Մակարավանքն իր հաղթական խաչով վկայում է հայ ուխտավորի հոգու ամրությունը

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը մայիսի 22-ին վաղ առավոտյան խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ ուխտի ճանապարհ անցավ դեպի Մակարավանքի միջնադարյան վանական համալիր: Ուխտավորների աղոթական ուղու սկիզբը դրվեց «Տերունական աղոթք»-ով: Աղոթքի ճանապարհն ուխտավորներին տանում էր դեպի այն հոգևոր բարձրունքը, ուր հայ քրիստոնյան հասել ու կերտել է հավատքի մեծ ուժի և ջանքերի շնորհիվ: Արդեն վերանորոգված վանքը վկայում էր, որ հայ քրիստոնյան շարունակում է իր պապերի դարավոր ընթացքը դեպի հոգևոր բարձունքներ: Իսկ յուրաքանչյուր աստիճանը դեպի այդ բարձունք չէր կարող չարտահայտվել հոգևոր և նյութականացված ձևերով, որոնց ներդաշնակ միաձուլումներից վեր են խոյացել և խոյանում են հավատքի վկայությունները՝ հավատքի տաճարները:

Հասնելով Մակարավանք՝ մինչ Սբ. Պատարագի արարողությունը, ուխտավորները համայնքի անդամ Սիրանուշ Գումրույանի ներկայացմամբ ծանոթացան Մակարավանքի կառուցման պատմությանը, ավանդությանը և զարդաքանդակների խորհրդին: Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում Մակարավանքի գլխավոր եկեղեցու բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, որոնց կրկնօրինակն ի դեպ առ այսօր զարդարում է Երևան քաղաքի Փակ շուկայի առաջնամասը:

Ապա ուխտավորները միջնադարից աղոթական շնչով շաղախված այդ սուրբ հարկից ներս մասնակցեցին Սբ. և Անմահ Պատարագին: Պատարագիչն էր սահմանամերձ Աչաջուր, Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր գյուղերի և Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը, ով քարոզին մասնավորաբար ասաց. «Հոգիս ուրախություն է ապրում և զորանում է՝ տեսնելով ուխտի երկար ճանապարհ անցած ուխտավորներիդ աղոթակից ներկայությունը Մակարավանքում: Դարավոր պատմություն ունեցող վանքը դարեր շարունակ կառուցվել է և վերակառուցվել, հասնելով մեր ժամանակաշրջանը, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն էլ իր հերթին իր շնորհն ու ավանդն ունենա այս վանքի շինության պատմության մեջ: 15-20 տարիներ առաջ ոչ բարվոք վիճակում գտնվող Աչաջուր սահմանամերձ գյուղի սահմանամերձ Մակարավանքն այսօր արդեն Սբ. Պատարագի է հրավիրում ուխտավորներին՝ ազդարարելով այն բարի լուրը, որով ապրել և ապրում է Հայոց ազգը: Իսկ օրվա հիշատակվող Եղիա մարգարեի հիշատակությունը մեզ ուղղորդում է դեպի Աստված: Եվ այդ ճանապարհներից մեկն էլ ուխտի ճանապարհն է: Այսօր այս սրբավայրում, ձեր ուխտը նորոգելով, Սբ. Գրիգոր Նյուսացու խոսքի համաձայն, ձեր հոգիներից ներս Աստծուն փնտրեցիք»:

Այնուհետև Տեր Հայրը, դիմելով ուխտավորներին, ասաց, որ յուրաքանչյուրիս աղոթքը թող հնչի նաև մեր հայրենիքի խաղաղության համար, որպեսզի հարության հաղթանակի շնորհիվ աշխարհին ճանաչելի դարձնենք, որ Հայոց ազգը, փոքրաթիվ լինելով, արժանի է հայ քրիստոնյա լինելուն, ինչը վկայում է նաև Մակարավանքն իր հաղթական խաչով:

Սբ. Պատարագի ընթացքում դպրաց դասի երգեցողությունը կատարում էր երեցկինը՝ Գայանե Բաղրամյանը, ում միացել էին նաև մի քանի ուխտավորներ:

Արարողության ավարտին Տեր Վահանը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Տեր Արշավիրին, ով պատարագելով իրենց հաղորդ դարձրեց Տիրոջ օրհնությանը, և հոգենորոգ այդ օրն ունեցան՝ միասնաբար մասնակցելով Սբ. Պատարագին, իսկ ուխտավորներին մաղթեց հոգու և մարմնի առողջություն, որպեսզի զորացնեն և շենացնեն այն բոլոր ուխտավայրերը, ուր աղոթքի կկանգնեն միասնաբար:

Աստվածապարգև և դրախտանման բնության գրկում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը սիրո ընտանեկան ճաշ ունեցավ: Իսկ գեղեցկատեսիլ բնությունը՝ խիտ անտառները, բացատները և յուրաքանչյուր ծառ ու թուփ, ուխտավորին կոչում էին գոհաբանական աղոթքի՝ կրկին անգամ նրան հաղորդակից դարձնելով Արարչի ամենազորությանը:

Ուխտի օրն ավարտվեց, և աստվածային խաղաղությամբ լեցուն ուխտավորները հոգեպես ամրացած փառաբանում էին Աստծուն Իր տանը Իր օրհնությանն արժանանալու համար և միմյանց մաղթում էին՝ ասելով. ուխտդ ի կատար:

 

 

Կարինե Սուգիկյան

22.05.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․