23 Դեկտեմբեր, Բշ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղի դահլիճում հանդես եկավ համերգային ընդգրկուն ծրագրով:
«Զարթիք փառք իմ» շարականի երգեցողությամբ «Զորավոր մանկունք»-ը մուտք գործեց դահլիճ՝ ազդարարելով ելույթի սկիզբը: Հանդիսատեսը՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, համակ ուշադրությամբ և հիացած ունկնդրում էր հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության անգին գոհարները: Երգչախումբը հոգևոր երգի ակունքից հնչեցրեց Սբ. Մեսրոպ Մաշտոցի «Բազում են քո գթութիւնքդ» շարականը, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանի մշակմամբ՝ Մովսես Խորենացու «Մեծացուսցէ»-ն, դանդաղ և արագ ավետիսները, կոմիտասյան մշակումներից շարականներ, Սբ. Պատարագից հատվածներ՝ «Այսօր ձայնն հայրական», «Տեր ողորմեա»-ն, «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ», «Զանճառելի լուսոյ մայր», ժողովրդական երգերից՝ «Երկինքն ամպել ա», «Առնեմ էրթամ իմ յարը», «Ալյագազ և խնկի ծառ», «Մարոն ա կայնե», նաև Աստվածամորը նվիրված շարականներ: «Զարթիք փառք իմ» շարականի երգեցողությամբ էլ ավարտվեց «Զորավոր մանկունք»-ի ելույթը:
Հագեցած օրն իր ներդաշնակ և հոգեշինիչ երաժշտությամբ հոգևոր բերկրանք էր պատճառել թե՛ «Զորավոր մանկունք»-ին և թե՛ ունկնդիրներին:
«Զորավոր մանկունք»-ից Ինեսա Փիլոյանը (13տ.) դեռ մանկուց երազել է հոգևոր երգեր կատարել, և այսօր նա մեծ ուրախություն է ապրում, քանի որ իր երազանքը կատարվել է. «Հոգևոր երգերը սկսեցի սիրել, երբ ուսումնասիրեցի մեր եկեղեցու պատմությունը: Ամեն անգամ շարականներ կատարելով՝ ես ավելի եմ մոտենում Աստծուն, զգում եմ, թե երգելիս ինչպես է բոլորիս վրա իջնում Աստծո օրհնությունը: Հաճախակի նաև մասնակից եմ լինում Սբ. Պատարագի արարողությանը»:
Ինեսայի մայրիկը ևս շատ ուրախ է, որ իր աղջիկը «Զորավոր մանկունք» երգչախմբում է երգում, իսկ երեխաներին օրվա առթիվ ցանկացավ անհոգ մանկություն, երջանկություն և խաղաղություն:
«Զորավոր մանկունք» երգչախմբում երգելով՝ Մարիա Խզմալյանը (9տ.) երգի միջոցով բացահայտել է իրեն հարազատ մի աշխարհ՝ հոգևոր աշխարհը: Երգչախմբի փորձից առաջ նա ամեն անգամ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի մտնելով, աղոթում է ողջ աշխարհի խաղաղության համար: Մարիան իր հասակակիցներին մաղթեց, որպեսզի բոլորն իրենց կյանքում գտնեն Աստծուն և ծանոթանան ու երգեն մեր հոգևոր երգերը՝ շարականները:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նշեց, որ յուրաքանչյուր ծնող, երեխային քրիստոնեաբար դաստիարակելով, դառնում է Աստծո տաճարի շինարարը. «Մեր երեխաները մեր կյանքի աստվածային սիրո կնիքն են, և հոգևոր երգը դեպի Աստված տանող այն ճանապարհն է, որով քայլում են մեր երեխաները: Այդ ճանապարհին նրանք լսում են Աստծո խոսքը, զգում Նրա սերը, ներկայությունը և օրհնությունը: Ուրախ եմ, որ մեր ծնողներն ունեն հոգևոր երգով իրենց երեխաներին քրիստոնեաբար կրթելու բարձր գիտակցությունը, քանի որ միտքը կրթելուց զատ չպետք է անտեսել նաև սիրտը, որը կյանքի աղբյուրն է և ուր պետք է միշտ վառ պահել աստվածային սերը»:
Կարինե Սուգիկյան