Խոնարհության մասին

Մի անգամ Հռոմի մեծ պալատից մի հռոմեացի եկավ և բնակվեց Սկյութիայում` եկեղեցու մոտ: Նա իր հետ մի ալեհեր ծառա ուներ, որ սպասավորում էր իրեն: Եվ եկեղեցու երեցը, տեսնելով նրա տկարու­թյունը և տեղյակ լինելով, թե ինչպիսի փարթամ կյանքից էր հրա­ժարվել, և ինչպիսի մեծությունից ինչպիսի աղքատության էր հասել, Աստված ինչ ուղարկում էր` տալիս էր նրան: Եվ այսպես նա մնաց Սկյութիայում քսանհինգ տարի և եղավ անվանի տեսանող: Եգիպտո­սի կրոնավորներից մի ծեր, լսելով նրա մասին, եկավ տեսնելու նրան` ակնկալելով ավելի մեծ խստակենցաղության ականատես լինել: Մտնե­լով՝ ողջունեց նրան, աղոթք արեցին և նստեցին: Եվ եգիպտացին տե­սավ, որ նա փափուկ հանդերձներ, կաշեծածկ անկողին և բարձեր ուներ, մաքուր էին ոտքերը և ՝ հողաթափերը: Այս ամենը տեսնելով` հիասթափվեց և գայթակղվեց, քանզի իրենց մոտ այդպես չէր կար­գը, այլ խստակրոն էին: Եվ քանի որ ծերը տեսանող էր, իմացավ, որ գայթակղվեց եգիպտացի ծերը, և իր սպասավոր ծերին ասաց. «Այ­սօր մեզ համար տոնական սեղա՛ն պատրաստիր՝ ի պատիվ այս հոր»: Պատահմամբ այդ օրը մի փոքր բանջարեղեն ունեին, եփեց, և ճաշի ժամին ճաշակեցին: Եվ մի քիչ էլ գինի ունեին, դա էլ ըմպեցին իրենց տկարության պատճառով: Եվ երբ երեկո եղավ, տասներկու սաղմոս կարդացին և ննջեցին: Առավոտյան վեր կենալով եգիպտացին նրան ասաց. «Աղո՛թք արա ինձ համար»: Եվ առանց օգուտ քաղելու՝ գնաց նրա մոտից: Եվ երբ հասավ մի վայր, հռոմեացի ծերը, կամենալով շա­հել նրան, ուղարկեց սպասավորին և ետ կանչեց նրան: Երբ նա եկավ, խնդությամբ ընդունեց նրան և հարցնելով նրան` ասաց. «Ո՞ր գավա­ռից ես»: Նա էլ ասաց. «Եգիպտացի եմ»: Եվ նա ասաց. «Եգիպտոսի ո՞ր քաղաքից»: Նա պատասխանեց. «Ես քաղաքացի չեմ, այլ գեղ­ջուկ»: Եվ ծերը հարցրեց. «Ի՞նչն էր քո գործը քո գյուղում»: Նա էլ ասաց. «Նախրապան էի»: Եվ հարցրեց. «Իսկ ինչպե՞ս էիր քնում»: Նա ասաց. «Գետնի վրա»: «Եվ ի՞նչ էիր ուտում հանդում կամ ինչպիսի՞ գինի էիր խմում»: Եվ նա ասաց. «Չոր հաց ունեի, երբեմն նաև աղի ձուկ էր պատահում, և ջուրն էլ գետից էի խմում»: Եվ ծերն ասաց. «Մեծ է քո տքնանքը. իսկ քո գյուղում բաղնիք կա՞ր»: Եվ նա ասաց. «Չկար. գետում էի մաքրվում»: Եվ երբ այս ամենը հարցրեց ծերը, կա­մեցավ օգտակար լինել նրան և պատմեց նրան իր նախկին աշխարհիկ կեցության մասին և ասաց. «Ես` տառապյալս, որ տեսնում ես, մեծ քաղաքից եմ` Հռոմից, և թագավորի պալատում անվանի եմ եղել»: Եվ եգիպտացին երբ լսեց այս նախաբանը, զղջաց և կամեցավ հաստատա­պես լսել նրա պատմածը: Եվ նա շարունակեց. «Թողեցի Հռոմը և եկա բնակվեցի այս անապատում: Շքեղ տներ ունեի և հարուստ կահկա­րասի և դրանք արհամարհելով՝ եկա բնակվելու այս փոքրիկ խցում: Ոսկեհուռ կահույք ունեի, բազմաթիվ անկողիններ և այդ ամենը թող­նելով` Աստված տվեց ինձ այս մահիճը և կաշվե ծածկոցը: Հանդերձ­ներս պատվական և թանկարժեք էին, և դրանց փոխարեն այս անարգ հագուստն ունեմ, իմ ճաշատեսակները սաստիկ թանկ ու ընտիր էին, իսկ դրանց փոխարեն մի քիչ բանջարեղեն և փոքրիկ գինու բաժակ տվեց ինձ Աստված: Սպասավորներս, ծառաներս ու աղախիններս բազ­մաթիվ էին, և ահա նրանց փոխարեն Աստված գութ գցեց այս ծերի սիրտը` սպասավորելու ինձ: Եվ բաղնիքի փոխարեն, որտեղ ամեն օր անուշահոտ յուղերով լողանում էի, մի քիչ ջուր եմ լցնում ոտքերիս և այս նվաստ հողաթափերն եմ հագնում իմ տկարության համար, փո­ղերի ու քնարների փոխարեն սաղմոսներ եմ ասում, և այն նյութական բարիքների փոխարեն, որ ունեի, հանդարտ կյանք եմ վարում: Այժմ, հա՛յր իմ, աղաչում եմ քո աստվածապաշտությանը, մի՛ գայթակղվիր իմ տկարության պատճառով»: Եգիպտացին, լսելով այս և զգաստա­ նալով իր մեջ, աղաղակեց և ասաց. «Վա՜յ ինձ, որ աշխարհի մեծամեծ նեղություններից եկա մեծ հանգստի մեջ, և ինչ չունեի այն ժամանակ` այժմ ունեմ, բայց դու, հա՛յր, մեծագույն հանգստությունից եկար դե­պի նեղություն, և բազում փառքերից և մեծութունից` դեպի խոնար­հություն և աղքատություն»: Եվ դրանից մեծապես շահելով` գնաց իր տեղը և նրա սիրելի մտերիմը եղավ և ժամանակ առ ժամանակ գալիս էր նրա մոտ` օգուտ քաղելու:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․