Մի կենսուրախ երիտասարդ գնաց հոր մոտ և ասաց.
- Հայրի՛կ, ուրախացիր ինձ հետ, քանի որ համալսարան եմ ընդունվել: Իրավաբան եմ դառնալու: Վերջապես գտա երջանկությունս:
- Շատ լավ է, որդի՛ս,- պատասխանեց հայրը,- նշանակում է այժմ ուզում ես ջանասիրաբար սովորել: Իսկ հետո ի՞նչ ես անելու:
- Չորս տարուց դիպլոմս գերազանցությամբ կպաշտպանեմ և կավարտեմ համալսարանը:
- Իսկ հետո ի՞նչ,- չէր նահանջում հայրը:
- Հետո շատ կաշխատեմ, որպեսզի հնարավորինս շուտ ինքնուրույն փաստաբան դառնամ:
- Իսկ հետո՞:
- Հետո կամուսնանամ, ընտանիք կկազմեմ, երեխաներիս կմեծացնեմ, կօգնեմ նրանց կրթություն և լավ մասնագիտություն ստանալ:
- Իսկ հետո՞:
- Հետո վաստակած հանգստի կանցնեմ՝ ուրախանալով զավակներիս երջանկությամբ և վայելելով խաղաղ ծերությունս:
- Իսկ հետո ի՞նչ է լինելու:
- Հետո՞,- մտասուզվեց մի պահ երիտասարդը:- Դե ոչ ոք հավերժ չէ աշխարհիս երեսին: Հետո երևի բոլորի պես կմեռնեմ:
- Իսկ հետո ի՞նչ պիտի լինի, թանկագի՛ն զավակս, հետո՛,- հարցրեց ծերունի հայրը:
Որդին ավելի խորը մտասուզվեց և անվստահորեն ասաց.
- Շնորհակալ եմ, հա՛յր: Հասկացա: Մոռացել եմ գլխավորը…
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը