25 Նոյեմբեր, Բշ
Հայր Եսայիասը պատմեց մեզ Հայր Մակարիոսի մասին և ասաց. «Մի անգամ նստած էինք հայր Մակարիոսի հետ՝ երկուսով, և այդ ժամանակ Ալեքսանդրիայից յոթ եղբայրներ եկան և փորձելով հայր Մա կարիոսին՝ ասացին նրան. «Խրատական խոսք ասա մեզ, հա՛յր, որ դրանով ապրենք»: Իսկ ես տախտակ վերցրի և սկսեցի գրել նրա խոսքերը, որ ասում էր նրանց: Իսկ ծերը հառաչելով ի խորոց սրտի` լուսավոր խոսքերով բացեց իր բերանն ու ասաց նրանց. «Ո ՜վ եղբայրներ, մեզանից յուրաքանչյուրը գիտե ճանապարհը, որով պետք է փրկվի, իսկ դուք կամենո՞ւմ եք ապրել»: Նրանք ասացին. «Շատ ենք ուզում ապրել, սակայն մեզ բռնել և չեն թողնում մեր չար խորհուրդները»: Ծերն ասաց նրանց. «Արդ, եթե կրոնավոր եք, ինչո՞ւ եք աշխարհականների հետ շրջում և նրանց հետ բնակվում, կամ ինչո՞ւ եք ընդհանրապես մոտ լինում այն տեղին, ուր աշխարհականներն են, և կամ մի՞թե չգիտեք, թե ով հրաժարվում է աշխարհից, այս սուրբ կերպն է ընդունում և սուրբ կենցաղավարություն է ստանձնում, իսկ եթե դարձյալ խառնվում է աշխարհականների հետ` յուրայինների թե օտարների, այսպիսիք և իրենց են խաբում, և Աստծուն, և սուտ ու ընդունայն է նրանց կրոնավորությունը: Քանզի ի՞նչ են շահում աշխարհականներից, եթե ոչ` միայն վշտեր ու մարմնական հանգիստ. այնտեղ չի կարող բնակվել Աստծո երկյուղը, քանզի ո՞վ է կրոնավորը, եթե ոչ` նա, ով միայն Աստծո հետ է ապրում ու միայն Նրա հետ խոսում գիշեր ու ցերեկ: Որովհետև կրոնավորը մեկ ժամ իսկ չպետք է մնա աշխարհականների հետ, իսկ եթե անհնարին իրավիճակ է` թող մեկ օր մնա, և այս էլ այն դեպքում, եթե այդ գործն անհնար է հետաձգել, կամ՝ եթե վաճառում է իր ձեռագործը և գնում կենսական անհրաժեշտության իրեր, վերադառնալով իր խուցը` թող ջերմ արտասուքներով ապաշխարի այդ օրվա համար, որ քաղաքում մնաց՝ իր ձեռագործը վաճառելու համար, որովհետև ոչինչ չշահեց դրանից: Քանզի կրոնավորը, որ աշխարհականների հետ է բնակվում, նրանց համար է իր առաքինությունները ավելացնում, քանի որ նախքան նրանց հարելը` նրա կենցաղի սկիզբն այսպես է լինում. պահպանում է լռություն և հեզություն, քչախոսություն և հանգիստ նայվածք, խիստ պահեցողություն է անում՝ մինչև որ ամենքին հայտնի դառնա, և նրա համբավը դուրս է գալիս, և անունը հռչակվում է, թե` այսինչ անուն կրոնավորը սուրբ է և առաքինի: Դրանից հետո սատանան դրդում է այնտեղի աշխարհականներին՝ աշակերտելու նրան և լիացնելու նրա պետքերն ու ունեցվածքն առատորեն, ինչպես նաև՝ հացի, գինու և ձեթի կարիքները, և սկսում են գովել և ասել. սուրբ, սուրբ, սուրբ է: Իսկ նա՝ եղկելի կրոնավորն այն, ինչպես որ բնորոշ է ամբարտավանությանն ու սնափառությանը, լսելով սուրբը և գովեստի խոսքերը՝ փքվում է, այնուհետև սկսում է նստել նրանց հետ, ուտել, խմել և պարարտանալ, և կեղծավորներից նյութական բարիքներ ստանալով` նախապես պահքով սկսածը վերջացնում է հղփացած գինարբուքներով` այդ ամենը հյուընկալություն և հոգեշահություն կոչելով: Ապա արբենալուց հետո վեր կենալով՝ սկսում է հսկման աղոթքներն անել և երգելիս բարձրացնում է ձայնը, մինչև որ իր հետ եղող խաժամուժը սկսում է գովել նրան և ասել, թե իբր այս մենակյաց սուրբը հրեշտակային ձայնով է բարեպաշտություն անում և խիստ հսկում ու աղոթում է: Եվ դրանից ավելի է գոռոզանում եղկելին ու հանկարծակի դեն է նետում իր խոնարհությունը, և դիվական ամբարտավանության հոգին է համակում նրան. և եթե մեկը ոչ մեղմորեն մի բան ասի նրան, խիստ ու կոպիտ պատասխան կտա՝ ահեղ ձայնով, գոռոզ խոսքերով և վայրագ հայաց քով: Եվ մինչ նա այսպես համառում է աշխարհականների մեջ և գիրանալով լցնում է որովայնն ու հոգին՝ կրկնակի ախտերով, գինին սաստիկ կերպով նրա սիրտն է մխրճում պոռնկության նետերը՝ դեպի կանայք ու երիտասարդները, և խեղդում ու նեղում է նրան դրանով և կենցաղային ամեն տեսակ հոգսերով, ձգում է նրան մինչև մեղքերի խորխորատները, կամ նրանում, ինչ որ Տերն ասաց, թե` «Ամեն մարդ, որ կնոջ նայում է՝ նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթ. Ե 27-28): Ապա թե այս էլ արհամարհելով առասպել համարի, այնժամ դևից գայթակղվելով` ամբողջապես կընկնի շնության մեջ` կամ մարմնավոր ազգակիցների հետ, որն ուրիշները չեն էլ կասկածի, կամ խոստովանաքույրերի ու դուստրերի հետ, կամ իրեն աշակերտող երիտասարդների հետ, և այսպես կտրվելով Աստծուց` կհեռանա Նրանից, հեշտասիրության մեջ կընկնի և արհամարհելով մեղքը՝ կկորչի իսպառ: Այնուհետև կսկսի ամբողջ տարին ու նեցվածք կուտակել` պատճառ բռնելով իր կարիքներն ու շատ հյուրեր ունենալը, և այդպես՝ երկու-երեք տարի, և մեծամասամբ կսկսի աշխարհիկ գործեր անել, բազում ոսկի ու արծաթ և ամեն տեսակ իրեր հավաքել, մինչև որ դևերը նրա մեջ սերմանեն ամենայն չարիքների արմատը` արծաթասիրությունը, ինչը կրկնակի կռապաշտություն է: Եթե մեկը նրան փոքրինչ ոսկի, արծաթ կամ այլ բան տա, ետ կդարձնի` ասելով. «Դա ինձ պետք չէ, որովհետև ոչ մեկից բնավ որևէ բան չեմ վերցնում»: Այսպես կտրտմեցնի ու ամոթով կթողնի բերողին: Իսկ եթե մեկը նրան բերի բազում ոսկի ու արծաթ, որը հաճո թվա իրեն, հապշտապ կվերցնի ցնծությամբ, շուտափույթ ճոխ և ամեն բարիքներով լի սեղան կգցի, ծաղկահոտ գինիներ կբերի և կսկսի հղփացածությամբ ուտել ու խմել և հյուրերին հրամցնել: Իսկ աղքատներին, առավել ևս Քրիստոսին, որ դրսում կանգնած բախում է դուռն ու խնդրում, ոչ ոք չի լսի և ոչ ոք չի ողորմի նրան: Այսպիսիների մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «Ավելի դյուրին է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը Երկնքի Արքայություն մտնի» (Մատթ. ԺԹ 24, Մարկ. Ժ 25, Ղուկ. ԺԸ 25)»: Մի՞թե ձեզանից մեկը կարող է ասել` ես մեծատուն չեմ և ոչ էլ հարուստ, իսկ մեկ ուրիշը, թե` ինձ ոչինչ պետք չէ ուրիշից, այլ իմ ձեռքերով կստեղծեմ, Աստված տվեց ինձ, ու ես իմն ունեմ: Այժմ ասացե՛ք ինձ, ո՜վ հայրե՛ր, հրեշտակները երկնքում երբևէ ոսկի հավաքո՞ւմ են: Ո՛չ, այլ միայն Աստծուն են փառաբանում: Եվ արդ, մենք, ո՜վ եղբայրնե՛ր, ինչո՞ւ ենք հանդերձավորված նրանց պես: Կերպարանափոխվեցինք, որ ձեռք բերենք ու հավաքենք բազում ոսկի ու արծա՞թ, թե՞ նրա համար, որ հրեշտակների պես սուրբ ու անինչ լինենք: Մի՞թե չգիտեք, որ այն դասը, որից նրանք ընկան երկիր, կրոնավորները պետք է լրացնեն: Ուրեմն՝ ինչո՞ւ հրաժարվեցինք աշխարհից, իսկ եթե հրաժարվում ենք, ինչո՞ւ ենք երկմտում ու ետ դառնում խոնարհության ճանապարհից: Կամ՝ չգիտե՞ք, որ գինին, ոսկին ու արծաթը, կանայք, մարմնի հանգիստն ու նրա հեշտանքները, ինչպես նաև աշխարհականների հետ խառնվելը և նման այլ բաները մեզ հեռացնում են Աստծուց. «Քանզի բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է (Ա Տիմ. Զ 10), և այնչափ չար է, որ արծաթասեր կրոնավորը հեռու է Աստծուց այնքան, որքան երկիրը` երկնքից: Եվ իսկապես, չկա՛ ոչինչ ավելի չար, քան արծաթասեր մենակյացն է: Եվ ովքեր կանանց, երիտասարդների և աշխարհականների խոսակից կրոնավորներ են, բոլոր մարդկանցից առավել ողբալի են: Հենց սրանցից պետք է փախչեն կրոնավորները. դրանք Աստծուց մերժվածներ և դևերի բաժին դարձածներ են: Չե՞ն լսում` ինչ է ասում Հովհաննես առաքյալն ու ավետարանիչը. «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, նա Աստծո սիրո մեջ չէ» (Ա Հովհ. Բ 15-16): Այսպես նաև Հակոբոս առաքյալն է խրատում մեզ և ասում. «Ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. Դ 4): Փախե՛ք, ով եղբայրնե՛ր, փախե՛ք աշխարհից, ինչպես մեկը կփախչի քարբ օձից, քանզի օձերն ում խայթում են, դժվար է բուժվում, այդպես էլ` աշխարհը: Եթե կամենում ենք կրոնավոր լինել, փախչե՛նք աշխարհից, քանզի լավ է մեզ համար մեկ պատերազմ ունենալ, քան՝ բազում և անթիվ պատերազմներ: Ուրեմն, ասացե՛ք, ո՜վ հայրե՛ր և եղբայրնե՛ր, որտե՞ղ ստացան առաքինություն սուրբ հայրերը՝ քաղաքներում ու գյուղերո՞ւմ, թե՞ անապատներում ու անտառներում: Եթե նրանք այնտեղ ստացան առաքինություն, մենք ինչպե՞ս կարող ենք ստանալ քաղաքներում ու գյուղերում: Եթե չքաղցենք և չծարավենք, չմրսենք և գազանների հետ չբնակվենք, կարճ ասած` եթե մարմնով չմեռնենք, ինչպե՞ս կապրենք հոգով: Եվ ինչպե՞ս ենք կամենում ժառանգել Երկնքի Արքայությունը. աշխարհականների հետ բնակվելո՞վ: Նայեցե՛ք թագավորների զինվորներին: Եթե զինվորը չպատերազմի և չհաղթի, պատվի չի արժանանա: Մենք՝ առավել ևս. ուտելով ու խմելով, աշխարհականների ու էգերի հետ խառնակվելով` չենք մտնի Երկնքի Արքայություն: Թ՛ող մեզ չհամոզեն չար դևերն իրենց խորհուրդներով՝ ասելով, թե՝ ունեցվածք հավաքեցե՛ք, որ ողորմություն անեք, քանի որ եթե մեկը ճրագուի յուղից ողորմություն չի անում, նա բյուր տաղանդներից էլ չի անի: Մի՛ եղեք այդպես, եղբայրնե՛ր, մի՛ եղեք, դա աշխարհականների գործ է: Աստված չի կամենում, որ մենք` կրոնավորներս, արծաթ և ոսկի ունենանք, ոչ էլ թանկարժեք հագուստներ կամ նյութական այլ ունեցվածք, և ոչ էլ ողորմող լինենք, քանզի Տերն ինքն ասում է. «Նայեցե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ վարում են, ո՛չ ցանում, ո՛չ էլ շտեմարաններում են հավա քում, սակայն ձեր Երկնավոր Հայրը կերակրում է նրանց» (Մատթ. Զ 26): Կրոնավորը, որ կուտակում է ոսկի կամ արծաթ կամ այլ ունեցվածք, չի հավատում, թե Աստված կարող է կերակրել իրեն: Իսկ եթե մեզ հաց չի կարող տալ Աստված, ապա և Արքայություն էլ չի կարող տալ: Նաև սա՛ իմացեք, որ եթե մեկն ունենա ինչոր պետքական իր, և որևէ աշխարհական դրանից մեկ ուրիշը բերի նրան, դա Աստծուց չէ, այլ սատանայի ազդեցությամբ է, իսկ եթե չունենա և խնդրի մեկերկու անգամ, և ինչոր մեկը բերի` դա Աստծուց է ուղարկված, ինչպես որ Դանիելին` առյուծների գբի մեջ (Դան. Զ), քանզի Աստված գիտե ճիշտ ժամանակին շնորհել պետք եղածը: Իսկ եթե մեկը կարիքի մեջ չէ, կամ թե ունի ոսկի, արծաթ կամ այլ ունեցվածք և չի բաժանում այն, այլ սպասում է, որ մեկը գա և ինչոր բան բերի իրեն, նա մեղսակից է լինում Հուդա Իկարիովտացուն, ով թողեց բժշկության շնորհն ու առաքելական վիճակը, որ Տիրոջից էր ստացել, և արծաթասիրության ցանկությունից խեղդվեց: Այս գիտենալով` երանելի Պողոսը բոլոր չարիքների արմատ և կռապաշտություն անվանեց այն (հմմտ. Ա Տիմ. Զ 10): Տեսե՛ք, ո՜վ եղբայրնե՛ր, թե ինչպիսի գբի մեջ է գցում կրոնավորին այս ախտը, մինչև իսկ կռապաշտության մեջ է գցում նրան, քանզի այդ պիսին ճշմարտապես հեռանում է Աստծուց և ոսկուն ու արծաթին է երկրպագում, որը ձեռագործ կուռքերի և մարդկանց ստեղծածն է»: Ո ՜վ չար արծաթասիրություն, որ կրոնավորներին հեռացնում ես Աստծո սիրուց: Ո ՜վ արծաթասիրություն, որ դառնագույն նենգություն ես, որ զրկում ես մենակյացներին հրեշտակների դասակարգությունից: Ո ՜վ արծաթասիրություն, որ բոլոր չարիքների արմատ կոչվեցիր, որ կրոնավորներին դարձնում ես ավելորդ ունեցվածք կուտակող: Ո ՜վ արծաթասիրություն՝ բոլոր չարիքների ժողովարան, որ մենակյացի լեզուն սրում ես անարգանքների, ատելության, խառնակչությունների և կռիվների համար, մինչև որ հասնի աշխարհիկ ատյան: Վա՜յ արծաթասեր կրոնավորին, քանզի նրա մեջ է բնակվում հղփության ու կռապաշտության դևը: Վա՜յ արծաթասեր մենակյացին, քանզի Աստծո օրենքը լուծարեց, որ ասում է. «Մի՛ վերցրեք ոսկի և արծաթ» (Մատթ. Ժ 9). վա՜յ նրան, որ մեծամեծ օրենքները պահելով՝ այս մեկում Աստծուն ուրացող եղավ: Բազում անգամ դևը խորհուրդ է գցում արծաթասեր կրոնավորի սիրտը և ասում. «Այս գիշեր հսկո՛ւմ արա և լուսաբացին հրավիրի՛ր եղբայրներին և ընդունելություն ու հյուրասիրություն արա: Տո՛ւր ունեցվածքդ եղբայրներին և կարոտյալներին»: Եվ դարձյալ թուլացնում է և ասում. «Չե՛ս կարող նման բան թույլ տալ, ծանուցի՛ր ինձ լռություն և պահք. երրորդ, վեցերորդ և իններորդ ժամերի աղոթական կարգը կկատարեմ, և ողջ ցերեկը պահեցողություն կանեմ»: Եղկելին չի հիշում Տիրոջ խոսքը, որ ասում է. «Ոչ բոլորը, որ ինձ Տե՛ր, Տե՛ր են ասում, կմտնեն Երկնքի Արքայություն, այլ` ով կկատարի իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթ. Է 21): Այս էլ են ասում, թե ինչ վնաս կտան ոսկին ու արծաթը, որոնք ողորմության նյութ են: Չեն կարողանում գիտակցել այն, որ ուր ժողովված են ոսկին, արծաթը և երկրային նյութը, այնտեղ կսողոսկեն ամեն տեսակ ախտեր, և նրանց հետ կմտնեն բազում դևեր, որը և հոգու և մարմնի հեղձումն է, քանզի ոչ մի բարի բան չի կարող բնակվել այնտեղ, ուր ագահությունն է, այլ` կոծ մշտնջենավոր և վայ անպակասելի: Եվ ինչպե՞ս կարող է Նրա մոտ բնակվել ագահ և արծաթասեր կրոնավորը, քանզի թողեց իր Արարչի կամքը, Ով իրեն կանչեց հավիտենական կյանքի, և ոսկի պաշտելով՝ հավաքում է այն: Բազում անգամներ այսպիսի կրոնավորի սիրտը զղջում են գցում դևերը, և նա սկսում է տրտմել ու հոգոց հանել, կուրծքը ծեծել, արտասվել ու ասել. «Ահա՛ Աստված տվեց ինձ շատ ոսկի ու արծաթ, ինչո՞ւ չտամ սրանից աղքատներին»: Հետո զղջալիս շուտափույթ հիշում է ոսկու սերը, թողնում է զղջումն ու արտասուքը: Ո՛չ կարողանում է մեկ դանկ անգամ տալ ուրիշներին, ո՛չ էլ կարողանում է չարն արմատախիլ անել սրտից»: Ո ՜վ իմ սիրելի՛ եղբայրներ, ինչի՞ց է, որ մենք` մենակյացներս, ունենք ոսկի, արծաթ և բազում հանդերձներ, սակայն չենք դադարում հավաքել, իսկ աղքատը` նույն ինքը Քրիստոս, տկար, մերկ ու քաղցած շրջում է դրսում, բայց ոչ մի բարի բան չենք գործում Նրա համար: Արդ, ի՞նչ պատասխան ենք տալու այն ահավոր օրը: Թեև հրաժարվում ենք աշխարհից, սակայն դարձյալ նրա մեջ ենք դեգերում ու շրջում, և՛ երկմտում ենք, և՛ ստում մեր տեսակի ու կարգի մեջ. սա հրեշտակային է, բայց մենք այն դարձնում ենք երկրավորկենցաղային, առավել սիրում ենք անցավորները, քան վերնայինները: Բնավ բարի բան չենք անում. եթե անում ենք էլ, ապա՝ մի կերպ և այն էլ կեղծավորությամբ և մարդկանց ցուցադրելով, որպեսզի փառավորվենք մարդկանցից: Իսկ արծաթասիրությունը ոչ թե անպայման մեծաքանակ ոսկով ու արծաթով կամ մեծ ունեցվածքով է որոշվում, այլ՝ մինչև իսկ մեկ դանկով, քանզի ով փոքրն իսկ սիրի, նա չար է ու արծաթասեր: Եվ ողորմությունն էլ ոչ թե ունեցվածքի առատությունից է, այլ` տվողի կամքից, նույնը և ար ծաթասիրությունը` ոչ թե շատությունից է, այլ` սիրողի կամքից: Մի՛ արեք այդպես, սիրելի՛ եղբայրներ, մի՛ արեք այդպես, այլ փախեք աշխարհից, քանզի եթե անապատում հոգով ապրելը դժվար է, որչա՜փ դժվար կլինի աշխարհի մեջ: Եվ ինչպե՞ս կարող ենք աշխարհականների և խառնաշփոթի մեջ ապրել: Արդարև հայտնի է, որ հնարավոր է ապրել ըստ Տիրոջ խոսքի, որ ասում է. «Ամեն ոք, որ չի հրաժարվում աշխարհից և նրա բոլոր գործերից և չի ատում իր անձը, ինձ արժանի չէ» (Ղուկ. ԺԴ 33): «Կենդանի եմ ես»,– ասում է Տերը (Հովհ. ԺԴ 19), «Ելե՛ք նրանց միջից և գնացե՛ք, մերժեցե՛ք ձեր անձանցից չարը»: Տեսե՛ք, ո՜վ իմ սիրելի՛ եղբայրներ, թե որքա՜ն շահաբեր է աշխարհականների խոսակցություններից փախչելը: Նրանց խոսքերը՝ գնելու և վաճառելու, տնկելու և սերմանելու, շինելու և վիճելու, կանանց և մանուկների, ունեցվածքի, ոսոխների և ատյանների, հոտերի և ոչխարների մասին են, իսկ այսպիսի մտավարժանքներն ու դրանց ունկնդրությունները հեռացնում են մեր խորհուրդներն Աստծուց: Եթե միայն նրանց խոսակցությունները հեռացնում են մեր խորհուրդներն Աստծուց, ապա նրանց հետ ուտելն ու խմելը և ապրելը որքա՜ն վնաս կտան մեզ: Սա բնավ չի նշանակում, թե նրանք անսուրբ են ու պիղծ, քավ լիցի. այլ նրանք ուտում են օրը երկուերեք անգամ, ուտում են և պարարտ կերակուր, և միս, և ըմպում են անհագորեն, բայց դա նրանց չի վնա սում: Իսկ մենք հրաժարվել ենք մսից, ամեն տեսակ գիրացնող կերակուրներից, ճաշում ենք օրական մեկ անգամ: Ի հավելումն այս ամենի` եթե տեսնում են մեզ ուտելիս ու հագենալիս, իսկույն ևեթ բամբասում են մեզնից և ասում. «Ահա՛ ուտող, հարբեցող և որկրամոլ կրոնավորներ»: Նրանք չեն էլ հասկանում, որ մենք էլ իրենց նման տկար մարմին ենք: Իսկ եթե տեսնեն՝ չենք ուտում և պահեցողություն ենք անում, բամբասելով կասեն. «Ահա՛ սնափառ և մարդահաճո կրոնավորներ»: Նրանք մեր պատճառով իրենց հոգին են կորցնում: Եվ դարձյալ՝ եթե մեզ տեսնեն անլվա ուտելիս կամ անարգ զգեստներով և բոբիկ, կասեն. «Ահա՛ խենեշներ և ախտաժետներ, գարշահոտներ ու խաբեբաներ»: Իսկ եթե մեկին տեսնեն լվացված և հագնված, կասեն. «Ահա՛ պճնվողներ, գիրուկներ և միմոսներ»: Նրանք այսպես ասելով՝ կորցնում են իրենց հոգիները մեր պատճառով, իսկ մենք դառնում ենք պարտական և պատճառ նրանց կորստյան: Ուրեմն՝ փախչելով փախչենք նրանց հրավերքներից ու սեղաններից, ո՜վ եղբայրներ, և զատենք մեզ նրանցից. և նախընտրենք նրանց պարսավանքները, աղաչում եմ, քանթե գովաբանությունները, թեկուզ հայր կամ եղբայր կամ ազգականներ լինեն, քանզի նրանց սերը, ողորմելը կամ գովելը մեզ հավիտենական տանջանքների են մատնում, իսկ նրանց ատելն ու բամբասելը մեզ համար փառաց պսակի պատճառ են: Որովհետև՝ ի՞նչ կշահենք, եթե մարդկանց հաճո լինենք, սակայն մեր Տեր Աստծուն բարկացնենք: Եվ այս ամենը վկայում է Պողոս առաքյալը և ասում. «Եթե տակավին մարդկանց հաճո լինեի, ապա Քրիստոսի ծառա չէի լինի» (Գաղատ. Ա 10): Ուրեմն, աղոթենք ամենքս առ Տեր և ասենք. «Հիսո՛ւս Քրիստոս, Աստված մեր, հեռացրո՛ւ մեզանից մեր նեղիչներին ու թշնամիներին, մեկուսացրո՛ւ մեզ աշխարհականներից, փրկի՛ր մեզ մարդկանց գովեստներից ու պարսավանքներից»: Եվ չանե՛նք որևիցե մի գործ նրանց հաճոյանալու համար, քանզի նրանց գովեստները ո՛չ կարող են մեզ Երկնքի Արքայություն տանել, ո՛չ էլ նրանց պարսավանքները կարող են փակել մեր մուտքը դեպի կյանք: Եվ ա՛յս իմանանք, եղբայրնե՛ր, որ ամեն դատարկ բանի համար վերջին օրը հաշիվ ենք տալու մեր Տեր Աստծո և Արարչի առջև»: Հայր Մակարիոսը դադարեց խոսել, իսկ նրանք գնացին` երանելիի լուսազարդ խոսքերից հոգով ու մտքով նորոգված»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016