Մենք պետք է հասկանանք, որ մարդն իրականում չի մահանում: Մահն ուղղակի մի կյանքից դեպի մյուսը տեղափոխումն է: Դա ոչ երկար ժամանակով բաժանում է: Օրինակ՝ եթե մարդը մի տարով արտասահման է մեկնում, ապա նրա հարազատները տրտմում են, որովհետև բաժանվում են մեկ տարով, կամ, եթե նա տասը տարով է մեկնում՝ նրանք տխրում են այդ տասը տարվա բաժանման պատճառով: Այս կերպ էլ մարդիկ պետք է նայեն մահվան հետևանքով իրենց սիրելիներից բաժանումին: Օրինակ՝ եթե տարեց մարդկանց հարազատներից մեկն է մահանում, ապա նրանք պետք է ասեն. «Մի տասնհինգ տարուց նորից կհանդիպենք»: Եթե երիտասարդների հարազատներից մեկն է մահանում՝ թող ասեն. «Հիսուն տարուց կրկին կհանդիպենք»: Մարդն իհարկե ցավ է ապրում հարազատ մարդու մահվան պատճառով, սակայն դրան պետք է հոգևոր կերպով վերաբերվել: Հիշո՞ւմ եք, թե Պողոս առաքյալն ինչ է ասում: «…որպեսզի չտխրեք, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն» (Ա Թեսաղ. 4:12): Օրինակ՝ որքա՞ն հաճախ պիտի մահացած հարազատիս տեսնեի, եթե նա ողջ մնար: Ամիսը մեկ անգա՞մ: Պետք է այն մասին մտածել, որ հավիտենական կյանքում մշտապես տեսնելու եմ նրան: Մեր անհանգստությունն այն դեպքում է արդարացված, եթե մահացած մարդը, վատ կյանքով էր ապրում (ոչ քրիստոնեավայել): Օրինակ՝ եթե նա դաժան մարդ էր, ապա պետք է շատ աղոթենք, եթե նրան իսկապես սիրում ենք ու ցանկանում հանդիպել մյուս կյանքում
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի