Լույսի, սիրո ու սրբության մեջ են կյանքի իմաստն ու շունչը

Երբ գարնան սկիզբն ազդարարվում է, և առաջին ձնծաղիկն իր խոնարհ գլուխը վեր է բարձրացնում ու ակնթարթների մեղեդու ներքո պար բռնած ծաղկում և ժպտալով նայում արեգակից հոսող լուսաթափանց շողերին, այդ տեսարանից մարդու հոգին բերկրությամբ և ուրախությամբ է լցվում, որովհետև ամենուր գարնանային շունչն է տարածվում` երփներանգ ծաղկունքով ներկելով դաշտերն ու ձորերը, անտառներն ու այգիները: Մարդու համար խնդությամբ լեցուն մի պարգև է բնության հրաշագեղ ծաղկման խորհրդին հաղորդակից լինելը, ուր գարնանային ծաղիկների բույրն անհատի ցամաքած հոգին կյանքի վերանորոգման թրթիռներով է լցնում ու ներշնչում: Բայց մենք չենք նկատում, որ գարնանային այս հրաշագեղությունը կապված է սրբության խորհրդի հետ, որովհետև այդ երփնալույս զորության շնորհիվ է, որ աշխարհը կյանք է առնում: Մի՞թե հնարավոր է թույնով ներծծված լճում ձկներ խայտան կամ նմանատիպ աղտոտված հողում բույսեր աճեն ու վեր հառնեն, կամ մահացու երկնքում թռչուններ սավառնեն: Բնությունը կյանք է առնում մաքրության մեջ, իսկ ինչքան այն պարզ և մաքուր է, այնքան կենսական զորությամբ է լցվում և ծաղկում: Մի՞թե մարդու համար ցանկալի է պղտոր, ավազահատիկներով լեցուն աղբյուրից ջուր խմել: Մենք միշտ մաքուրն ենք փնտրում ու նույնիսկ հասնում լեռների սառնորակ մաքրամաքուր աղբյուրներին, որպեսզի ըմպենք կազդուրիչ, քաղցրահամ ջուրը: Սակայն այդ ամենը գնահատելով չենք կամենում իրապես մեր հոգին ու միտքը մաքրել մեղքերից և սուրբ դառնալ, քանի որ այն համարում ենք ինչ-որ մարդկանց համար սահմանված, մեզ համար խորթ մի իրողություն, հակառակ այն պատվերին, որ Աստված կոչում է մարդուն սուրբ լինել՝ ասելով. «Սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ղևտ. 20:7, Ա Պետր. 1:16): Սուրբ լինել նշանակում է ապրել գարնանային սկիզբն ու հարատև ծաղկունքը՝ նորոգվելով ու նոր մարդ լինելով: Սակայն սա մենք իրավամբ չենք գիտակցում, որովհետև շատերի համար թվում է, թե սուրբ լինել նշանակում է կյանքը չապրել և մենախցում ճգնել, անապատային, միօրինակ գորշ կյանք անցկացնել: Յուրաքանչյուր անձ իր կոչումն ունի այս աշխարհում, ոմանք կոչված են մենակյաց, ավելին՝ ճգնավոր լինելու, ոմանք հասարակության և աշխարհի մեջ ապրելու, ոմանք հոգևորական լինելու, ոմանք էլ՝ հողագործ, գիտնական, վարորդ և այլն, բայց մարդն ինչ կոչում էլ ունենա, նա պիտի զգեստավորված և զարդարված լինի առաքինությունների սպիտակ հանդերձներով՝ մշտապես ձգտելով սրբությանը, որովհետև մեր մարդկային բնությունն ի սկզբանե կոչված է եղել սուրբ լինելու գոյաբանությանը: Եվ ներկայիս անկման վիճակում ինչքան անձը գահավիժում է դեպի մեղք ու հեշտասիրություն, նրա մարդկային բնությունը լռելյայն ցնցումներ է ապրում, երբ ամեն անգամ անհատը մեղքի խավարի սավանով է պատում իր էությունը, որն իսկության մեջ սրբության շնորհազարդ գարնանն է սպասում: Բայց մենք մեր մարդկային բնությունը ենթարկում ենք սաստիկ ցնցումների, և շատ անգամ, տարված լինելով առօրյայով և աշխարհի ունայնությամբ ու հոգսերով, դա չենք նկատում, իսկ այդ ցնցումներից մեր բնությունը քայքայվում, հյուծվում, սպառվում և հիվանդությունների ու տառապանքի մի ամբողջ շղթայով է պատվում: Մենք մտածում ենք, թող ուրիշները սուրբ լինեն, որովհետև նախընտրում ենք ապրել մեղքից քայքայվող հին աշխարհի սկզբունքներով, որոնք մեզ համար ավելի հեշտ են թվում և գայթակղիչ են: Մենք իրականում չենք ընկալում սուրբ լինելու դերն ու նշանակությունը, այլապես կձգտեինք հասնել կատարելության այդ աստիճանին, որպեսզի զարթոնքի կյանքով լցվեինք ու իրական ներքին խաղաղության և ազատության շունչն առնեինք: Մենք խորշում ենք փողոցի աղբամանների մոտ ապրող ցնցոտիավոր մարդուն դիպչելուց, սակայն չենք նկատում, որ մեր հոգիներն այդ նույն վիճակում են՝ պատված մեղքերով, և այդպես էլ հրեշտակները կարող են մեզնից խորշել ու խուսափել, երբ հանդիպում են գարշահոտությամբ լեցուն մարդկային հոգիների: Արդ, քրիստոնեությունը մարդուն կոչում է սուրբ լինել: Մարմնավոր մարդու համար սա հնչում է իբրև խորթ, անհասանելի ու անսովոր, մասնավոր մի իրողություն: Համենայն դեպս, կարելի է նշել, որ բազմաթիվ քրիստոնյաներ բարձր են գնահատում սրբությամբ ապրելու կեցությունը, թեպետ խուսափում են այդ լույսի շավիղներով քայլելուց: Աստված գարնան միջոցով ամեն անգամ մեզ ցույց է տալիս, որ կյանքը սրբության մեջ է, բայց մենք չենք հասկանում, որովհետև մեղքի շղարշն այնպես է պատել մեր տեսողությունը, որ մահվան, ունայնության ուղին ընդունել ենք իբրև բնական ու ճշմարիտ ուղի: Հետևաբար, կարծրացած մեր սրտերը, որ փոխվել չեն կամենում, փշրվում են ժամանակի սլաքների հարվածներից և, չգտնելով գարնանային հոգևոր ծաղկունքը, տառապանքով ու ցավով պարուրվում: Ինչպես ասում էր մի հոգևոր անձ, երբ աշխարհի հետաքրքրություններով տարված ապրում էի, կարծում էի, թե կյանքն այդտեղ է, սակայն երբ ամեն անգամ մահվան շունչը գալիս էր ու որևէ մարդու փոշիացնում, սկսեցի փնտրել ապրելու իմաստի պատասխանը և տեսա, թե ինչպես է աստվածային սրբության արարչագործ արվեստի ձեռագիրը գարնանային բողբոջների արթնությունը կյանքի վրձնով գծագրում ու գունազարդում և բացահայտում, որ լույսի, սիրո ու սրբության մեջ է կյանքի իմաստն ու շունչը։


Հովհաննես Մանուկյան

Աղբյուրը՝ irates.am

 

03.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․