«Երջանիկ լինել Աստծով, նշանակում է. սիրել, ինչպես Նա է սիրում, օգնել, ինչպես Նա է օգնում, տալ, ինչպես Նա է տալիս, ծառայել, ինչպես Նա է ծառայում»,- ասել է Մայր Թերեզան: Այս խոսքերը դեպի իրական երջանկություն տանող իրական ճանապարհ են հանդիսանում՝ դարավոր փորձառությամբ հաստատված ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը (Գործք Առաքելոց 20:35): Եվ իրապես այս պատգամն իրագործողի սիրտն անմիջապես լիանում է երջանկության մի զգացումով, որ աստվածատուր է և անկորնչելի:
Համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք հեղինակներ ևս մատնանշել են իրական երջանկության ճանապարհը. «Ամենաերջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պարգևում մեծ թվով մարդկանց» (Դենի Դիդրո), «Մարդն իր երջանկությունը մեծացնում է այն չափով, ինչ չափով այն տալիս է ուրիշներին» (Ի. Բենթամ):
Սեպտեմբերի 7-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական տնայցը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, փոխադարձաբար երջանկություն էր պարգևել և՛ համայնքին, և՛ Տերտերյան ընտանիքին: Տերտերյան Թերմինեն (31 տ.), իր երկու զավակների՝ Թագուհու (13 տ.) և Արսենի (10 տ.) հետ, բնակվում է Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 576 տնակում, որ երեք սենյակներից է բաղկացած և զուրկ է տարրական պայմաններից: Թերմինեի ամուսինը մահացել է հինգ տարի առաջ, դժբախտ պատահարի արդյունքում: Ընտանիքի մայրն առողջական խնդիրների պատճառով միայն ժամանակ առ ժամանակ է աշխատում և ամենօրյա հոգսերն ու կարիքները փորձում է քիչ թե շատ հոգալ ընտանեկան նպաստի և երեխաներին հատկացվող թոշակի գումարներով:
Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար): Թերմինեն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, աջակից անձին և համայնքին:
Կարինե Սուգիկյան