4 Հուլիս, Շբ
Հուլիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մանկավարժ Տաթև Պետրոսյանը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեցին Արագածոտնի թեմի սրբավայրեր:
Առաջին սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Ոսկեվազի Ս. Հովհաննես եկեղեցին (4-5-րդ դդ.) էր, ուր ընդհանրական աղոթքի մասնակցեցին, և եկեղեցու հոգևոր սպասավորը երեխաներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը: Հաջորդ սրբավայրերը, ուր կիրակնօրյա դպրոցի սաները, Տեր Գրիգորի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, Թալինի Ս. Աստվածածին (7-րդ դ.), Կաթողիկե (7-րդ դ.) և Մաստարայի Ս. Հովհաննես (5-րդ դ.) եկեղեցիներն էին: Միասնական աղոթքներում ուխտավորները դիմեցին նաև օրվա հիշատակելի սրբերի՝ Քրիստոսի տասներկու առաքյալների և սբ. Պողոսի բարեխոսությանը՝ հայցելով Տիրոջ ողորմածությունը Հայոց ազգի և եկեղեցու համար: Աղոթքից և հոգևոր զրույցից հետո երեխաները մեկտեղվեցին սիրո ճաշի շուրջ, ուր անցկացրին հաճելի հանգիստ՝ վայելելով Արագածոտնի բնությունը:
«Ամեն մի ուխտագնացություն միջոց է առավել ամրապնդելու եկեղեցի- ընտանիք- կիրակնօրյա դպրոց կապը, ամեն մի ուխտագնացություն մեր երեխաների սրտում սերմանում է աստվածսիրություն և հայրենասիրություն: Երեխաները, հաղորդակից լինելով Հայ եկեղեցու սրբազան ժառանգությանը, աստիճանաբար բացահայտում են իրենց հավատքի արմատները, ինչն առհավետ դրոշմվելու է նրանց կյանքում»,- ասաց Տեր Գրիգորը:
Նշենք, որ «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի հերթական ուխտագնացությունը կայացավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և Ս. Անանիա մատուռ-դամբարանի խաչքավորներ Դավիթ և Վարդան Ամարյանների հովանավորությամբ, ինչը կարևոր ներդրում է երեխաների ազգային-հոգևոր կրթության և դաստիարակության գործում:
Կարինե Սուգիկյան