Հայր Աթանասը Հին և Նոր Կտակարաններն արտագրեց մի հրաշալի մագաղաթի վրա, որը տասնութ ոսկեդրամ արժեր: Մի անգամ եղբայրներից մեկը նրա մոտ եկավ ու գիրքը տեսնելով՝ տարավ այն: Հենց նույն օրը Հայր Աթանասն, այն չգտնելով, հասկացավ, թե ով է վերցրել, բայց ոչ ոքի չուղարկեց նրան հարցնելու, քանի որ վախեցավ, որ եղբայրը գողության մեղքի վրա սուտն էլ կավելացնի:
Իսկ եղբայրը գիրքը հարևան քաղաք տարավ վաճառելու և տասնվեց ոսկեդրամ խնդրեց դրա դիմաց: Գնորդն ասաց.
- Գիրքն ինձ վստահիր, որպեսզի ճշտեմ արդյո՞ք արժե այն գումարը, որ խնդրում ես դրա դիմաց,- և գիրքը Հայր Աթանասի մոտ բելերով՝ ասաց. «Հա՛յր, նայի՛ր, խնդրում եմ և ասա, արժե՞ արդյոք, որ դրա դիմաց տասնվեց ոսկի վճարեմ»:
Հայր Սուրբը պատասխանեց.
- Այո՛, լավ գիրք է և արժե այդքան:
Գնորդն այն եղբոր մոտ վերադարձավ և ասաց.
- Ահա՛ քո փողը: Ես գիրքը Հայր Աթանասին ցույց տվեցի և նա ասաց, որ հրաշալի գիրք է և հաստատ արժե այդ գումարը:
Եղբայրը հարցրեց.
- Միայն այդքա՞նն ասաց: Ոչինչ չավելացրե՞ց:
- Ո՛չ, այլևս ոչինչ չասաց:
- Լավ,- ասաց եղբայրը,- ես մտափոխվեցի: Այլևս չեմ ուզում այն վաճառել:
Նա Հայր Աթանասի մոտ շտապեց ու արցունքով խնդրեց իր գիրքը ետ վերցնել: Հայրը պատասխանեց.
- Գնա՛ խաղաղությամբ, եղբա՛յր, ես այն քեզ եմ նվիրում:
Սակայն եղբայրը պատասխանեց.
- Եթե չվերցնես այն՝ երբեք հանգիստ չեմ ունենա:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի