում է ամուսնանալ եպարքոսի (փոխարքայի) հետ միայն: Իսկ երբ Ելևսիոսը որոշ ժամանակ անց դառնում է Նիկոմեդիա քաղաքի եպարքոսը, Հուլիանեն բացահայտում է իր բուն նպատակը՝ քրիստոնեության պահանջ դնելով: Սրբուհին համաձայնվում է Ելևսիոսի կինը դառնալ միայն այն պարագայում, երբ եպարքոսը ևս կպաշտի այն Աստծուն, որ ինքն է պաշտում: Ելևսիոսը, այս տարօրինակ առաջարկը իմանալով, նեղված գնում է Հուլիանեի հոր մոտ և բողոքում: Հուլիանեի հայրն անակնկալի է գալիս, երբ լսում է իր աղջկա առաջարկը: Կանչում է դստերն իր մոտ, նախ հայրաբար խրատում է: Սակայն Հուլիանեն անդրդվելի էր իր հավատքի մեջ: Հայրը, սպառնալիքներով ու անգամ ծեծով չկարողանալով համոզել դստերը, նրան հանձնում է Ելևսիոսի դատական ատյանին: Եպարքոսն իշխանություն ուներ դատելու և դատապարտելու, սակայն երբ դատարանում տեսնում է Հուլիանեի անդիմադրելի գեղեցկությունը, թախանձում է նրան, որ փոխի իր միտքը: Ելևսիոսը նրան ասում է.

- Ես քո ցանկությունը կկատարեի, սակայն, եթե թագավորի ականջը հասնի այդ լուրը, ինձ մահվամբ կպատժի:

Ազնվական Հուլիանեն նրան պատասխանում է և ասում.

- Եթե դու այդպես սոսկում և զարհուրում ես ժամանակավոր և մահկանացու թագավորներից, որ միայն մարմինների վրա իշխանություն ունեն և ոչ հոգիների, ես ինչպե՞ս թողնեմ անմահին և բոլորի Թագավորին և ամենայն շնչավորների և հոգևորների Տիրոջը և ամուսնանամ Նրան անարգողի և ուրացողի հետ:

Ելևսիոսը կատաղությունից փրփրում է և ոխը հագեցնելու համար հրամայում է, որ նրան կախեն գլխի մազերից և այսպես մնում է երանելին մինչև երեկո, ապա հրամայում է բանտարկել: Մի քանի օր հետո եպարքոսը դարձյալ իր մոտ է կանչում Հուլիանեին՝ փորձելով նրան տարհամոզել, բայց սրբուհու պատասխանը նույնն էր.

- Ավելի դյուրին է, որ ապառաժը խոսի, կամ ծովի ձկները մինչև ամպերը թռչեն, քան քո խոսքերը կատարեմ:

Այստեղ ևս ոչ մի կերպ հնարավոր չի լինում Հուլիանեին համոզել: Նրան ստիպում են նաև զոհ մատուցել կուռքերին, ինչից նույնպես հրաժարվում է: Ուստի նրան ենթարկում են ամենասաստիկ չարչարանքների: Տեսնելով նրա չարչարանքները՝ 500 տղամարդ և 130 կանայք հավատում են Քրիստոսին և գլխատվում: Նրանցից հետո գլխատվում է նաև Հուլիանեն: Սոփիա անունով բարեպաշտ մի կին Հուլիանեի մարմինը վերցնում ու ամփոփում է:

Բռնավոր Ելևսիոսը գտնում է իր արդար պատիժը: Երբ նավարկում էր, փոթորիկ է բարձրանում և նավը խորտակվում է: Թեպետ նա ազատվում է և կղզում ապաստանում, սակայն այնտեղի գազանները նրան ողջ-ողջ հոշոտում են:

Հուլիանեի մարտիրոսությունը տեղի է ունեցել 4-րդ դարի սկզբում:

 

Վասիլուհին նույնպես նիկոմեդացի է և ապրել է 3-4-րդ դարերում: Նա քրիստոնյա ծնողների զավակ էր, սակայն, մանուկ տարիքում որբանում է: Դիոկղետիանոսի քրիստոնյաների դեմ հարուցած հալածանքների շրջանում 4-րդ դարի սկզբում, երբ Վասիլուհին 9-ամյա աղջիկ էր, սակայն անվախորեն և բացահայտ հայտարարում էր իր քրիստոնյա լինելը, նա ևս ձերբակալվում է: Նրանից պահանջում են ուրանալ քրիստոնեությունն ու կուռքերին զոհ մատուցել: Երանելի Վասիլուհին մերժում է՝ ասելով. «Սնվել եմ քրիստոնեությամբ և Քրիստոսի սպասուհին եմ և Նրա հարսը և սպասում եմ անապական զգեստներին, անմահ Փեսային ու մշտնջենավոր հարսանիքին: Եվ չեմ կամենում զոհ մատուցել դևերին, նույնիսկ եթե հազարավոր տարբեր-տարբեր տանջանքների ենթարկես ինձ»: Անգամ դաժան չարչարանքները նրա վրա ոչ մի ազդեցություն չեն թողնում: Քաջարի աղջնակը չէր դադարեցնում օրհնաբանությունը և Աստծու զորությամբ շարունակում էր ապրել: Նրա արիությունից ազդված՝ Ալեքսանդրոս դատավորը, ինքն էլ է հավատում Քրիստոսին, ազատ արձակում Վասիլուհուն և մկրտվում Անտոնիոս եպիսկոպոսից: Այնուհետև կարճ ժամանակ անց ապաշխարության կյանք ապրելուց հետո՝ վախճանվում է: Իսկ Վասիլուհին, չարչարանքներից ազատվելով, գնում է քաղաքից դուրս գտնվող մի վայր և մի վեմի մոտ բնակություն հաստատում: Աղոթքներով ապրում է միայն մի քանի օր և իր մաքուր հոգին 309թ-ին խաղաղությամբ ավանդում Տիրոջ ձեռքը:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

28.11.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․