Լուսավոր տոնի լուսավոր ուրախությունը

Այդ օրը երկինքն ու երկիրը ողողվեց Լույսով…. Քրիստոս յարեաւ: Այդ օրը՝ միաշաբթին՝ կիրակին, դարձավ սուրբ օր, Տերունի օր. Կյանքը հաղթեց մահվանը:

Եկեղեցին իր ծնունդից ի վեր այդ անսպառ Լույսը բաշխում է հաղթական ավետիսով՝ Քրիստոս յարեաւ:

Սուրբ զատկական առավոտ շատերն են իրենց քայլերն ուղղում դեպի եկեղեցի. բոլորի հոգիները ձգտում են դեպի այդ Լույսը: Լուսավոր օրով բոլորի հոգիները լցվում են լուսավոր ուրախությամբ: Եվ զարմանալի չէ այս ուրախությունը, քանի որ Քրիստոս Իր Հարությամբ կատարյալ ուրախություն պարգևեց ողջ աշխարհին:

Մարդու հոգին ծարավ է հավիտենական երջանկության և մշտապես փնտրում է այն… Քրիստոսի Հարությունից ի վեր մարդու առջև բացվեց իրական երջանկության նոր աշխարհ:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում զատկական Սուրբ Պատարագին բոլորը՝ մեծ թե փոքր, մասնակից էին զատկական լուսավոր ուրախությանը: Եկեղեցին մարդաշատ լինելու պատճառով շատերը բակում կանգնած էին Սուրբ Պատարագին ունկնդիր և մասնակից լինում: Պատարագիչը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ներկաներին փոխանցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Վեհափառ Հոր պատգամի հետևյալ հատվածը քաջալերում է. «Երբ ունկնդիր ենք «Յարեաւ խաչեալն և յարոյց զձեզ ընդ ինքեան» ավետիսին, քաջալերվենք հոգով, ապրենք որպես Քրիստոսի հետ մահից վեր հառնած ժողովուրդ, Քրիստոսին հավատարիմ և հարության զորությունն ունեցող ժողովուրդ: Դիմագրավենք մեր կյանքի մարտահրավերները և նեղությունների ու դժվարությունների չարչարանաց մեր խաչը ծաղկյալ դարձնենք բոլորանվեր մեր ջանքերով, հայրենանվիրումի ու ազգանվիրումի նոր գործերով: Ազգային, պետական, հասարակական մեր կյանքը, հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը շենացնենք «զի Աստուած ընդ մեզ է» աներկբա հավատով և քայլենք դեպի վերելքի նոր հորիզոններ և դեպի հաղթանակը մեր արդար դատի»:

Սուրբ Պատարագի ավարտին նորից ազդարարվեց ուրախ ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» և «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Ապա եկեղեցու բակում տոնական օրն ազգային երգ ու պարով զարդարեցին Կենտրոն վարչական շրջանի Պատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի և Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի պարային խմբերը: Մինչ համերգային ելույթը Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու շնորհավորանքը Սուրբ Զատկի տոնին նվիրված: Տեր Հայրը Սրբազան հոր կողմից շնորհակալություն հայտնեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին, ում նախաձեռնությամբ եկեղեցական տարբեր տոներին Կենտրոն վարչական շրջանի տարբեր մշակութային հաստատություններ հանդես են գալիս համերգային տարբեր ծրագրերով:

Համերգին ներկաներին բաժանվեցին Սուրբ Զատկի՝ կյանքի և հարության խորհրդանիշը համարվող կարմիր ներկված ձվեր:

Երեխաները այս անգամ ևս Սուրբ Պատարագից հետո բակի մի անկյունում նկարազարդում էին աստվածաշնչյան տարբեր թեմաներ, գունավորում էին տոնին համապատասխան գիպսե արձաններ:

Սուրբ Պատարագին մասնակից Նելլիի համար Սուրբ Զատիկը սիրելի ու սպասված տոն է. «Իհարկե աթեիզմի տարիները իրենց բացասական հետևանքները ունեցան, սակայն հիշում եմ, որ դպրոցական տարիների աթեիստական ուսուցումներին հակառակ ես միշտ դեպի Աստված էի գնում»:

Անկասկած, զատկական Պատարագի յուրաքանչյուր մասնակից վայելում է առանձնահատուկ հիացում… Բոլորի հոգիները ցնծում են՝ լցված երախտագիտության զգացումով մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ, Ով Իր Հարությամբ մեզ հավիտենական կյանք պարգևեց:

 

Կարինե Սուգիկյան

05.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․