25 Նոյեմբեր, Բշ
Մի վաճառական մի օտար երկիր գնաց ու հայտնվեց տարօրինակ մի քաղաքում, ուր բոլոր բնակիչները կապանքներ ունեին: Վաճառականը մտածեց. «Իսկ եթե ինձ էլ կապանքներ հագցնեն, ի՞նչ անեմ այնժամ»:
Անսպասելիորեն, պահազորը հայտնվեց նույն վայրկյանին և նոր ազատ մարդ տեսնելով՝ շղթայեց նրան: Վաճառականը վհատվեց՝ տուն վերադառնալու հնարավորությունը կորցնելով: Նա հարց ու փորձ արեց դժբախտ բնակիչներին, թե ինչու են բոլորը կապանքներով և նրանք պատասխանեցին, որ իրենց քաղաքում վաղուց այդպիսի կարգեր են:
Վաճառականը հարցրեց.
- Մի՞թե քաղաքի բոլոր բնակիչները ստիպված են իրենց ողջ կյանքը կապանքներ կրել:
Մարդիկ պատասխանեցին.
- Ասում են, որ երբեմն մի ծերունի է քաղաք գալիս, ով ազատ է և կապանքներ չի կրում: Միայն նա գիտի ինչպես ազատվել դրանցից: Սակայն նա այնքան հազվադեպ է գալիս, որ մարդիկ կասկածում են դրա ճշմարտացիությանը:
«Այլ ելք չկա,- մտածեց վաճառականը,- հնարավոր է դեռ կտեսնեմ այդ ծերունուն և կիմանամ, թե ինչպես կարող եմ ազատվել»:
Շատ տարիներ անցան: Վաճառականն արդեն ծերացավ, մազերը ճերմակեցին: Եվ ահա, մի անգամ, հանկարծակի տեսավ ծերունուն, որ ազատ էր կապանքներից ու քայլում էր փողոցում:
- Պապի՛կ,- բացականչեց կալանավորը,- օգնիր այս կապանքներից ազատվել:
- Որդյա՛կ,- պատասխանեց ծերունին,- մտքումդ այսպես ասա. «Թող պահակազորն ինձ անմիջապես ազատ արձակի կապանքներից», և ազատ կլինես:
Կալանավորը մտածեց, որ դա մի անհաջող, դառը կատակ է, բայց որոշեց փորձել և մտքում արտասանեց այդ բաղձալի բառերը: Պահակազորն անմիջապես հայտնվեց ու նրան ազատ արձակեց:
Վաճառականը շտապեց հեռանալ այդ տարօրինակ քաղաքից: Դարպասներից դուրս վազելով՝ կրկին տեսավ այն ծերունուն, ով իրեն օգնել էր ազատվել:
- Ասա ինձ, պապի՛կ,- դիմեց նրան վաճառականը,- ո՞րն է այս տարօրինակ քաղաքի գաղտնիքը:
- Սա հասարակ քաղաք չէ,- պատասխանեց ծերունին,- որովհետև մարդիկ կալանավոր են դառնում և ազատվում են կապանքներից՝ միայն այդ մասին մտածելով: Եվ դու էլ փրկվեցիր, որովհետև հավատացիր իմ խոսքերին: Իսկ նրանք, ովքեր ինձ չեն հավատում՝ մնում են այս քաղաքի կալանավորները և ես այլևս ոչնչով չեմ կարող նրանց օգնել:
«…Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կ՚ազատի» (Հովհ. 8:31-32):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի