Կոսմետիկան բիծ է Աստծո պատկերի վրա

Ինչպիսի՜ անճոռնիության են այսօր հասել մարդիկ: Այսօր կանայք զանազան քիմիական գանգրացումներ են անում և նրանց մազերը բիզ-բիզ են կանգնում, ասես օսլայած լինեն: Իսկ ինչպիսի՜ հոտ է գալիս: Ուղղակի ալերգիա է սկսում: Ես ներքին զզվանք եմ զգում, երբ աշխարհիկ կերպով զարդարված, աշխարհիկ կերպով բուրող աշխարհիկ կին եմ տեսնում:

Մի անգամ ինձ ասացին, որ մի կին Գերմանիա է գնացել, որպեսզի կոսմետոլոգիա սովորի: «Եվ ի՞նչ է այդ կոսմետոլոգիան»,- հարցրեցի ես: «Կոսմետոլոգները,- բացատրեցին ինձ,- պառավներին երիտասարդների են վերածում»: Ահա, հենց այդ ժամանակ հիշեցի, որ ես էլ եմ մի այդպիսի տարեց «երիտասարդի» տեսել, ճակատին հորիզոնական սպիով: «Ի՞նչ է պատահել այդ խեղճի հետ»,- հետո հարցրեցի նրա ծանոթներից մեկին: «Սարսափելի՝ ոչինչ,- պատասխանեց նա,- նա պլաստիկ վիրահատություն է արել, որպեսզի դեմքի մաշկը ձգվի և կնճիռներն անհետանան»: Իսկ ես էլ կարծեցի, թե խեղճ տատիկն ավտովթարի է ենթարկվել և լուրջ վիրահատություն տարել: Ո՜ւր են հասնում այժմյան մարդիկ:

- Հա՛յր, կոսմետիկան այսօր մեղք չեն համարում:

- Հա, դա արդեն հասկացել եմ: Վերջերս մի կնոջ հանդիպեցի, որին նախկինում ճանաչում էի: Այն ժամանակ նա հրեշտակի էր նման, իսկ այժմ նույնիսկ չճանաչեցի նրան այդպես քսմսված: «Աստված,- ասացի,- ամեն ինչ շատ իմաստուն կերպով է արարել, բայց քո առումով մի մեծ սխալ է թույլ տվել»: «Ինչո՞ւ, հա՛յր»,- զարմացավ նա: «Որովհետև,- ասացի,- աչքերիդ տակ կապույտով չի «զարդարել»: Դա Նրա սխալն էր: Ուրիշներին գեղեցիկ է ստեղծել, իսկ քո հաշվով վրիպել է: Մի՞թե ինքդ չես հասկանում, ա՛յ դժբախտ: Ախր այլանդակում ես քեզ այդ շպարով: Նույնն է թե վերցնես բյուզանդական սրբապատկերն ու տարբեր մասերում ներկ քսես, լղոզես, փչացնես: Արդ՝ ի՞նչ, Աստծո պատկերը [ինքներս մեզ] ներկով լղոզե՞նք: Պատկերացրու, որ նկարիչը մի գեղեցիկ նկար է նկարել, հետո գեղանկարչությունից ոչինչ չհասկացող մի մարդ է գալիս, խլում է վրձինն ու նկարի վրա անճոռնի վրձնախազեր է դնում, այսինքն այլանդակում է արվեստի գործը: Դու նույնն ես անում: Այդ շպարով կարծես թե Աստծուն ասում ես. «Դո՛ւ, Տե՛ր Աստված, ինձ վատ ես արարել: Ես Քո սխալը կուղղեմ»:

Մի կնոջ էլ եմ հիշում: Նա ինձ մոտ եկավ կարմիր, ճուռակի ճանկերի պես երկար եղունգներով և սկսեց խնդրել. «Երեխաս ծանր հիվանդ է: Աղոթիր, հա՛յր: Ես էլ եմ աղոթում, բայց…»: «Ի՞նչ ես աղոթում,- ընդհատեցի նրան,- նման ճանկերով վերքեր ես հասցնում Քրիստոսին: Նախ եղունգներդ կտրիր, որպեսզի երեխադ առողջանա: Զավակիդ առողջության համար գոնե դա արա՝ եղունգներդ կտրիր ու ներկը մաքրիր»: «Իսկ կարելի՞ է դրանք սպիտակ գույնով ներկեմ»: «Ես քեզ ասում եմ մաքրիր եղունգներդ ներկից ու կտրիր: Գոնե ինչ-որ զոհաբերություն արա հանուն երեխայիդ առողջության: Ախր սա ի՞նչ բան է: Եթե այդպես պետք լիներ, ապա Աստված ի սկզբանե քեզ կարմիր եղունգներով կստեղծեր…»: «Ուրեմն սպիտակ կներկեմ, հա՛յր»: Ուղղակի ուժասպառ արեց ինձ: «Հա՜,- մտածեցի ես,- հաստատ առողջության կսպասեք և՛ դու, և՛ քո երեխան…»: Ամենից շատ մայրն է երեխաներին հոգևոր առումով «մրսեցնում», երբ ինքը համեստությամբ չի զգեստավորվում և դեռ փորձում է սեփական զավակներին էլ զրկել, «փետրահան անել» համեստությունից:

Որևէ մեկը կարող է շատ գեղեցիկ չլինել կամ ինչ-որ հաշմություն ունենալ: Աստված գիտի, որ դա նրան օգնում է հոգևոր առումով: Չէ՞ որ Աստծուն ավելի շատ հոգին է մտահոգում, այլ ոչ թե մարմինը: Բոլորս էլ արժանիքներ ունենք, բայց նաև՝ ոչ մեծ թերություններ: Դա նույնիսկ խաչ չէ, այլ փոքրիկ խաչեր: Այդ փոքրիկ խաչերն օգնում են մեզ հոգու փրկության գործում:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

19.04.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․