Գրքեր

Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ...

Ծննդոց գիրքը պատմում է, թե ինչպես, երբ մեղքն աշխարհ մտավ, մեղքի հետ նաև՝ մահը, մարդկային բնությունը կորցրեց աստվածապարգև խաղաղությունը՝ լցվելով խռովությամբ ու թշնամությամբ: Սակայն Քրիստոսի փրկագործ տնօրինությամբ խաղաղություն հաստատվեց երկնքի և երկրի միջև: Այս էր, որ երգում էին հրեշտակների անմարմին դասերը. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:14): Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մոտենալով արդեն չարչարանքներին, ի թիվս այլ խրատների, նաև հետևյալն է ուսուցանում. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք» (Հովհ. 14:27): Երանելի՜ է մարդը, որ Քրիստոսով ոչ միայն վերագտավ կորցրած խաղաղությունը, այլև հաստատվեց աստվածային խաղաղության մեջ՝ արժանանալով Աստծո որդի լինելու շնորհին, ինչպես Տերն է ասում. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5:9): Իսկ սբ Հովհաննես առաքյալն ավելացնում է. «Տեսեք՝ ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ» (Ա Հովհ. 3:1): «Եվ եթե որդիներ ենք, ապա և՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու և ժառանգակիցներ Քրիստոսի» (Հռոմ. 8:17): Ուրեմն ամեն ոք, ով խաղաղարար և խաղաղասեր է, Աստծու որդի է կոչվում: Քրիստո՛սն է մեր խաղաղությունը, Ով Իր կյանքը մեզ որպես օրինակ ապրեց՝ պատվիրելով լինել հեզ և սրտով խոնարհ և ոչ՝ խռովարար, որովհետև խռովարար ու խռովասեր մարդը, ով մարդկանց դրդում է խռովության ու կռվի, սատանայի որդի է կոչվում: Քրիստոսի պարգևած խաղաղությունը վեր է ամեն տեսակ մարդկային մտքից և իմացումից (տե՛ս Փիլ.4:7), և դժբախտ է այն մարդը, որը չի ճաշակել այդ խաղաղության քաղցրությունը, չունի հոգու խաղաղություն, ապրում է խռովքի, անհանգստության, տագնապների ու անհասկանալի վախերի մեջ, քանզի նրա սրտում դեռ տեղ չի գտել աստվածային խաղաղությունը, նրա սրտում տեղ չկա խաղաղության Իշխանի համար: Եկեղեցու հայրերը նշում են նաև, որ Քրիստոսի պարգևած խաղաղությունը որևէ առնչություն չունի այս աշխարհի նյութական բարիքների, ունեցվածքի հետ, որովհետև մարդը կարող է աղքատ և չքավոր լինել, սակայն Քրիստոսի խաղաղությունն ունենալով իր հոգում՝ իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդը համարել: Սակայն հաճախ տագնապային, անհանգիստ, նույնիսկ հուսահատական վիճակում են հայտնվում աստվածհայտնության քաղցրությունն ապրած շատ քրիստոնյաներ, ովքեր կյանքի ինչ-ինչ իրավիճակներում կորցնում են իրենց խաղաղությունը՝ մատնվելով անհուսության: Ի՞նչն է պատճառը. մի՞թե կյանքի հասցրած հարվածներն ու փորձությունները կարող են խաթարել քրիստոնյայի հոգում հաստատված աստվածային խաղաղությունը: Այս առնչությամբ սբ. Մակար Մեծն ասում է. «Քրիստոնյաները, զգեստավորվելով Սուրբ Հոգով, լինում են խաղաղության մեջ: Եթե անգամ պատերազմ է սկսվում դրսից, կատաղում է սատանան, ապա նրանք ներքուստ պարսպված են Տիրոջ զորությամբ և չեն տագնապում սատանայի հարձակումից»: Սրբի խոսքից կարելի է եզրակացնել, որ վերը նշված իրավիճակներում իրենց խաղաղությունը կորցրած մարդկանց սրտում Քրիստոսի խաղաղությունն ամուր չէր հաստատված, և այս աշխարհի փորձությունների քամիները կարողացան այն սասանել: Անշուշտ, խիստ դժվար է կյանքում ինչ-ինչ իրավիճակներում չխռովվել, անարդարությունների դեմ չընդվզել, հարազատի կորուստն առանց խռովքի ու տրտմության տանել, սակայն աստվածային լույսը, Սուրբ Գրքի ճշմարտություններն ու Քրիստոսի խաղաղությունն իր սրտում ճշմարտապես կրող մարդն այդ ամենի արդյունքում ոչ միայն չի կորցնի իր խաղաղությունը, այլև հիշելով մեր փրկության համար Քրիստոսի կրած չարչարանքները, Իրեն անարգողների առջև Նրա ցուցաբերած հեզությունն ու խաղաղությունը՝ Տիրոջ օրինակով կկարողանա դիմակայել ամենածանր դժվարություններին և փորձություններին, չէ՞ որ գիտի, որ «եթե Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին», նաև՝ «այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. 8:17-18): Նա, ով իր ողջ հոգով և էությամբ կրողն է Քրիստոսի խաղաղության, կարողանում է նաև փոխանցել այն իր հետ շփվող մարդկանց: Այդպիսիներին Տերը երանի տվեց՝ ասելով. «Երանի՜ խաղաղարարներին...»: Խաղաղարարը Քրիստոսի պատկերն ու ներկայությունն է այս աշխարհում: Այդպիսի մարդու հետ շփվելիս և հաղորդակցվելիս մարդկանց հոգիները հիրավի խաղաղվում են: Աստվածային խաղաղությունը փոխանցելը մեծագույն շնորհ է, աստվածային առաքինություն: Անշուշտ, ոչ ոք չի կարող փոխանցել խաղաղությունը մեկ ուրիշին, եթե ինքը չունի այն: Ուրեմն նախ հարկ է փնտրել, գտնել և պահել այդ խաղաղությունը, որը, ինչպես արդեն ասվեց, Քրիստոսով է տրվում մարդուն: Ս. Պողոս առաքյալն իր թղթերում հորդորում է խաղաղություն հաստատել միմյանց միջև, չլինել կռվարար, այլ հեզահամբույր լինել, բոլոր մարդկանց վերաբերվել քաղցրությամբ. «Ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք...» (Հռոմ. 12:18): Նաև՝ «Արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփես. 4:26): Այս կերպ վարվելով՝ ճշմարտապես կլինենք Աստծո որդի և Քրիստոսի նման խաղաղարար, ինչպես Խոսրով Անձևացին է գրում. «Խաղաղություն հաստատենք և՛ մեր անձերում, և՛ Աստծո, և՛ մարդկանց հանդեպ: Քանզի նախ Նա՛ խաղաղություն հաստատեց Իր խաչի արյամբ և այժմ մեզնից նույնն է պահանջում: Իսկ ինչպե՞ս է այս լինում. երբ սիրենք միմյանց, երբ տանենք միմյանց բեռները, երբ ընկերոջ կարիքները սեփական անձինը համարենք, երբ լաց լինենք լացողների հետ և խնդացողների հետ զվարճանանք, երբ վերացնենք մեր միջից թշնամությունը և լինենք Աստծո որդիներ և Քրիստոսի նման խաղաղարար»:

Խնդրենք Աստծուն, որ խաղաղեցնի մեր խռովված հոգիները՝ պարգևելով մեզ Իր փրկարար խաղաղությունը:

 

Անժելա Խաչատրյան

27.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․