Ծեր քարի մեռնելու ժամանակը հասավ: Նրան, իր նման մյուսների հետ, բեռնատարի մեջ բարձեցին ու քարաջարդ կայան տարան՝ խճաքար դարձնելու: Գնում է քարն ու իր երկար կյանքի մասին հիշում: Իսկ հիշելու շատ բան կա. նա և՛ ծովի հատակին էր եղել, և՛ լեռների կատարներին: Երկրաշարժները, սառցադաշտերը, սողանքներն իրենց բծավոր հետքերն էին թողել նրա կողերին: Իսկ մի հրաբուխ կվարցի մի մեծ կաթիլ էր թողել նրա միջնամասում՝ ի հիշատակ իրեն: Բողոքելը մեղք կլիներ, նա երկար կյանք էր ապրել և դժվար թե նրանից մեծ մեկը գտնվեր երկրի երեսին: Բայց մեռնել չէր ուզում…
Եվ հանկարծ քարը նկատեց, որ իր հարևանները, որոնք նույնպես չէին ցանկանում մեռնել, սկսեցին մեքենայից դուրս թափվել: Նա նույնպես սկսեց մեքենայի կողին մոտենալ: Վարորդն էլ այնպես էր քշում, որ ողջ բեռն այս ու այն կողմ էր ցատկոտում:
- Հե՜յ,- ձայն տվեց ճամփով անցնող ծերունին,- ո՞ւր ես այդպես շտապում:
- Եկեղեցի ենք կառուցում,- պատասխանեց վարորդը,- շտապ խճաքար է պետք, թե չէ ողջ աշխատանքը կանգ կառնի:
- Այդ դեպքում շտապիր: Եկեղեցին Աստծո տունն է: Ինչպես հարկն է ջանք թափեք, քանի որ հավիտենական դարերի համար եք կառուցում:
Քարը լսեց սա: Եվ չնայած որ արդեն մոտ էր եզրին, կանգ առավ, ու մի ապահով վայր գլորվեց, որպեսզի նույնիսկ հանկարծակի դուրս չընկնի մեքենայից:
Շատ էր ուզում Աստծո տուն ընկնել՝ ոչ թե ինչ-որ խղճուկ միլիոն տարվա համար, այլ՝ հավիտյանս:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի