Մարմնի փոխազդեցութիւնը դիակիզարանում ու նրա ոչնչացման անընդունելի գործողութիւնը

Երբ հանգուցեալի մարմինը տեղադրւում է վառարանում, այն այրւում է 1,700-2,500 ջերմաստիճանով ու տեւում է մօտաւորապէս երկու ժամ: Չափազանց գէր մարդկանց դիակն այրելու համար սովորաբար աւելի երկար ժամանակ է պահանջւում: Դիակիզման ընթացքում առաջանում են մի շարք բնախօսական հակազդեցութիւններ, բայց մարմնի փոխազդեցութիւնը վառարանում բնութագրելը հաճելի բան չէ: Դիակիզումը հանգուցեալի մարմինը հրկիզման միջոցով ոչնչացնելու ոչ ամբողջական ու ոչ լրիւ ճշգրիտ բառն է: Սովորաբար ընդունուած է այն կարծիքը, թէ մարդու դիակը այրուելուց յետոյ սոսկ մոխիր է դառնում, անկախ նրանից, թէ դիակիզումը կատարւում է բացօթեայ հնագոյն հեթանոսական «սգո խարոյկի» եղանակո՞վ, թէ՞ արդի դիակիզարանի վառարանի միջոցով: Մարդու ոսկորները երբէք լրիւ չեն այրւում, որովհետեւ մարդկային ոսկորների մօտ վաթսուն տոկոսը պարունակում է անօրգանական ու ներքուստ չկապակցուած ոչ դիւրավառ նիւթեր: Այս պատճառով արդի դիակիզարաններում ոսկորների չմոխրացած որոշ մնացորդներ փոշիացւում են յատուկ աղացող սարքերի՝ «քրեմոլիւտոր»-ների (cremulator) միջոցով. այսինքն՝ հրկիզուած ոսկորների մնացորդները աղացաքարերի մշակումներով աղացւում են։ Այդ կերպ մնացորդ մնացորդ մասնիկները նմանւում են փոքրիկ հատիկների` չորացած պարարտանիւթի գնդիկների նմանութեամբ[1]: Մինչեւ ոսկորների մնացորդների աղացուելը յատուկ մագնիսների միջոցով հաւաքում են մնացած այրուած դագաղի մետաղեայ բռնիչները, մեխերը, արհեստական յօդերը, մետաղեայ ամրակները, որոնք ներմուծուած էին վերջոյթների կոտրուածքների ժամանակ, ու մետաղական այլ մասեր: Երբեմն մշակուած ոսկորները մաքրւում են գինու ու կաթի միջոցով, իսկ երբեմն էլ այլ սպիտակ նիւթեր են խառնում գոյնի փոփոխման համար, որպէսզի մոխրի սուզակը աւելի բնական ու տեսանելի դառնայ: Հնագոյն աղբիւրներից յայտնի է, որ դիակիզման գործընթացի աւարտին չայրուած մնացորդ ոսկորները հաւաքում են եւ այնուհետեւ մոխրի հետ մէկտեղ տեղադրում են մօտաւորապէս 60 սանտիմետր բարձրութիւն ունեցող յատուկ աճիւնասափորների մէջ: Հին Կտակարանում էլ կարդում ենք, թէ Սաւուղ թագաւորի եւ իր երեք որդիների ոսկորները լիովին չայրուեցին դիակիզումից յետոյ: Նրանց մարմիններն այրելուց յետոյ ոսկորների մնացորդները հաւաքեցին եւ Յաբիսում ծառի տակ թաղեցին (Ա. Թագ. 31, 13): Եթէ դիակների ոսկորները լրիւ չեն այրւում, ապա ինչո՞ւ արդի աճիւնասափորները չեն պարունակում չայրուած ոսկորների մնացորդները: Այսօրուայ աճիւնասափորների բարձրութիւնն ու լայնութիւնն զգալիօրէն փոքր են, քան անցեալի աճիւնասափորները: Քանի որ հին դարերի յոյներն ու հռոմէացիները չէին փոշիացնում չայրուող ոսկորների մնացորդները, ուստի պահանջւում էին առաւել մեծ աճիւնասափորներ, որպէսզի չայրուող ոսկորների մնացորդները աճիւնի հետ մէկտեղ տեղաւորեն: Բայց արդի դիակիզարանը պահանջում է չայրուող ոսկորների աղացի գործընթացը: Սրա համար մարդու դիակը ամբողջովին ոչնչացնելու համար դիակիզումն այսօր էապէս տարբերւում է անցեալում կատարուած դիակիզումներից, քանի որ այսօր մարդու դիակը ոչնչացւում է ամբողջովին:

