Լուսավոր ու բարի գործերը վկայվում են կյանքով

Ամանորը պարզապես Նոր տարի չէ, այն իր մեջ նոր սկիզբ է պարունակում, որ կապված է համաշխարհային պատմության մեջ տեղի ունեցած ամենամեծ իրադարձության՝ Աստվածորդու մարդացման հետ: Այդ է պատճառը, որ եկեղեցական տոնացույցի համաձայն՝ դեկտեմբերի 30-ից սկսվում է պահեցողության շրջան, որ նախորդում է բոլոր տոների սկիզբը համարվող տոնին՝ Սուրբ Ծննդյանը: Պահքի յուրաքանչյուր օրը աղոթքի, ապաշխարության, հոգու փրկության համար կատարված մի քայլ է, որ առաջնորդում է դեպի Աստված: Դեպի Աստված տանող ուղին չի կարող ընթանալ այլ կերպ, եթե ոչ լուսավոր ու բարի գործերով:

Դեկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Ս. Ծննդյան տոնին ընդառաջ, եկեղեցու համայնքի անդամներին ու աշխատակիցներին փոխանցեց սննդի փաթեթներ, որ տրամադրել էին «Մարտին Սթար» ՍՊԸ-ն՝ հանձինս տնօրեն Անդրանիկ Բաբոյանի, «Էրիզ» ՓԲԸ- ն՝ հանձինս տնօրեն Արսեն Ասլանյանի և «ԼԻԱ-Կ Գրուպ» ՍՊԸ-ն՝ հանձինս տնօրեն Անդրանիկ Գասպարյանի:

Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում ծառայեց մարդկությանը՝ նրան ժառագություն թողնելով Իր բարի օրինակը (Հովհ. 13): Տիրոջ օրինակին հետևելով՝ քրիստոնյան իր հավատքը կենդանի է պահում գործով և ոչ թե խոսքով: Նա Լույսի մասին նախ և առաջ վկայում է կյանքով և ոչ թե խոսքով: Այդ պատճառով Տերն Իր հետևորդներին աշխարհի լույսը անվանեց և ասաց, որ ճրագը վառելիս կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին. «Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:15-17): «Բոլորիս ուղղված Տիրոջ այս խոսքն անասելի մեծ պատիվ, կոչում և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է մեզ համար, որը ստիպում է մեզ արթնանալ հոգևոր նիրհից և գործի անցնել, քանի որ Քրիստոսի փրկչական լույսը չենք ստացել, որ թաքցնենք, պահենք կամ էլ Աստված մի արասցե՝ կորցնենք: Այլ ստացել ենք այն մեծագույն ակնածանքով և հոգատարությամբ վառ պահելու և մեր նմաններին էլ լուսավորելու համար: Մեր հոգում աստվածային լույսը կրելով, Նրա անսահման սերն ունենալով, սիրահոժար կերպով պատրաստ պիտի լինենք զոհաբերության՝ հանուն Աստծու և մեր մերձավորի, այդ զոհաբերության մեջ ընդգրկելով մեր էության բոլոր բնագավառները՝ մեր «ես»-ը, ժամանակը, հոգեկան, ֆիզիկական և նյութական միջոցները»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

 

30.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․