23 Դեկտեմբեր, Բշ
Արդեն կես տարի է, որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ գործում է կիրակնօրյա դպրոց: Ամանորի և Սբ. Ծննդյան տոների նախաշեմին կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց մանկավարժ Սիրանուշ Գյումրույանի օգնությամբ ջանացել էին իրենց ձեռքով պատրաստել ամանորյա զարդարանքներ և խաղալիքներ:
Դեկտեմբերի 27-ին Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում կիրակնօրյա դպրոցը կազմակերպել էր այդ աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ամանորյա գույնզգույն ու բազմատեսակ խաղալիքները, Ձմեռ պապիկները և տոնածառները զարդարել էին եկեղեցու բակի մի փոքրիկ հատվածը:
«Աշխատելու ընթացքում երեխաները լսել են Սբ. Նիկողայոսի, Սբ. Ծննդյան պատմությունները, երգել են ամանորյա և Սբ. Ծննդյան երգեր: Կիրակնօրյա դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը նախատեսված է դպրոցի ֆոնդի համար: Եվ ամենակարևորը երեխաները մեծ սիրով և ուրախությամբ են պատրաստել այս ամենը»,- ասաց Սիրանուշ Գյումրույանը:
Կիրակնօրյայի սաներից Անտոնին, Էմիլը և Սևակը մեծ ոգևորությամբ էին ցույց տալիս իրենց պատրաստած տոնածառները, Ձմեռ պապիկները: Յոթնամյա Էմիլն ասաց, որ Սբ. Նիկողայոսը եղել է առաջին Ձմեռ պապը: Իսկ Անտոնին (12տ.) և Սևակը (11տ.) մանրամասնորեն գիտեին Սբ. Նիկողայոսի պատմությունը և սրբի օրինակին հետևելով՝ իրենք էլ են փորձելու օգնել աղքատ և կարիքավոր մարդկանց: 11-ամյա Աննան ասաց, որ այսօր բոլոր Ձմեռ պապիկները շարունակում են Սբ. Նիկողայոսի բարեգործությունը:
Սովորաբար, երեխաները սովորում են այն, ինչ իրենց շրջապատում է: Իսկ եկեղեցին և կիրակնօրյա դպրոցն այն միջավայրն է, ուր երեխան սովորում է կյանքի ամենամեծ դասը՝ սիրո դասը:
Կարինե Սուգիկյան