26 Դեկտեմբեր, Եշ
Խրճիթներում բնակվող մի եղբայր եկավ հայրերից մեկի մոտ և պատմեց նրան իր խորհուրդները, որից նեղվում էր: Ծերն ասաց նրան. «Մեծ ու կարևոր զենքը, որ Աստծո երկյուղն է, դու գետնին ես թողել և ձեռքդ ես վերցրել եղեգնյա գավազանը, որը չար խորհուրդներն են: Ուստի քեզ մոտ վերցրո՛ւ նախ Աստծո երկյուղը, որ հուր է, իսկ երբ եղեգնը գա քեզ մերձենալու` կայրվի հրից, որովհետև չարությունը չի կարող հանգրվանել նրա մոտ, ով Աստծո երկյուղն ունի»: Եվ այս ծերը մեծ էր ա՛յն աստիճան, որ նրա աշակերտն ասում էր նրա մասին, թե քսան տարի չընկողմանեց, այլ ննջում էր նստած տեղում, որտեղ գործում էր: Ճաշակում էր երեք օրը մեկ: Այդպես կենցաղավարեց քսան տարի: ճաշակելիս մի ձեռքը դեպի երկինք էր բարձրացնում և մյուսով` ճաշակում: Եվ մի անգամ իմ հարցին, թե` ինչո՞ւ ես այդպես անում, հա՛յր, նա ինձ ասաց. «Աստծո դատաստանն եմ դնում առջևս և չեմ կարողանում դիմանալ. դրա համար եմ այդպես անում»: Մի անգամ պաշտամունքի ժամանակ պատահեց, որ ես սաղմոսի մեջ սխալվեցի: Երբ ավարտեցինք պաշտամունքը, ծերն ինձ ասաց. «Երբ ես պաշտամունք եմ մատուցում, կարծում եմ, թե հուր կա իմ տակ և այրում է ինձ, և իմ խորհուրդները չեն կարողանում խոտորվել ո՛չ աջ, ո՛չ ձախ: Իսկ ո՞ւր էին քո խորհուրդները, երբ պաշտամունք էինք կատարում, որովհետև սխալվեցիր սաղմոսի մեջ: Դու չգիտե՞ս, որ Աստծո առջև ես և Աստծո հետ ես խոսում»: Մի անգամ էլ գիշերը դուրս գալով` տեսավ ինձ գավթում ննջելիս: Սկսեց լալ ու հեծեծալով ինձ ասաց. «Ո՞ւր են քո խորհուրդները, որ այդպես անհոգաբար ննջում ես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016