Հրէական-րաբբիական եւ աւանդական Միդրաշ սկզբնական աղբիւրներից իմանում ենք «Լուզ» (Luz bone) կոչուած ոսկորի մասին, որ անուանւում է նաեւ «յարութեան ոսկոր»[2]: Սա հին դարաշրջանում րաբբիների համար շատ մեծ ու կարեւոր նշանակութիւն ունէր: Ըստ իրենց՝ այս ոսկորները չեն կարող ոչնչանալ նոյնիսկ հրկիզմամբ: Մադրաշի մէջ հրեայ թերահաւատների եւ անհաւատների մասին այսպէս է գրուած. «Րաբբի Յեսու Անանիան նետեց ոսկորը կրակի մէջ, բայց այն չայրուեց. դրեց ջրի մէջ, բայց այն չլուծուեց. ճմլեց երկու սիւների մէջտեղում. բայց այն չփշրուեց. տեղադրեց զնդանի վրայ ու մուրճով ուժգին խփեց, զնդանը ծռուեց, մուրճը կտոր-կտոր եղաւ, բայց ոսկորը մնաց անեղծ»[3]: Իսկ Րաբբի Շրակա Սիմոնսը (Rabbi Shraga Simmons) յայտարարում է. «Հրէական թաղման աւանդոյթի արձանագրութիւններում նշւում է, թէ ետեւի պարանոցի ոսկորը երբէք չի փտում: Այս ոսկորը կոչւում է «Լուզ» ոսկոր, որի միջոցով մարդկային մարմինը պիտի վերակառուցուի ապագայ մարգարէական դարաշրջանում, երբ բոլոր մեռելները յարութիւն առնեն: Դիակիզման ժամանակ այդ ոսկորը կարող է միանգամայն ոչնչացուել ու փակուղի լինել յարութեան գործընթացին»[4]: Այս բոլորը ցոյց են տալիս, թէ հին դարաշրջանի րաբբիները պաշտպանում էին հողի տակ թաղելու աւանդական վարդապետութիւնը:

Դիակիզման գաղափարի ջատագովները մեծ ոգեւորութեամբ նկարագրում են դիակիզարանում կատարուող հանդիսաւոր «գեղագիտական» ու «գեղեցիկ» արարողութիւնը: Ասում են, թէ ի տարբերութիւն թաղման՝ այստեղ ճիճուներ չկան, ամէն բան գեղագիտական է ու առողջապահական, եւ երաժշտութիւն է հնչում: Հոգին բարձրանում է երկինք, իսկ մարմինը դառնում է աճիւն: Աճիւնը թափւում է գեղեցիկ աճիւնասափորի մէջ եւ յետոյ տեղադրւում է դամբարանում: Դիակիզման յաւակնորդները նշում են նաեւ, թէ աղաւնին հոգու խորհրդանիշն է ու յաճախ գործածւում է դիակիզարանի զանազան քանդակների, պատկերների, աճիւնասափորների վրայ: Եւ «կոլումբարիում» բառը, որ նշանակում է աճիւնի դամբարան, լատիներէնից բառացիօրէն թարգմանւում է «աղաւնիների հանգրուան» կամ «աղաւնիների որմնախորշ»[5]:

Մարմնի անմիջական փոխազդեցութիւնը վառարանում հաճելի չէ բնութագրել։ Սակայն նկատի ունենալով այսօրուայ դիակիզարանների նկատմամբ մեր հասարակութեան մէջ արագ աճող հետաքրքրութիւնը ու դիակիզման բարձր յաճախականութիւնը՝ նուազ հետաքրքրական չենք համարում նկարագրել մարմնի փոխազդեցութիւնը դիակիզարանում: Ազատամիտ հասարակութեան մէջ, ուր մարդիկ իրաւունք ունեն իմանալու բոլոր խնդիրները, որպէսզի կարենան ճշգրիտ որոշումներ կայացնել իրենց կամ իրենց հարազատների վերաբերեալ, անհրաժեշտ է տեղեկացնել, թէ ի՛նչ է լինում մարմնի հետ դիակիզման գործընթացի պահին: Եթէ մարդիկ նախօրօք տեղեկացուած լինէին կամ իմանային, թէ ի՛նչ է կատարւում դիակիզման գործընթացի ժամանակ, գուցէ վերստին քննէին անձին, ամուսնուն, կնոջը, զաւակին, կամ էլ ազգականին դիակիզելու նպատակայարմարութիւնը: Դիակիզման վերջին աճի եւ արագահաս արդիւնքի շնորհիւ շատերը, տեղեկութիւն չունենալով կամ լրջօրէն չմտածելով, յաճախ կուրօրէն շտապում են ընդունել աշխարհիկ ու կեղծ մշակութային համակարգի չարաբարոյ արժէքները:

