Մահվան հիշողություն

«Այն ամենից հետո ինչ Աստված արեց մեզ՝ մարդկանց համար, շատ անշնորհակալ կլինի, եթե մենք դժոխք ընկնենք ու վշտացնենք Նրան: Աստված հեռու պահի ոչ միայն մարդուն, այլև որևէ թռչնակի դժոխք ընկնելուց»

 

- Հա՛յր, մարդն իր ծննդյան օրն ինչի՞ մասին պետք է մտածի:

- Նա պետք է մտածի ապագայում իր մահվան օրվա մասին և պատրաստվի այդ մեծ ճանապարհորդությանը:

- Հա՛յր, եթե արտաշիրիմման ժամանակ պարզվի, որ ննջեցյալի աճյունը չի քայքայվել, ապա դրա պատճառը մե՞ղքն է, որի համար չի ապաշխարել:

- Ո՛չ, ո՛չ միշտ: Պատճառը կարող է այն դեղորայքի մեջ լինել, որ նա ընդունել է կամ գերեզմանոցի հողի բաղադրության: Սակայն ինչ էլ լինի, եթե ննջեցյալն արտաշիրիմման ժամանակ քայքայված չլինի, ապա նա վճարում է իր մեղքերի որոշ մասի համար: Դա այն պատճառով է տեղի ունենում, որ մահից հետո էլ նա ծիծաղի առարկա է դառնում ուրիշների համար:

- Հա՛յր, մահն ամենաանկասկած իրադարձությունն է, որ տեղի է ունենում մարդու հետ: Արդ, ինչո՞ւ են դրա մասին մոռանում:

- Գիտե՞ս, առաջներում, ընդհանրական մենաստաններում վանականներից մեկին հանձնարարություն էին տալիս մյուս հայրերին հիշեցնել մահվան մասին: Երբ մյուս եղբայրները վանահոր տված հանձնարարություններով էին զբաղված լինում, այդ վանականը մոտենում էր նրանց և յուրաքանչյուրին ասում. «Եղբայրներ, մեզ սպասում է մահը»: Մեր կյանքը մահկանացու մարմնով է պատված: Այդ մեծագույն գաղտնիքը հեշտ չէ հասկանալ այն մարդկանց համար, ովքեր միայն մարմնից են բաղկացած և այդ պատճառով էլ չեն ուզում մեռնել, մահվան մասին լսել անգամ չեն ուզում: Մահն այդ մարդկանց համար կրկնակի մահ է դառնում և կրկնակի վիշտ: Սակայն, բարեբախտաբար, Բարեգութ Աստված ամեն ինչ այնպես է դասավորել, որպեսզի տարեց մարդիկ մոտեցող ծերության որոշ նշաններից գոնե օգուտ քաղեն: Քանի որ տարեց մարդիկ բնականաբար մահվանն ավելի մոտ են գտնվում, քան՝ երիտասարդները: Նրանց մազերն են սպիտակում, այլևս այն առույգությունը չունեն, ուժերն աստիճանաբար լքում են նրանց, թուքը սկսում է հոսել և այդ կերպ նրանք խոնարհություն են ձեռք բերում և ստիպված են լինում այս աշխարհի ունայնության մասին իմաստությամբ դատել: Նույնիսկ, եթե տարեց մարդիկ ուզում են «տրտինգ տալ»՝ չեն կարող, որովհետև այն ամենն ինչ նրանց հետ կատարվում է՝ արգելակում է նրանց: Կամ, երբ նրանք լսում են, որ իրենց հասակակից կամ ավելի երիտասարդ ծերունիներից մեկը մահացել է, ապա հիշում են մահվան մասին: Տեսե՞լ եք, երբ գյուղերում սգո ղողանջն է հնչում, ապա սրճարանում նստած ծերունիները ոտքի են կանգնում, խաչակնքվում են ու հարցնում, թե ով է մահացել ու երբ էր ծնվել: «Օ՜հ,- ասում են նրանք,- մի տե՜ս է, մեր հերթն էլ հասավ: Բոլորս էլ հեռանալու ենք այս աշխարհից»: Նրանք հասկանում են, որ իրենց տարիներն անցել են, որ իրենց կյանքի թելն ավարտին է հասել և մահն է մոտեցել իրենց: Այսպես տարեց մարդիկ անընդհատ մահվան մասին են մտածում: Փորձիր փոքր երեխային ասել. «Հիշիր մահվան մասին»: Նա քեզ «Տրա-լա-լա» կասի ու նորից կվազի գնդակով խաղալու: Քանի որ, եթե Աստված փոքր երեխային օգներ հասկանալ, որ նա մահանալու է, ապա խեղճը կհիասթափվեր կյանքից և անպիտան կդառնար, որովհետև ոչինչ այլևս նրան չէր գրավի: Այդ պատճառով էլ Աստված, որպես Բարեգութ Հայր, ամեն ինչ այնպես է դասավորում, որպեսզի երեխան չհասկանա, թե մահն ինչ է և ուրախ ու անհոգ գնդակ խաղա: Սակայն, որքան երեխան մեծանում է, այնքան աստիճանաբար ավելի շատ է հասկանում, թե ինչ է մահը:

Տե՛ս, նորընծա վանականը նույնպես չի կարող մահվան մասին հիշել, հատկապես, եթե նա երիտասարդ է: Նա մտածում է, որ կյանքն առջևում է և մահվան հարցը նրան չի հուզում: Հիշո՞ւմ եք Պետրոս առաքյալն ինչպես է ասում, որ «Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին» (Գործք Առ. 5:6): Մենաստաններում սովորաբար երիտասարդ վանականներն են ննջեցյալներին թաղում: Մտասույզ ծեր վանականները ննջեցյալի մարմնին մի փոքր հող են գցում: Նրանք ակնածանքով մի բուռ հող են գցում միայն մարմնի վրա և երբեք՝ գլխի: Մի անգամ ես մի տհաճ տեսարանի ականատես եղա վանքերից մեկում տեղի ունեցող թաղման արարողության ժամանակ: Երբ ննջեցյալին թաղում էին և հող էին լցնում վրան, հոգևորականը «Հող էիր, հող դարձար» էր ասում: Այն դեպքում, երբ բոլոր վանականներն, ըստ ավանդության, մեծ ակնածանքով ու համեստորեն մի բուռ հող էին լցնում իրենց ննջեցյալ եղբոր վրա, մի երիտասարդ վանական իր կապան վեր քաշեց, բահը վերցրեց և առանց ուշադրություն դարձնելու, լարածի պես սկսեց ննջեցյալի վրա լցնել այն ամենն ինչ բահի տակ էր ընկնում՝ հող, քար, փայտի կտորներ… Նա այդպես էր անում, որպեսզի ցույց տա, թե ի՜նչ կտրիճն է: Ա՜յ թե ժամանակ ընտրեց իր ուժն ու աշխատասիրությունը ցուցադրելու: Ուրիշ հարց է, եթե մենաստանում ծառեր տնկեին կամ ճամփեզրի առուն լցնեին հողով և նա, բարություն ու զոհաբերություն ցուցաբերելով, ասեր. «Մյուս վանականները ծեր են: Նրանցից ի՞նչ աշխատանք կարելի է սպասել: Ես կաշխատեմ»: Այդ դեպքում նա մի քիչ ավելի կհոգներ, բայց մյուսների բեռը կթեթևացներ: Ախր, եթե անգամ սատկած կենդանի ես տեսնում՝ խղճում ես: Էլ ի՜նչ ասես, եթե եղբորդ ես գերեզմանում պառկած տեսնում… Իսկ դու, հողահան մեքենայի պես, անտարբերությամբ քար ու հող ես լցնում նրա վրա… Այս ամենը ցույց է տալիս, որ այդ երիտասարդ վանականը մահվան մասին չէր հիշում:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

04.09.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․