23 Նոյեմբեր, Շբ
Հունական վանքերից մեկում ընդունված էր ծանր աշխատանքի դիմաց մի փոքր գումար տալ եղբայրներին: Վանականները եղբայրներ են կոչվում, քանի որ մեծ ընտանիքի պես են ապրում վանքում: Շատ վանականներ ցանկանում էին շատ աշխատել, որպեսզի ստացած գումարն աղքատներին բաժանեն: Միայն մի վանական կար, ով այլ կերպ էր վարվում: Ոչ ոք երբևէ չէր տեսել, որ նա գոնե մի աղքատի ողորմություն տար: Եվ նրան Ժլատ անվանեցին: Տարիներն անցնում էին և ամեն ինչ նույնն էր մնում: «Համա՜ թե ժլատն է»,- մտածում էին մյուս վանականները: Բայց եկավ Ժլատ կոչված վանականի մյուս կյանք փոխադրվելու ժամանակը, և նա մահացավ: Երբ հարակից գյուղերում իմացան Ժլատի մահվան մասին, բոլոր բնակիչները դեպի մենաստան ուղևորվեցին՝ ննջեցյալին հրաժեշտ տալու: Բոլորը սգում էին Ժլատի մահը, իսկ եղբայրները շատ էին զարմացել:
- Այդ մարդը ձեզ ի՞նչ լավ բան է արել: Ինչո՞ւ եք սգում նրա մահը,- հարցրեցին նրանք:
Գյուղացիներից մեկը պատասխանեց.
- Նա ինձ փրկեց:
Մյուսը ավելացրեց.
- Ինձ նույնպես:
Գյուղացիները օր ու գիշեր աշխատում էին, որպեսզի կերակրեին իրենց երեխաներին: Բայց առանց եզի դժվար է հողը վարել, իսկ եթե ընտանիքում եզ կար, ապա երեխաներն արդեն առանց հացի չէին մնում: Եվ ահա, Ժլատ կոչված վանականը փողը հավաքում էր և ամենաաղքատ ընտանիքների համար եզներ գնում: Այդպես նա փրկում էր նրանց սովից և չքավորությունից: Որքա՜ն էին զարմացել բոլոր նրանք, ովքեր վանականին ժլատ էին համարում:
Ինչպե՞ս կարելի է առանց իմանալու հետևություններ անել: Չէ՞ որ Քրիստոս ասաց. «Մի դատեք»:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի