Խոնարհության մասին դարձյալ հայր Եսայիասն ասաց. «Եղբայրնե՛ր, հիշենք Նրան, ով իր գլուխը դնելու տեղ չուներ: Հիշի՛ր, եղբա՛յր, և մի՛ մեծամտացիր: Տե՛ս, թե ով էր և կամ ինչ եղավ քեզ համար. թագավոր էր և օտարական ու պանդուխտ դարձավ քեզ համար: Անպատմելի՜ է քո մարդասիրությունը, Տե՛ր. ինչո՞ւ այդպես խոնարհվեցիր հանուն մեղսավոր ծառաներիս, մինչև իսկ գլուխդ դնելու տեղ չունեիր` ամեն ինչի Արարիչդ, իսկ մենք` ապերախտներս և ամենանվաստ ու անարգ խոնարհության արժանիներս, մեծություն ու պատիվ ենք ցանկանում անցավորներիս: Արդ, ինչո՞ւ ես խռովված, ո՜վ եղկելի մարդ, և ի՞նչ ես կուտակում, ինչո՞ւ ես կուրացել անառակությամբ կամ ինչո՞ւ ես հետևում աշխարհիկ պատրանքներին, ինչո՞ւ հետամուտ չես հանդերձյալ բարիքներին»: Ուրեմն, քննի՛ր այս ամենը և ընտրի՛ր լավագույնը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016