Մանկատան սաները սիրո և ջերմության ներքո

«Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան երեխաների աչքերը կրկին անգամ փայլեցին և ժպտացին, երբ հանդիպեցին իրենց համար արդեն ծանոթ և հարազատ դարձած երիտասարդներին ու հոգևորականներին: Հունիսի 21-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ միասին կրկին անգամ այցելեցին մանկատուն: Տեր Զգոնը մանկատան տնօրինությանը, մանկավարժներին և երեխաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:

Մանկատան վեց խմբերից յուրաքանչյուրում ուրախության և ոգևորության ալիք էր անցնում. քահանաները օրհնում և բժշկության աղոթք էին կատարում հիվանդ երեխաների համար, իսկ երիտասարդները սիրով և ջերմությամբ փոխանցում էին երեխաներին իրենց հետ բերած միրգը, քաղցրավենիքը և հիգիենիկ պարագաները, ապա նաև կերակրում էին նրանց, հետո՝ զրուցում:

«Ակնհայտ է, որ ամեն այցին հոգևորականների աղոթքից հետո երեխաները հանդարտվում են»,- ասաց ավագ խմբի դաստիարակ Նելլի Բարսեղյանը:

Ավագ խմբի սաներից 15-ամյա կույր Մարիամը մեծ սիրով բոլորի համար երգեց երեխաներին նվիրված մի երգ, իսկ Գայանեն, որ շատ լավ է նկարում, ցույց տվեց իր նկարներից մի քանիսը՝ եկեղեցիներ, մուլտֆիլմի և հեքիաթների հերոսներ, բնության տեսարաններ և «Իմ երազանքի տունը»:

«Երեխաները թեև չեն արտահայտվում, բայց ուրախանում են, սպասում են և կարիք ունեն նման այցերի»,- ասաց մանկատան բուժքույր Սոնա Բաղդասարյանը:

«Զորավոր» երիտասարդաց միության անդամ Ռուզաննան, ամեն անգամ մանկատուն այցելելով, փորձում է որևէ կերպ օգտակար լինել սաներին. «Մենք մեր կյանքից ենք դժգոհում, բայց երբ տեսնում ես այսպիսի երեխաների, զգում ես, որ դժգոհելու տեղ չունես: Միևնույն ժամանակ մտածում ես, թե Տերն որքան ողորմած է մեր հանդեպ: Ամեն այց մեզ հիշեցնում է, որ պետք է մարդկանց, առավել ևս հիվանդ երեխաների հանդեպ հոգատար լինենք՝ իրենց ցավը դարձնելով մերը: Թող Աստված ողորմի և առողջություն պարգևի այս երեխաներին»:

«Փորձում եմ իմ գիտելիքներով օգտակար լինել մանկատան սաներին: Այցերից մեկի ժամանակ տիկնիկային ներկայացում ցույց տվեցինք, հաջորդին գիպսե արձաններ կտանենք, որ երեխաները գունավորեն: Ամեն այց կարևոր նշանակություն ունի, դա իմ օրինակից կարող եմ ասել, երբ հիվանդ եմ լինում և ինձ տեսակցության են գալիս, մեծ ուրախություն եմ ապրում»,- ասաց միության անդամ մանկավարժ-հոգեբան Աննան:

Երիտասարդաց միության մանկատան այցի կարևորության մասին Տեր Վահանը նշեց, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակը իր աչքի առջև պետք է ունենա իրականության այն փաստը, որ գոյություն ունեն դժվարություններ, փորձություններ: Եվ որ մանկատունն էլ կյանքի այն դառնություններից մեկն է, որին իրենք ականատես եղան: Ապա հավելեց. «Կյանքի դառը հարվածներ ստացած, ֆիզիկական թերություններով այս փոքրիկների մեջ մենք տեսանք մարդկայինը, բարին, անաղարտը, այն ինչ-որ մենք յուրաքանչյուր երեխայի մեջ ենք տեսնում: Աղոթելով՝ հայցեցինք Տիրոջ օրհնությունը, սերը, որ նրանք շուտափույթ առողջություն գտնեն իրենց հիվանդություններից: Իսկ մեր երիտասարդներն ամեն այցից հետո ավելի պետք է զորանան, ամրանան և գոտեպնդվեն իրենց հավատքի մեջ, որովհետև փորձությունները հաղթահարելը քրիստոնյայի առաքելությունն է»:

Սաղմոսերգուն ողորմած է անվանում բարի մարդուն, ով իր խոսքը կատարում է արդարությամբ, որպեսզի հավետ չսասանվի (Սաղմոս 111:5-6), իսկ մեկ ուրիշ տեղում նա հետևյալ հարցն է տալիս, թե՝ երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի իր ճանապարհը, ապա պատասխանում՝ եթե ոչ Տիրոջ խոսքերը պահելով, քանի որ Տիրոջ պատվիրանների ճանապարհին է նա գտնում իր ուրախությունը, ավելի քան ամեն տեսակ հարստության մեջ (Սաղմոս 118:9; 14):

 

 

Կարինե Սուգիկյան

21.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․