Հիսուսի փրկչական գործունեության սկիզբը նշանավորվեց Կանայում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ջուրը գինուն փոխակերպելով: Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների և հայտնեց Իր փառքը: Անդրադառնալով Հիսուսի այս առաջին հրաշագործությանը՝ Հովհաննես ավետարանիչը գրում է, որ այդ հարսանիքին Հիսուս աշակերտների հետ էր, հրավիրված էր նաև Տիրամայրը: Հարսանիքի ժամանակ, երբ Տիրամայրը մտահոգվում է, որ գինին պակասում է, Հիսուս ծառաներին պատվիրում է քարե վեց սափորանման ամանները՝ թակույկները, լցնել ջրով: Երբ թակույկները բերնեբերան լցնում են ջրով, Հիսուս ծառաներին ասում է. «Հիմա վերցրեք և տարեք սեղանապետին»: Սեղանապետը, որ տեղյակ չէր կատարված հրաշքից, խմելով, փեսային ասում է. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում և երբ հարբած է, այն ժամանակ՝ վատը, իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»:
Ավետարանական այս պատմության հետևողությամբ քրիստոնեական արվեստում պատկերվում է այս դրվագը, որի պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. գործողությունների կենտրոնում Քրիստոսն է, մի դեպքում սեղանի մոտ Տիրոջ կողքին նստած են հարսանքավորները, մյուս դեպքում՝ առաքյալները, որոնցից մի քանիսը Հիսուսի հետ էին արդեն Կանայում և սեղանի մոտ նրանք առանձին խումբ են կազմում: Նրանց գլխավերևում սովորաբար գրվում է առաքյալքն կամ աշակերտք: Սեղանին խորհրդանշական ձևով շարված են ափսեներ: Սովորաբար փոխակերպումը խորհրդանշելու համար պատկերվում է այն պահը, երբ Քրիստոս օրհնում է իրեն պարզված բաժակը: Այս խմբի պատկերներում Հիսուսի կողքին կամ Տիրամայրն է կամ առաքյալների խումբը: Կենտրոնում փեսան է հարսի կամ գինու մատակարարմամբ մտահոգ սեղանապետի և կամ փեսեղբոր հետ, իսկ մյուս կողմում հարսանքավորներն են ու երաժիշտները: Առանձին դեպքերում հարսն ու փեսան ընդհանրապես բացակայում են կամ կենտրոնում չեն: Նման նկարներում ողջ ուշադրությունը կենտրոնացված է հրաշք կատարող Քրիստոսի վրա:
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու Կանայի հարսանիքը ներկայացնող պատկերի վերին մասում Քրիստոսն ու մի քանի հյուր են նստած սեղանի շուրջ: Քրիստոսի հետևում կանգնել են երկու սպասավոր՝ բաժակները ձեռքներին: Ձախ կողմից խրախճանքների պետը նայում է սպասավորին, որը ջուր է հոսեցնում ջրավազանի մեջ: Աջից, գետնին ծալապատիկ նստած և ձեռքներին գինու բաժակ բռնած երկու մարդկանցից մեկը գլխին թագ է կրում:
Հնադարում, սովորաբար միայն հրաշքն էր ներկայացվում, երբ Քրիստոսն իր գավազանը մոտեցնում էր ջրամանին, իսկ երբեմն ներկայացվում էր նաև սպասավորը՝ ջուր լցնելիս: Հետագայում, քրիստոնեական արևելքի արվեստագետներն ավելացրին խրախճանքի տեսարանը, բայց միաժամանակ շարունակում էին Քրիստոսին պատկերել ջուրը գինու վերածելիս: Աղթամարում հրաշքը թելադրված է, բայց ըստ էության պատկերված չի, որովհետև, երբ սպասավորը խնջույքի պետի հսկողությամբ ջուրը հոսեցնում է գինու սկիհի մեջ, Քրիստոսը սեղանի առջև նստած է մնում: Կոմպոզիցիայում տիրապետողը հենց խնջույքն է: Մենք տեսնում ենք ոչ միայն սեղանի շուրջ հավաքված հյուրերին և նրանց սպասարկող մատուցողներին, այլև, առաջին պլանում, ծալապատիկ նստած, գինու բաժակը ձեռքերին, ժամանակակից տարազով երկու տղամարդկանց՝ ճիշտ արևելյան ճակատի որթաքանդակի կենտրոնում ներկայացված թագավորի նման: Խմող տղամարդկանց այս խումբը երևում է հայկական ձեռագրերում և գրեթե միշտ այն ձեռագրերում, որոնք նկարազարդված են Վանա լճի շրջակայքում:
Հիսուսի առաջին հրաշագործությունը ներկայացնող մանրանկարին Հովհաննես Խիզանցին փորձել է ժանրային թեթևակի շունչ հաղորդել: Պատկերի ընդհանուր հորինվածքը նա բաժանել է երեք անհավասար մասերի: Վերին հատվածում Հիսուսն ու Աստվածամայրն են, փեսան ու փեսեղբայրը, միջնամասում՝ սեղանապետն ու հարսանիքի մյուս մասնակիցները, ստորին հատվածում՝ մատռվակներն ու թակույկները: Թեև նրանց բոլորի դասավորվածությունը հորիզոնական է, սակայն նկարչին հաջողվել է ստանալ բավական աշխույժ մանրանկարչական հորինվածք: Դա ստացվել է կերպարների դեմքերի փոխադարձ ուղղվածության, գլուխների թեքվածության, ձեռքերի զանազան շարժումների, նստած, ծալապատիկ և ծնրադիր դիրքերի շնորհիվ:
Մանրանկարի առանցքային կենտրոնը վերնամասն է, այստեղ է ընթանում այն հարց ու պատասխանը, որի արդյունքում տեղի է ունենում հրաշքը՝ ջուրը վերածվում է գինու: Հովհաննես Խիզանցին դա ցույց է տալիս մանրանկարի ստորին մասում: Պատկերված վեց թակույկներից երեքն անգույն են, իսկ մյուս երեքը՝ վարդագույն: Մատռվակներից մեկը կապույտ սափորով ջուրը լցնում է դրանց մեջ, որն էլ վերածվում է գինու: Գինին վայելում է միջնամասի խումբը, նրանցից մեկն արդեն հարբած է: Խիզանցին ոչ միայն պատկերում է նրան վիճակին համապատասխան դիրքով, այլև նրա գլխավերևում գրում է. «Ննջէ խարբածս»: Այդ կերպարով էլ Հովհաննես Խիզանցին կենցաղային մոտիվը ներմուծում է կանոնիկ պատկերի ոլորտ:
17-րդ դարի սկզբում Նոր Ջուղայում Հակոբ Ջուղայեցու նկարազարդ Ավետարանի մանրանկարում քարե թակույկները գտնվում էին ոչ թե հարսանքասրահում, այլ տան ներքևում՝ կից շինությունում: Պատմողական, նկարագրական բնույթի նկարներում Հիսուս հարսանքատան դրսում է՝ թակույկների մոտ՝ դրանք օրհնելիս: Այստեղ օրհնությունը կատարվում է կամ ձեռքով, կամ էլ ձեռքի բարակ գավազանով: Այս գավազանն առաջին հերթին խորհրդանշում է Մովսեսի գավազանը, որով անապատում ջուր բխեցվեց և նույն գավազանի հարվածով Կանայում ջուրը գինի դարձավ:
1392 թ-ին Վասպուրականում նկարազարդված Ավետարանի եռամաս մանրանկարում աստիճանական ընթացքով է ներկայացվում ջրի գինու փոխարկումը: Մանրանկարի ներքևում վեց թակույկներ են, որոնց մեջ երկու ծառաներից մեկը սափորով ջուր է լցնում, մյուս կողմում գտնվող երկրորդ ծառան բաժակով ջուրը վեր է փոխանցում, որն այնուհետև Հիսուս օրհնելու և վերածելու էր գինու: Երկրորդ աստիճանին պատկերվում են հարսանքավորները, կենտրոնում սեղանապետն է: Որպեսզի շեշտվի, թե հարսանիքի վերջն է, հարսանքավորներից մեկին մանրանկարիչը պատկերել է հարբած, որը նկարում արտահայտվել է նրա կիսաթեք դիրքով և գլուխը կողքին հենած: Նրա գլխավերևում գրված է «ննջէ խարբածս»: Բուն օրհնությունը ներկայացվում է նկարի վերին մասում: Պատկերագրական այս կառուցվածքն ունեցող նկարներում օրհնության բաժակը պահողը ուղիղ է նայում, սակայն թվում է, թե հայացքը միաժամանակ և աջ է ուղղված, և ձախ: Այսինքն՝ փոխանցվող բաժակի նման ջուր լցնողներից դեպի Հիսուսն է փոխվում նաև նրա նայվածքը:
Կանայի հարսանիքին նվիրված նկարներում արտացոլվել է ժամանակի կենցաղն ու միջավայրը: Նկարիչները մանրամասնությամբ են պատկերել ժողովրդական տարազը, երաժշտական գործիքներն ու հարսանեկան հանդեսը:
Կանայի հարսանիքը իր հոգևոր խորհրդով կապվում է Խորհրդավոր ընթրիքի հետ, որովհետև ինչպես որ Կանայում ջուրը գինու փոխվեց, այնպես էլ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին դարձավ խորհրդանիշը Տիրոջ փրկչական Արյան:
Կազմեց Գայանե Սուգիկյանը