Կոնքը լվացվելու համար գործածվող մետաղյա աման է: Այն գործածվում է եկեղեցում Սբ. Պատարագի ժամանակ: Կոնքը բռնում են պատարագիչ քահանայի ձեռքերի ներքևում՝ ձեռքերը լվանալու ժամանակ, ինչպես նաև Սբ. Պատարագի վերջում սկիհը լվանալիս, լվացված ջուրը թափելու համար:
Փարչը կամ ջրամանը ձեռք կամ սկիհ լվանալու համար ջուր մատուցելու աման է, որ կոնքի հետ միասին Սբ. Պատարագի ժամանակ մատուցում են ժամարարին՝ լվացվելու կամ լվանալու համար:
Ե՛վ կոնքը, և՛ փարչը (ջրամանը) պետք է պատրաստված լինեն մետաղից՝ արծաթ, պղինձ և այլն, բայց ոչ կավից կամ ապակուց, որ միշտ էլ ենթակա է կոտրվելու:
Սրբիչը պատարագիչ քահանայի ձախ կողքից կախված այն կտավն է, որով պատարագիչը սրբում է ձեռքերը և սկիհը:
Ղենջակը գոգնոց է, նաև՝ սրբիչ: Սա այն ծածկոցն է, սրբիչը, գոգնոցը, որ Ավագ Հինգշաթի օրը հանդիսադիրը Ոտնլվայի ժամանակ կապելով մեջքին՝ լվանում է դպիրների ոտքերը:
Պատարագիչ քահանայի ձեռքերը լվանալու համար եկեղեցում գործածվող կոնքը և փարչը (ջրամանը), իսկ ձեռքերը մաքրելու համար՝ ղենջակը կամ թաշկինակը նշան են մաքրության ամեն տեսակ աղտեղությունից: