«Մարդը մշտական ուխտավոր է Աստծո առաջ»

Հայ ուխտավորը մտորելու առիթ է ունենում, երբ անցնում է մի ճանապարհով, որով դարեր առաջ առաջին անգամ հայ ուխտավորները, հավատքով ու աղոթքով հաղթահարելով դժվարանցելի ուղին, հավատքով ու աղոթքով շաղաղված վեր են հառել դեպի երկինք նայող հավատքի տաճարը: Պտղաբեր նրանց ուղին հավատաբույր և աղոթաբույր զարմանահրաշ մի ժառանգություն է թողել հաջորդ դարերի ուխտավորների համար:

Այսօր նույն այդ ճանապարհով շատ ավելի հեշտությամբ է անցնում հայ ուխտավորը, անցնում է և մտորում՝ հավատի հսկա, անասելի ուժը, հաղթահարելով Պայտաթափ լեռան 1979 մ բարձրությունը, ծնել է անգին մի գանձ՝ «Արևելքի Աղթամարը»՝ Մակարավանքը:

Աղստևի հովտի ճարտարապետական անկրկնելի «երրորդությունն» են՝ Գոշավանքը, Հաղարծինը և Մակարավանքը: Այդ «երրորդություն»-ից դեպի Մակարավանք էին ընտրել իրենց ուխտի ուղին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ հիսուն ուխտավորներ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

Այդ օրը ուխտավորների ուղին հանընկել էր Սուրբ Էջմիածնի տոնի հետ: Ճանապարհի աստվածատուր և դրախտանման բնությունը է՛լ առավել էր տրամադրում աղոթքի, խոկման և շարականների երգեցողությանը:

Աղոթքի շարունակությունը Մակարավանքում Սուրբ և անմահ Պատարագի մասնակցությունն էր: Ուխտավորները, տիրավանդ պատգամի համաձայն՝ «Այս արե՛ք Իմ հիշատակի համար» (Մատթեոս 26:26-29, Ղուկաս 22:19) ճաշակեցին Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Պատարագիչը Տավուշի թեմի Գանձաքար գյուղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանն էր: Պատարագիչ քահանան զորավոր համարեց այդ օրվա Սբ. Պատարագը, քանի որ ներկաներն իրենց աղոթքներով, երգով ձուլվեցին և ապրեցին սուրբ արարողությունը: Ապա, դիմելով ուխտավորներին, ասաց. «Հայցենք այս վանքում ճգնած մեր Սբ. Հայրերի բարեխոսությունը, որպեսզի մենք էլ զորացած կարողանանք ապրել մեր հավատի կյանքը: Իմ մաղթանքն է, որ Տերն ընդունի և հատուցի ձեր ուխտն ու աղոթքները: Մարդը մշտական ուխտավոր է Աստծո առաջ: Աստված ուխտ է կապել մարդու հետ՝ պարգևելով նրան ապրելու հնարավորություն, նրա հետ կիսելով Իր սերը, փառքը: Փրկության ուխտ էլ կապեց, որը սկսվեց Նոյով, շարունակվեց Աբրահամով, Մովսեսով և վերջապես այն նորոգվեց ու հաստատվեց Հիսուս Քրիստոսի խաչելությամբ, հարությամբ և Սուրբ Հոգու գալստյամբ: Այսօր մարդը հոգևոր նորոգման կարիք ունի, որպեսզի լուսավորվի աստվածային լույսով և իր քայլերն ուղղի դեպի փրկության տաճար»:

Սբ. Պատարագի ավարտին  ուխտավորները գեղեցկատեսիլ բնության գրկում սիրո ճաշ ունեցան, որից հետո Տեր Սիմեոնը ներկայացրեց մինչև չորրորդ դար հասնող հինավուրց վանքի պատմությունը:

Մակարավանքի բակում Տեր Գիրգորը հոգևոր զրույց անցկացրեց նախանձի մասին, քննարկելով այդ մահացու մեղքը, անդրադարձավ, թե արդյո՞ք գոյություն ունի «բարի նախանձ» ասվածը: Շատերի կարծիքը միանշանակ էր այն հարցում, որ «բարի նախանձ» ասվածը գոյություն չունի: Ամփոփելով զրույցը՝ Տեր Հայրը նշեց, որ «բարի նախանձ» անվան փոխարեն կա նախանձախնդրություն, բարի ցանկություն հասկացողությունը, իսկ մահացու մեղքի հետ կապված ասաց. «Նախանձելով ուրիշին՝ մենք ոչ միայն հակառակվում ենք Աստծուն և երախտամոռություն ենք ցուցաբերում Նրա հանդեպ, քանի որ փաստորեն դժգոհում ենք մեր ունեցածից, այլև՝ մեծագույն հանդգնություն ենք ցուցաբերում՝ կասկածելով Աստծու արդարությանը: Փաստորեն մեր մտքով, խոսքով կամ գործով ասում ենք Տիրոջը, որ Նա անարդար է գտնվել՝ մեկին տալով մեր նախանձի առարկաները, իսկ մեզ՝ զրկելով: Նախանձելով՝ նաև կարծես փորձում ենք խառնվել Արարչի գործերին, որովհետև մեզ իրավունք ենք վերապահում որոշելու, թե Տերն ում տա Իր օրհնությունը և ում՝ ոչ»: Եվ որպես հիշեցում Տեր Հայրը կարևորեց այն հանգամանքը, որ յուրաքանչյուր մարդ անկրկնելի է Աստծո առջև, յուրաքանչյուրն էլ անպայման ունի մի բան, որ միայն իրեն է տրված, որ ամեն մարդ իր կյանքն ու ճանապարհն ունի և միայն Աստծուն է հայտնի, թե ինչու է հենց ա՛յդ մարդուն, հենց ա՛յդ կյանքը տրվել: Տեր Գրիգորը նախանձից ազատվելու օրինակ բերեց եկեղեցու Սուրբ Հայրերից հետևյալ խոսքը. «Բարություն արա, ինչ-որ կերպ օգնիր այն մարդուն, որին նախանձում ես»:

Ուխտավորներից յուրաքանչյուրն իր կյանքի բազմաթիվ ճանապարհներից հոգենորոգ ճանապարհ է համարում ուխտագնացությունը: Հասմիկի համար ուխտագնացությունը հավատը զորացնելու միջոց է՝ հաղթահարելու համար օրվա փորձություններն ու դժվարությունները:

«Խորհրդային տարիներին տարբեր եկեղեցիներում եմ եղել՝ համարելով այդ սրբավայրերը որպես արվեստի և մշակույթի կոթողներ: Իսկ երբ սկսեցի հավատալ Աստծուն, ինձ համար սրբավայր գնալը դարձավ ուխտն Աստծո հետ վերանորոգելու և վերահաստատելու միջոց»,- ասաց Խաչիկ Ստամբուլցյանը:

Հոգևոր ճամփորդությամբ ուխտավորները մեկ անգամ ևս այցելեցին Աստծուն, իրենց աղոթքն ու գոհունակությունը հայտնեցին Նրան՝ մեկ անգամ ևս վերահաստատելով կամ վերանորոգելով իրենց ուխտն առ Աստված:

Սբ. Գրիգոր Նարեկացու խոսքի համաձայն՝ կյանքի մրրկաշունչ քամիներից պաշտպանվելու համար, կարևոր է հետևել Տիրոջ կենդանարար և անմահացնող պատվիրաններին՝ հաստատ մնալով կյանքի այն ուխտին, որ Տերը սահմանեց մեզ համար:

 

 

Կարինե Սուգիկյան

07.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․