Հետեւաբար, նպատակայարմար կը լինի մէջբերել դիակիզարանի գործընթացի կազմագիտական եւ անդամազննութեան դիտարկումների նկարագրուած հետեւեալ հատուածները, որոնք քաղուել են դիակիզարանի փորձարարական փաստաթղթերից: Սանկտ-Պետերբուրգ քաղաքում 2010-ին լրացաւ Ռուսաստանում կառուցուած առաջին դիակիզարանի իննսուն տարին: Վառարանւմ գտնուող այրուող մարմնի փոխազդեցութեան այս դիտարկումը կատարուել է 1920-ին Խորհրդային Միութեան առաջին դիակիզարանում պրոֆեսոր Լիպինի աջակցութեամբ, ով եղել է առաջին դիակիզարանի ծրագրաւորողը: Կարծում ենք, որ սա կարող է փարատել դիակիզարանի «մարդկայնութեան» ու «գեղագիտութեան» պատրանքը: Փաստաթղթում գրանցուած է. «Երբ դիակը այրւում է, իրավիճակը հետեւեալն է. երբ դիակը դրւում է դիակիզարանի խցիկում, սկզբում բռնկւում են հագուստներն ու մազերը: Յետոյ պայթում են աչքերը, ու մարմինն սկսում է շարժուել մկանների կրճատման ու բարձր ջերմութեան պատճառով: Գլուխը յետ է ընկնում, ու կրծքավանդակի վրայ խաչուած ձեռքերը սովորաբար սկսում են այս ու այն կողմը տարածուել: Ծնկներն ու կողերի մասերը ծռւում են: Երբեմն էլ նկատւում է մարմնի կռում, որը ծալւում է գօտու կողմը, որի պատճառով ստեղնաշարի ու բեռնախցիկի վերին մասը բարձրանում է: Միաժամանակ սկսում են այրուել մկանային հիւսուածքների վերջոյթները: Այրւում են դէմքի ու գլխի հիւսուածքները: Յետոյ երեւում է արեան եռքը աչքերի, ականջների, քթի անցքերի ու բերանի մէջ: Գլխի գանգի կարերը ճեղքուելով բաժանւում են: Միեւնոյն ժամանակ յայտնաբերւում են մարմնի վերջոյթների ոսկորները: Կրծքավանդակն ու գլուխն առանձնանում են մարմնի բեռնախցիկից: Կմախքի այրուելու ընթացքում միաժամանակ փլուզւում է գանգը ու երեւում է ուղեղը, որոնք այրւում է դեղնաւուն կրակով: Վերջոյթներն այս պահին բաժանւում են: Սկսում են այրուել թոքերն ու կրծքավանդակում գտնուող միւս պարունակութիւնները: Քիչ աւելի ուշ սկսում է այրուել որովայնի պարունակութիւնը: Յետոյ այրւում է ողնաշարը, բայց փշրուող ոսկորների մոխիրը մասամբ պահպանում է ոսկորների ձեւը: Բացի ուղեղից ներքին բոլոր անդամներն այրւում են աստիճանաբար՝ նախ թոքերը, յետոյ՝ երիկամները եւ այլն, իսկ ստամոքսն ու լեարդն այրւում են վերջում: Շատ հետաքրքրական է այն արձանագրուած փաստը, որ եթէ դիակն ունի չարորակ ուռուցքներ, ապա այս ուռուցքներն այրւում են բաւական դանդաղ ու շարունակում են այրուել, երբ մարմինն ամբողջովին կիզուած է: Նկատելի է, թէ արգանդի քաղցկեղի պատճառով մահացած երկու կանանց դիակիզման դէպքում ակնյայտ էր կոնքային խոռոչի ձուաձեւ ուռուցքների երկարատեւ այրուելը: Եթէ համեմատենք սովորական դիակիզման գործընթացի ժամկէտի հետ, սա մօտ 20 րոպէ երկար էր: Ազդրակիր ուռուցքների հիւսուածքներն իրականում չեն այրւում կամ վառւում են բոլորովին այլ կերպ՝ կապտագոյն բոցով. կարծես թէ մարմնի գործարանական մասեր չեն կազմում, այլ բոլորովին այլ նիւթ: Զուր չէ որ այսօր բժիշկները խօսում են քաղցկեղի եւ այլ համակարգային հիւանդութիւնների տեղեկատուական բնոյթի մասին: Դիակիզումը տեւում է աւելի քան երկու ժամ: Բայց կանանց մարմիններն այրւում են քառասուն րոպէ աւելի արագ, քան տղամարդկանցը: Բայց հետաքրքիր երեւոյթ է յայտնաբերուել այրուող ամուսինների մարմինները այրւում են միաժամանակ, ու կարեւոր չէ, թէ ամուսիններից ո՛վ է գեր կամ նիհար. այրւում են որպէս մէկ ամբողջութեան երկու հաւասար անդամներ: Չէ՞ որ Տէրն էլ ասում է. «երկուսը պէտք է լինեն մի մարմին (Ծննդ. 2, 24), կամ ինչպէս Պօղոս առաքեալն է ասում. «Եւ երկուսը պիտի լինեն մէկ մարմին։ Այս խորհուրդը մեծ է» (Եփես. 5, 31-32)»[6]:

Ահա մէկ այլ օրինակ, թէ ինչպէ՛ս է մարմնի կազմագիտութեան բժիշկը նկարագրում դիակիզումը. «Դագաղը դրւում է վառարանում, որտեղ այն արագօրէն բռնկւում է կրակից: Ճեղքւում ու  փլւում են դագաղի կաղապարն ու կողմերը՝ դիակին ենթարկելով կրակի անմիջական ազդեցութեան: Մաշկն ու մազերը միասին խանձւում են ու այրւում: Մկանները դանդաղ կծկւում են, ու կոնքերն աստիճանաբար բաժանւում են՝ առաջացնելով վերջոյթների կորացում: Երբեմն, մինչեւ մաշկի ու որովայնի մկանների այրուելը, որովայնն ուռչում է եւ ածխանալով  ճեղքւում է ու պատռւում: Որովայնն ընդլայնւում եւ ուռչում է գոլորշու ու գազերի պարունակութեամբ: Փափուկ հիւսուածքների աւերումն աստիճանաբար ցոյց է տալիս կմախքի մասերը: Գանգը շուտով դատարկւում է իր ծածկոցից, յետոյ բացւում են վերջոյթների այն ոսկորները, որոնք պատուած էին համեմատաբար թոյլ մկաններով կամ ճարպերով: Յետոյ յայտնւում են կողիկները։ Զարմանալի է, որ երկար ժամանակ դաստակների ու կոճղերի փոքր ոսկորները դեռ մնում են միացած իրենց կապաններին՝ պահպանելով իրենց անդամազննական յարաբերութիւնը, թէեւ ձեռքերն ու ոտքերը բաժանւում են իրենց յարակից երկար ոսկորներից: Որովայնի պարունակութիւնն ու թոքերը այրւում են բաւական դանդաղ: Յատկապէս ուղեղը երկար է դիմադրում կրակին: Նոյնիսկ երբ գանգի կամարները կոտրուած են եւ իրարից բաժանուած, ուղեղը երեւում է որպէս սեւագոյն ու բաւական կպչուն նիւթ, եւ ոչնչացման համար երկար ժամանակ է պահանջւում: Ի վերջոյ, ողնաշարը դառնում է երեւելի, երբ անյայտանում է ընդերքը: Ոսկորները կրակի մէջ փոխում են իրենց գոյնը ու կմախքը բաժանւում է իրարից: Որոշ ոսկորներ կազմում են տարբեր բեկորներ ու չափեր. իսկ միւսները մնում են ամբողջական»[7]:

Այս զարհուրելի նկարագրութիւնները հաշուի առնելով՝ դիակիզման ընդդիմութեան մի վերլուծաբան նշում է իր հետեւեալ դիտարկումը. «Զարգանալով քրիստոնէական աւանդոյթի ու մշակոյթի մէջ՝ որքա՜ն նողկալի պիտի լինի, որ մարդ խորհի, թէ իր ընկերոջը վերաբերւում են այնպէս, ինչպէս վառարանում տապակած տաւարի մսի՝ առաջադրուած հալուող ճարպերով ու ջերմութիւնից անջատուող եւ սուլացող հիւսուածքներով հանդերձ»[8]: Մի այլ քննադատ, զննելով դիակիզման այս գործընթացը, ասում էր, թէ նոյնիսկ սատկած շանը չեն ենթարկում այս կարգի գազանաբարոյ ու բռնի ոչնչացման: Եւ այս ամէնը ոմանք ինչպէ՞ս կարող են «գեղագիտական» ու «գեղեցիկ» արարողութիւն համարել:

 

 

[1]     W. E. Phipps, "Cremation Concerns", op. cit., 1989, 33.

[2]     lvin J. Schmidt, “Dust to dust or ashes to ashes,” IV, 42.

[3]     Bereshith Rabbah 28, 3.

[4]     Rabbi Shraga Simmons, aish.com, Cremation, 2009.

[5]     ”Благословила ли Церковь кремацию чад своих?”

      Տե՛ս  www.k-istine.ru/base_faith/faith/faith_dolgopalets-01.htm (առ 25/10/15):

[6]     Տե՛ս  www.requiem.ru/history/doc128/print.phtml (առ 25/10/2015)։

[7]     W.E.D. Evans, “The Chemistry of Death”, Springfield, IL: Charles C. Thomas Publishers, 1963, 83-85.

[8]     James W. Fraser, “Cremation: Is It Christian?” Neptune, NJ: Loizeaux Brothers.

 

Գևորգ սրկ. Գևորգյան

«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից

 

11.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․