22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Պօղոս առաքեալը կորնթացիներին ուղղուած իր առաջին նամակում գրում է. «Ինչպէս որ է Աստծու բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցում, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է։ Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում» (Ա. Կորն. 14, 34-35): Այս նոյն գլխում, բայց մի քիչ աւելի վեր, Պօղոս առաքեալը ցոյց է տալիս, թէ ի՛նչ է հասկանում, երբ ասում է, թէ կանայք «թող լուռ մնան եկեղեցում»: Նա խորհուրդ էր տալիս բոլոր նրանց, ովքեր ունէին Սուրբ Հոգու պարգեւները, որ սխալ չօգտագործեն՝ ասելով. «Եթէ չլինի մէկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում» (Ա. Կորն. 14, 28): Ուրեմն «լուռ մնալ»-ը 28-րդ ու 34-րդ համարներում նշանակում է նոյն բանը, այսինքն՝ արգելւում է բարձրաձայն խօսել եկեղեցում: Իսկ «թող լուռ մնան եկեղեցում, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել» (Ա. Կորն. 14, 34) գաղափարը կարող էր առաջանալ Եդեմի պարտէզում տեղի ունեցած այն իրողութիւնից, երբ Եւան խաբուեց ու գայթակղեց Ադամին, եւ երկուսն էլ ամօթով մնացին:
Կորնթոսի եկեղեցուն ուղղուած իր առաջին նամակում Պօղոս առաքեալն անընդհատ մատնանշում է նրանց սխալներն ու մոլորութիւնները: Նա ցոյց է տալիս ամուսնութեան վերաբերեալ ողջ համայնքի խառնաշփոթ ըմբռնումը եւ եկեղեցու ծառայութեան ընթացքում ոչ պատշաճ վարքը: Եկեղեցում շատերը միանգամից մարգարէանում էին՝ աղմուկ բարձրացնելով ու միմեանց ընդհատելով: Նոյնը վերաբերում էր նաեւ կանանց: Նախքան քրիստոնէական Եկեղեցու գոյութիւնը հրէական պաշտամունքի ընթացքում կանայք գտնւում էին վերջին շարքերում ու քանի որ նրանք հեռու էին գտնւում կամ էլ ընհանրապէս չէին երեւում, ծառայութեան ժամանակ սկսում էին խօսել միմեանց հետ կամ էլ իրենց հարցումները բարձրաձայն ուղղում իրենց ամուսիններին: Իսկ այժմ առաջին անգամ քրիստոնէական եկեղեցում կանայք սկսեցին տղամարդկանց հետ հաւասարապէս երկրպագել: Ուրեմն, «լուռ մնալ»-ը (յունարէն՝ σιγάτωσαν), ամենայն հաւանականութեամբ վերաբերում էր այն կանանց, որոնք ծառայութեան ընթացքում աղմկում էին եկեղեցում: Այս պատճառով Պօղոս առաքեալը չէր ուզում, որ նրանք եկեղեցում խանգարեն ծառայութեան եւ ուսուցման գործընթացը: Աւելի հաւանական է, որ առաքեալի խօսքն (Ա. Կորն. 14, 33-35) այն մասին է, որ ամուսնացած կանայք բարձրաձայն չխօսեն ծառայութեան ժամանակ եւ հետեւաբար, այդկերպ խառնաշփոթ չստեղծեն եկեղեցում: Սակայն սա ոչ մի կերպ չի նշանակում, թէ կանանց արգելւում էր մասնակցել արարողութիւններին: Այս հատուածում Պօղոս առաքեալը շարունակում է իր սկսած Ա. Կորն. 11-րդ գլխի ուսուցումն ամուսնու՝ իր կնոջ նկատմամբ իշխանութեան մասին: Եթէ կինն ընդհանրապէս պէտք է հնազանդ լինի իր ամուսնուն, ապա նա այդ հնազանդութիւնը պէտք չէ խախտի եկեղեցում երկրպագութեան ընթացքում՝ որպէս մարգարէուհի կամ ուսուցչուհի, որովհետեւ նման վարքը կարող է վկայել ամուսնուն գլխաւորելու իր մտադրութեան մասին:
Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետը, մեկնաբանելով Պօղոս առաքեալի՝ կորնթացիներին ուղղուած առաջին նամակը, ասում է հետեւեալը. «Յանդիմանելով այն խանգարումները, որոնք տեղի էին ունենում լեզուների ու մարգարէութիւնների պատճառով, եւ դնելով օրէնքը, որպէսզի չլինի շփոթութիւն եւ լեզուներով խօսէին առանձին, ու մարգարէութիւն անողներից մէկը լռէր, երբ ուրիշն սկսէր, առաքեալը յետոյ անցնում է այն շփոթութեանը, որը կանայք էին առաջացնում, ու ճիշդ ժամանակին խափանում է նրանց անտեղի համարձակութիւնը: Եթէ պարգեւ ունեցողներին չի թոյլատրւում խօսել առանց կարգի եւ երբ ցանկանան, թէեւ նրանք առաջնորդւում են Սուրբ Հոգու կողմից, որքա՜ն աւելի թոյլատրելի չէ կանանց անտեղի եւ առանց օգուտի դատարկախօսել: Այս պատճառով նա մեծ իշխանութեամբ է արգելում նրանց դատարկախօսութիւնն ու դրանով իսկ լռեցնում նրանց: Այստեղ նա ոչ միայն յորդորում է ու խորհուրդ տալիս, այլ ուժեղ կերպով հրահանգում է՝ առաջ բերելով հին օրէնքը: Մասնաւորապէս, ասում է. «Կանայք թող լուռ մնան եկեղեցում, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է» (Ա. Կորն. 14, 34): Որտե՞ղ է օրէնքն ասում այդ մասին: «Քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ» (Ծննդ. 3, 16): Տեսնո՞ւմ ես արդեօք Պօղոսի իմաստութիւնը, թէ նա ինչպէս մէջբերեց այդպիսի ապացոյց, որով հրամայում է նրանց ոչ միայն լռել, այլ լռել վախով. ընդ որում՝ այնպիսի վախով, որով լուռ է մնում ծառան: Դրա համար եւ ինքը «թոյլատրուած չէ նրանց խօսել» բառերից յետոյ չասաց «լռել», այլ «լռել»-ու փոխարէն օգտագործեց աւելի իմաստալից արտայայտութիւն՝ «հնազանդ լինել»: Իսկ եթէ նրանք այդպէս պէտք է լինեն իրենց ամուսինների նկատմամբ, առաւել եւս՝ իրենց ուսուցիչների, հայրերի եւ եկեղեցու ընդհանուր ժողովի նկատմամբ: Բայց դուք ասում էք, որ եթէ նրանք չեն կարող ո՛չ խօսել, ո՛չ էլ հարցնել, ուրեմն ինչո՞ւ ներկայ գտնուել: Որպէսզի լսել, թէ ի՛նչ է հետեւում, իսկ կասկածելի բաների մասին սովորել տանը ամուսիններից: Դրա համար նա շարունակում է. «Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում» (Ա. Կորն. 14, 35): Նրանց, ասում է, չի թոյլատրւում եկեղեցում ոչ միայն բացայայտ խօսել, այլեւ հարցնել որեւէ բանի մասին: Իսկ եթէ պէտք չէ հարցնել, ապա որքա՜ն աւելի չի թոյլատրւում զուր խօսելը: Իսկ ինչո՞ւ է նա նրանց պարտադրում հնազանդուել: Որովհետեւ կինն աւելի թոյլ, անկայուն եւ զգացմունքային էակ է: Դրա համար նրանց ամուսիններին ուսուցիչներ է դարձնում եւ այդպէս երկուսին էլ օգուտ է բերում՝ կանանց համեստ դարձնելով, իսկ ամուսիններին՝ հոգատար, քանի որ նրանք պէտք է կատարեալ ճշդութեամբ փոխանցեն իրենց կանանց այն, ինչ որ կը լսեն: Բայց քանի որ նրանց մօտ պատիւ էր համարւում խօսել ժողովարաններում, նա նորից ապացուցում է հակառակը՝ ասելով. «Քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում»: Սա հաստատւում է նախ Աստծու օրէնքով եւ յետոյ համընդհանուր մարդկային դատողութեամբ ու սովորոյթով, ինչպէս նա արեց այն ժամանակ, երբ խօսում էր նրանց հետ մազերի մասին, կամ էլ ասում էր. «Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ» (Ա. Կորն. 11, 14)։ Եւ ամենուր կարելի է տեսնել նրա խօսքի պատկերը, երբ սաստում է ոչ միայն աստուածային սուրբ գրութիւններով, այլեւ յայտնի սովորութիւններով»[1]։
Կանանց լուռ մնալու այս պատուիրանի մասին Պօղոս առաքեալը Տիմոթէոսին ուղղուած իր առաջին նամակում գրում է, որը ինչպէս կարելի է ենթադրել, եկեղեցու հետ ենթարկւում էր ճնշմանը դրսից՝ ազատամիտ կանանց կողմից: Շատ հաւանական է, թէ որոշ կանայք պահանջում էին, որ նրանք նոյնպէս հնարաւորութիւն ունենան ուսուցանել եկեղեցում: Այս բանին Տիմոթէոսը պատասխանում էր՝ վկայակոչելով Պօղոսին խօսքը, թէ դա խստիւ արգելւում է: Նամակի 2-րդ գլխում մենք տեսնում ենք այն պատճառը, որ Պօղոս առաքեալը հրահանգում է կանանց լուռ մնալ եկեղեցում, եւ այդ պատճառը պէտք է փնտռել Եդեմի պարտէզում. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամն ստեղծուեց եւ ապա՝ Եւան։ Եւ Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց» (Ա. Տիմ. 2, 11-14): Հետեւաբար, եթէ կինը լուռ չէ եկեղեցում, ապա դա անպատեհ է եւ Եդեմի մէջ տեղի ունեցած պատուիրանազանցութեան նոյն ամօթն է։ Վերոյիշեալ հատուածը Պօղոս առաքեալի՝ Քրիստոսով փրկագործութեան նկարագրութեան (Ա. Տիմ. 2, 4-6) շարունակութիւնն է: Յետոյ առաքեալը նշում է, թէ ինչպէ՛ս տղամարդիկ եւ կանայք պէտք է արձագանգեն Տիրոջ փրկագործութեանը, որպէսզի իրենց կեանքն աստուածապաշտութեամբ վարելով՝ հասնեն ճշմարտութեան գիտութեանը. «Քրիստոս տուեց Ինքն Իրեն որպէս փրկանք բոլորի համար… Ուզում եմ, որ տղամարդիկ աղօթեն ամէն տեղ... Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ»: Քրիստոսի առջեւ հաւասար են բոլորը՝ ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք: Սակայն տղամարդկանց պատուիրում է աղօթել հրապարակաւ, որպէսզի «սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր, առանց բարկութեան եւ երկմտութեան» (Ա. Տիմ. 2, 8)։ Իսկ կին արարածին պատուիրում է համեստութեամբ զարդարուել եւ ուսանել լռութեամբ ու կատարեալ հնազանդութեամբ։ Եւ դրանով ցոյց է տալիս Եւային, եւ Եւայով՝ գայթակղութիւնը Եդեմում, մարդկութիւնը, ու մեր փրկութեան անհրաժեշտութիւնը՝ Քրիստոսի քաւութեան ու զոհաբերութեան յստակ գիտակցութեամբ: Այստեղ պարզ հնչում է կանանց լուռ մնալու խիստ պատուիրանը եւ ուսուցանելու արգելքը. «Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ» (Ա. Տիմ. 2, 12): Յունարէն «διδάσκω» («ուսուցանել» [didasko]) բառը սովորաբար օգտագործւում է, երբ խօսքը վերաբերում է Քրիստոսի եւ առաքեալների «վարդապետութեան»-ը: Դրա ծագումը գալիս է յունարէն մէկ այլ բառից՝ «Διδαχή» («վարդապետութիւն» [Didaché]): Այնպէս որ, պարզւում է, թէ իսկապէս, կանանց չի թոյլատրւում ուսուցանել, որը եւ հաստատւում է այն փաստով, թէ ինչպէս է այս («διδάσκω», [didasko]) բառն օգտագործւում Նոր Կտակարանում: Կան դիրքորոշումներ, երբ կինը չի կարող հանդէս գալ որպէս ուսուցիչ, սակայն կարող է ուսուցանել այլ կանանց կամ անչափահասներին: Իսկ «լուռ մնալ»-ու պատուիրանը Տիմոթէոսին ուղղուած առաջին նամակի 2-րդ գլխում տրուել է այն բանի համար, որ Տիմոթէոսն իմանայ, «թէ ինչպէս պէտք է վարուել Աստծու տան մէջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է» (Ա Տիմ, 3, 15):
Շատերն են հարցնում, թէ եթէ կանայք պէտք է եկեղեցում լուռ մնան, ապա ի՞նչ կ՚ասէք Փիլիպպոսի չորս դուստր մարգարէուհիների մասին: Որոգինէսն այսպէս է պատասխանում. «Ասւում է, թէ Փիլիպպոս աւետարանիչն ունէր չորս դուստր, որոնք մարգարէացան: Եթէ, այնուամենայնիւ, նրանք մարգարէացան, ապա ինչո՞ւ չի կարելի, ասում են նրանք, որ մարգարէանան նաեւ մեր մարգարէուհիները: Մենք պէտք է լուծենք այս շփոթը: Նախ՝ ասելով, թէ «մարգարէանան նաեւ մեր մարգարէուհիները», ցոյց տուէք նրանց մարգարէութեան նշանները: Երկրորդ՝ եթէ նոյնիսկ Փիլիպպոսի դուստրերը մարգարէացան, նրանք եկեղեցում չէին խօսում: Դա չկայ «Գործք Առաքելոց»-ում: Դա չկայ նաեւ Հին Կտակարանում: Վկայուած է, թէ Դեբորան մարգարէուհի էր. եւ «Մարիամ մարգարէուհին՝ Ահարոնի քոյրը, իր ձեռքն առաւ թմբուկը, եւ բոլոր կանայք գնացին նրա յետեւից» (Ելք 15, 20): Բայց դուք չէք հանդիպի, որ Դեբորան խօսի ժողովրդի առջեւ, ինչպէս Երեմիայ եւ Եսայի մարգարէները: Եւ դուք չէք հանդիպի, թէ Օղդա մարգարէուհին խօսի ժողովրդին, այլ միայն իր մօտ եկողներին»[2]:
Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետը, մեկնաբանելով Պօղոս առաքեալի՝ Տիմոթէոսին ուղղուած առաջին նամակը, ասում է. «Մեծ ակնածանք ու մեծ պարկեշտութիւն է պահանջում կանանցից երանելի Պօղոսը: Դրա համար ուշադրութիւն է հրաւիրում ոչ միայն նրանց արտաքին տեսքի ու հագուստի, այլեւ ձայնի վրայ: Ի՞նչ է ուզում ասել մասնաւորապէս: Կին արարածը թող ուսանի լռութեամբ: «Կին արարածը թող լուռ մնայ եկեղեցում» այն նոյն խօսքն է, որ ասել էր կորնթացիներին ուղղուած իր նամակում՝ «թող լուռ մնան եկեղեցում, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել» (Ա. Կորն. 14, 34): Դրա պատճառն այն է, որ այդ օրէնքը նրանց ստիպում է հնազանդ լինել տղամարդկանց: Ու նորից մի այլ տեղում նշում է. «Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում» (Ա. Կորն. 14, 35): Բայց այն ժամանակ կանայք այսպիսի խրատների պատճառով պահպանում էին լռութիւնը, մինչդեռ այսօր նրանց միջեւ նկատւում է մեծ աղմուկ՝ բարձրաձայն ճիչ, խօսակցութիւն, որը ոչ մի այլ տեղ այնքան շատ չէ, որքան եկեղեցում: Ամէն մարդ կարող է այստեղ նրանց աւելի շատ տեսնել զրուցելիս, քան հրապարակներում եւ բաղնիքներում: Կարծես թէ այստեղ գալիս են ազատ ժամանցի՝ անիմաստ բաների մասին զրուցելու: Այս ամէնից առաջանում են անկարգութիւններ, ու նրանք չեն էլ ուզում հասկանալ, թէ միայն լռութիւնը պահելով կարող են մի օգտակար բան սովորել: Ի դէպ, երբ մենք զգուշացնում ենք եկեղեցում խօսելու դէմ, ու միեւնոյն ժամանակ ոչ ոք ուշադրութիւն չի դարձնում ասուածին, ուրեմն ի՞նչ օգուտ կարող է լինել: Դրա համար առաքեալն ասում է, թէ կինը եկեղեցում պէտք է այնպէս լուռ մնայ, որ չխօսի ոչ միայն աշխարհիկ բաների մասին, այլեւ հոգեւոր: Սա է նրա պարկեշտութիւնն ու համեստութիւնը եւ սա կարող է զարդարել նրան աւելի շատ, քան ցանկացած հագուստ: Հետեւաբար, եթէ նա այդպէս վարուի, ապա հնարաւորութիւն կ՚ունենայ իր աղօթքները մեծ արժանապատուութեամբ կատարելու: Ասում է. «Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածն ուսուցանի» (Ա. Տիմ. 2, 12): Ի՞նչ իմաստ ունի այստեղ այս խօսքը: Առաքեալը խօսում էր լուռ մնալու, համեստութեան ու պարկեշտութեան մասին՝ ասելով, թէ չի ուզում, որ նրանք խօսեն: Այնպէս որ, ցանկանալով զրկել նրանց խօսակցութեան բոլոր առիթներից՝ ասում է, որ նրանք չուսուցանեն, այլ վարուեն այնպէս, ինչպէս վայել է սովորողներին, որովհետեւ լռութեամբ նրանք կը ցուցաբերեն հնազանդութիւն: Բնականօրէն, այս կանացի սեռը որոշ չափով զրուցասէր է ու շաղակրատ: Այս պատճառով առաքեալը բոլոր միջոցներով փորձում է զսպել նրանց եւ ասում է. «Որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան։ Եւ Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց» (Ա. Տիմ. 2, 14): Սակայն, դա ներկայումս ի՞նչ կապ ունի կանանց հետ: Շատ մեծ: Ասում է՝ արական սեռն օժտուած է մեծ առաւելութեամբ, քանի որ նախ նա ստեղծուեց: Իսկ մէկ այլ տեղում նոյնիսկ աւելի բարձր է դասում նրան, երբ ասում է. «Քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար» (Ա. Կոր. 11, 9): Ինչո՞ւ է նա այս բանն ասում. որպէսզի բազմաթիւ պատճառների հիման վրայ ցոյց տայ ամուսնու առաջնութիւնը: Ասում է, թէ տղամարդը պէտք է ունենայ առաջնութիւն առաջին հերթին այն պատճառով, որ նա առաջինն է ստեղծուել. եւ երկրորդ՝ այն հիման վրայ, թէ ինչ է տեղի ունեցել աւելի ուշ ժամանակ: Կինը մէկ անգամ սովորեցրեց տղամարդուն ու նրան դարձրեց մեղաւոր՝ անհնազանդութեան մէջ եւ ամէն ինչ կործանեց: Աստուած հէնց այս պատճառով նրան հնազանդեցրեց իր ամուսնուն, քանի որ նա չարիքի համար գործածեց իր իշխանութիւնը, աւելի ճիշդ՝ իր հաւասարակշռութիւնն ամուսնու հետ. «Քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ» (Ծննդ. 3, 16). մինչեւ այդ իրադարձութիւնները այս բառերը չեն ասուել: Բայց ինչպէ՞ս չխաբուեց Ադամը: Հետեւաբար, եթէ նա չէր խախտել պատուիրանը, ուրեմն չէ՞ր մեղանչել: Ուշադիր լսի՛ր: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ» (Ծննդ. 3, 13), մինչդեռ Ադամը չի ասում, թէ «կինս ինձ խաբեց», այլ՝ «նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ» (Ծննդ. 3, 12): Լինել խաբուած քո ցեղակցից եւ ազգակցից, նոյնը չէ, ինչ որ գազանից, ստրուկից, ստորադասից: Ուստի, սա է իսկապէս խաբուելը: Այնպէս որ, միայն իր կնոջ հետ համեմատելով է, որ առաքեալը նրա մասին ասում է, թէ նա չի խաբուել, քանի որ կինն էր խաբուած ստրուկի ու ստորադասի