Կիրակնօրյա դպրոցի այցելությունը կենդանաբանական այգի

Օգոստոսի 23-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները մանկավարժներ Սիրանուշ Գյումրույանի, Մարգարիտ Հովհաննիսյանի և երիտասարդաց միության անդամ Սիրանուշ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեցին կենդանաբանական այգի: Կիրակնօրյա դպրոցի սաների մեջ մեծ թիվ են կազմում նաև եկեղեցու համայնք ներգրավված սիրիահայերի զավակները:

Մինչ այգի մտնելը, դեռևս մուտքի մոտ խմբված երեխաների շարժումներում անհամբերություն կար, իսկ շողացող աչքերում՝ հետաքրքրասիրություն և ուրախություն: Չէ՞ որ մուտքից այն կողմ ուրիշ աշխարհ էր՝ կենդանիների աշխարհը: Ներս մտնելուն պես անհամբերությունը նրանց արագ-արագ մի վանդակի մոտից մյուսն էր տեղափոխում, սակայն, տեսնելով վանդակներից դեպի իրենց ընդառաջ եկող կենդանիների հետաքրքրությունը և իրենց հետ շփվելու պատրաստակամությունը, երեխաներն այլևս չշտապեցին:

Նրանց ուշադրությունը գրավեց կենդանիների և թռչունների արտաքին գեղեցկությունը, մի հանգամանք, որն ուսուցիչներին հնարավորություն տվեց երեխաների մեջ մեկ անգամ ևս ամրապնդել այն փաստը, որ Աստված ամեն ինչ արարել է գեղեցիկ:

Երեխաներն ուշադրությամբ հետևում էին յուրաքանչյուր կենդանու վարքագծին, հատկապես մայր և ձագ կապիկներին, արջերին, որոնք իրենց ծուռ թաթերի շարժումներով կեր էին ուզում, ապա, ճարպկորեն որսալով երեխաների նետած խնձորները, մեծ հաճույքով ուտում էին դրանք:

Հետաքրքրասիրությունից բացի կիրակնօրյա դպրոցի սաները նաև կարեկցում էին կենդանիներին: Նրանք կարեկցում էին փոքր վանդակում անհանգիստ քայլող այռուծին, աչքերը թաթով ծածկած սև արջին, փղին, որը կարծես դժգոհ էր իրեն հատկացված փոքր ու անհետաքրքիր տեղից, նույնիսկ օձերին, որոնք օղակաձև փաթաթված կծկվել էին իրենց համար նախատեսված փոքր անկյուններում:

Երեխաներին տխրություն պատճառեց կենդանիների անազատությունը, սակայն նրանք հասկացան, որ կենդանիներին պարտադրված անազատությունը զոհողություն է՝ զոհողություն, որի շնորհիվ իրենք հնարավորություն ունեցան շփվելու և ճանաչելու կենդանական աշխարհը: Նրանց ուրախացրեցին վանդակից դուրս կանաչների մեջ ազատորեն շորորալով քայլող սպիտակ բադիկները:

Կենդանաբանական այգում անցկացրած հետաքրքրաշարժ պտույտից հետո երեխաները հանգստացան, սնվեցին, որից հետո իրենց ուրախ օրվա ուրախ շարունակությունը հոգնելու աստիճան անցկացրին խաղահրապարակում:

Այնուհետև տաղավարում մանկավարժները զրույց ծավալեցին արդեն տպավորություններով հարստացած իրենց սաների հետ: Երեխաները մեծ ոգևորությամբ կռահում էին իրենց հանձնարարված հանելուկների պատասխանները և մրցանակներ ստանում:

Արդեն երեկո էր, երեխաները թեև հոգնած էին, բայց բավարարված: Տուն գնալու ժամանակն էր:

 

Սաթենիկ Սիմոնյան

23.08.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․