Մի մարդ սիրում էր մշտապես օղի խմել: Եվ երբ հարբում էր, հիշում էր, որ մեղավոր մարդ է ու պետք է անպայման եկեղեցի գնա և իր մեղքերը խոստովանի: Մի կիրակի աղաղակելով վազում է դեպի եկեղեցի և հոգևորականին գանգատվում.
- Ինչքան գալիս եմ եկեղեցի, որպեսզի մեղքերս խոստովանեմ, սարսափելի պատկերներ եմ տեսնում. թվում է՝ դևերը հետապնդում են ինձ և ուր գնում եմ, ինձ հետևում են և ասում, որ իմ ընկերներն են և իմ օղու շիշն են ուզում, որպեսզի մինչև վերջ այն խմեն` մի կաթիլ անգամ ինձ համար չթողնելով... Ինչո՞ւ մեղքերի խոստովանությունն ինձ չի օգնում:
Հոգևորականը նայում է նրան և պատասխանում.
- Մեկը չի տեսնում իր մեղքը և համարում է, թե մեղք չի գործել, երկրորդը նկատում է իր մեղքը, բայց այն չի խոստովանում, երրորդը տեսնում է իր մեղքը և խոստովանում է, սակայն ոչ թե ուղղվելու ու այդ մեղքից հրաժարվելու, այլ իր սրտում մեղավոր քայլն արդարացնելու համար, որ պարզապես բնույթով այդպիսին է: Մեկ ուրիշն էլ տեսնում է իր մեղքը և խոստովանում, սակայն ոչ թե իր քայլն արդարացնելու համար, որ ինքն այդպիսին է, այլ հրաժարվում է այդ մեղքից, մեղսալի բնույթից և փոխվում, դառնում ամբողջ սրտով, մտքով ու հոգով դեպի բարին, Աստծուն: Հիմա ինքդ գնահատիր, թե ինչպես ես խոստովանում մեղքերդ, երբ հերթական անգամ հարբած եկեղեցի ես մտել, դատարկ օղու շիշն էլ ձեռքիդ, որպեսզի մեղքերի խոստովանություն անես: Այդ դեպքում ինչո՞ւ դևերը պիտի հեռանան և քեզ չընկերակցեն...
Հովհաննես Մանուկյան