Խույր (թագ)

Պատմության ընթացքում եկեղեցական զգեստները որոշակի փոփոխություն ունեցան: Հայ եկեղեցում զգեստների որոշ տեսակներ հետագա դարերում հաստատվեցին: Եթե ժամանակին բոլոր հոգևորականները, ավանդության համաձայն, Սուրբ Պատարագի ժամանակ կրում էին սաղավարտ, ապա 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում ընդունվեց պատարագիչ հոգևորականի համար մի այնպիսի գլխանոց՝ թագ, խույր անվանումով, որ գործածում էին կաթոլիկ հոգևորականները: Այդ զգեստի ընդունումով Հայ եկեղեցում նվիրապետական աստիճանի զգեստավորման մեջ առաջ եկավ տարբերություն: Մեր եկեղեցում բարձրաստիճան եկեղեցականները՝ Հայոց հայրապետը, եպիսկոպոսները, Սբ. Պատարագի կամ որևէ խորհրդակատարության ժամանակ, որ պահանջում է ամբողջական ծիսական զգեստավորում, կրում են այդ թագերը, խույրերը: Իսկ քահանաները և վարդապետները կրում են սաղավարտներ:

Խույր կրում են նաև ծայրագույն վարդապետները, եթե թեմակալ առաջնորդ են, միայն իրենց թեմի մեջ:

Խույրը երկճյուղ թագ է, երկու տափակ մասերից բաղկացած, սրածայր վերջավորությամբ, ծայրերին՝ մեկական խաչ: Լինում է ականակուռ, գոհարազարդ, ասեղնագործված: Մեծ մասամբ ասեղնագործված է ոսկեթել, յուրաքանչյուր երեսին մեկական պատկերներ (Խաչելություն, Հարություն և այլն): Այսօր հանդիպում ենք նաև ազգային թեմաներով պատկերներ: Բարձրությունը մոտ 35-45 սմ է: Վերցված է Հին ուխտի եկեղեցուց և խորհրդանշում է Հին ու Նոր Կտակարանների գիտությունը և իմաստությունը, որ պիտի ունենա եպիսկոպոսը:

Խույրն իր վրա եղած փրկչական և ավետարանական պատկերներով խորհրդանշում է, որ եպիսկոպոսի գլուխը Քրիստոսն է և Նրա Ավետարանը, ըստ որի նա պետք է հովվի իր հոտը՝ ձգտելով ամեն ինչ կատարել միայն Աստծո կամքի համաձայն:

Հայ եկեղեցում խույրը (թագը) սկսվել է օգտագործվել 12-րդ դարի վերջից կամ էլ 13-րդ դարի սկզբից սկսած, շատ հավանական է Գրիգոր Զ Ապիրատ կաթողիկոսի (1194-1203թթ.) ժամանակներից:

01.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․