կողմից, իսկ նա (Ադամը)՝ իր հետ հաւասար մէկից: Դարձեալ՝ ոչ թէ Ադամի համար է ասւում. «Տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար» (Ծննդ. 3, 6), այլ իր կնոջ համար՝ առաւ պտուղը, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն: Այսպիսով, նա խախտեց պատուիրանը ոչ թէ կրքից գերուած լինելով, այլ միայն հնազանդուելով կնոջը: Կինը մէկ անգամ սովորեցրեց եւ ամէն ինչ կործանեց: Դրա համար առաքեալն ասում է. «Թոյլ չեմ տալիս, որ կին արարածն ուսուցանի»: Բայց ինչպէ՞ս է սա վերաբերում այլ կանանց, եթէ միայն նա է տուժել: Իհարկէ, սա վերաբերում է նրանց, քանի որ այս սեռը թոյլ է եւ անկայուն: Միւս կողմից էլ, այստեղ ասւում է, ընդհանուր առմամբ, բոլոր կանանց համար: Նա չի ասում, թէ խաբուեց Եւան, այլ՝ կինը, քանի որ այս անունը աւելի շուտ վերաբերում է ամբողջ իգական սեռին ու ոչ միայն իրեն: Ուրեմն նրա (Եւայի) պատճառով ամբողջ իգական սեռը յանցաւո՞ր դարձաւ: Ճիշդ այնպէս, ինչպէս առաքեալն ասաց Ադամի մասին, թէ «մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէս նոյնիսկ նրանց վրայ, որոնք Ադամի յանցանքի նման յանցանք չգործեցին, Ադամի, որը օրինակն է նրա, որ գալու էր» (Հռոմ. 5, 14). այդպէս էլ այստեղ է ասում, թէ պատուիրանը խախտում է իգական սեռը եւ ոչ՝ արականը: Ուրեմն նա չի՞ ժառանգելու փրկութիւնը: Ընդհակառակն՝ ասում է, թէ ժառանգելու է: Ինչպէ՞ս: Փրկութիւնը երեխաների միջոցով է: Որովհետեւ չէր ասում միայն Եւայի համար՝ «եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ» (Ա. Տիմ. 2, 15)։ Ի՞նչ հաւատի: Ի՞նչ սիրոյ: Ի՞նչ սրբութեան ու պարկեշտութեան մէջ: Նա կարծես այսպէս էր ասում, թէ՝ կանա՛յք, մի՛ գանգատուէք, որ ձեր սեռն է կրում մեղադրանքը: Աստուած ձեզ շնորհեց եւս մէկ հնարաւորութիւն փրկութեան, այսինքն՝ երեխաների դաստիարակութիւնը. այնպէս որ դուք կարող էք արժանանալ փրկութեան ոչ միայն ձեզանով, այլ նաեւ ուրիշների միջոցով: Տե՛ս, թէ որքա՜ն շատ հարցեր են առաջանում այս նոյն հարցի վերաբերեալ: Ասում է. «Կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց» (Ա. Տիմ. 2, 14)։ Ո՞ր կինը: Եւա՛ն: Մի՞թէ նա կարող է փրկուել որդեծնութեամբ: Ո՛չ, դա չի ասում (Պօղոս առաքեալը), բայց պիտի փրկուի ողջ իգական սեռը: Բայց չէ՞ որ մեղաւոր էր: Իհա՛րկէ, թէեւ Եւան էր մեղաւոր, բայց պիտի փրկուի ողջ իգական սեռը որդեծնութեան միջոցով»[3]:
[1] Свт. Иоанн Златоуст, Толкование на Первое послание к Коринфянам, Беседа 37.
Տե՛ս http://www.odinblago.ru/sv_otci/ioann_zlatoust/10_1/388 (առ 10/04/2017)։
[2] Ориген, Фрагменты, Толкование на первое послание к Коринфянам святого апостола Павла.
Տե՛ս http://bible.optina.ru/new:1kor:14:34 (առ 11/04/2017)։
[3] Свт. Иоанн Златоуст, Толкование над Первое послание к Тимофею, Беседа 9.
Տե՛ս http://www.biblioteka3.ru/biblioteka/zlatoust/tom_11_2/txt26.html
(առ 11/04/2017)։
Գևորգ սրկ․ Գևորգյան
«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից