23 Դեկտեմբեր, Բշ
«Մենք մեր զինվորի կողքին ենք».
մեկնարկում է զինվորներին ուղղված բարեգործական երկրորդ ծրագիրը
Արարատյան Հայրապետական թեմը սկսում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական երկրորդ ծրագիրը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ երկրորդ անգամ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ 2015թ. հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանկային հաշվեհամարին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվելու է.
• 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի հետ շփման գծում զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին,
• ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված I խմբի բոլոր զինհաշմանդամներին,
• ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2010-2015թթ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված II և III խմբերի զինհաշմանդամներին:
Օգնությունը տրամադրվելու է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել է 2014թ. ս. Սարգիս զորավարի տոնին: Նախորդ տարի ևս հանգանակվել էր 50 մլն դրամ, որը բաշխվեց ՀՀ ՊՆ սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: Աջակցություն ստացան 2004-2014թթ. Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու 2014թ. փետրվարի դրությամբ ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքները: Օգնությունը բաշխվեց 301 ընտանիքի:
Ծրագրի նպատակն է աջակցել իրենց կյանքն ու առողջությունը հանուն Հայրենիքի նվիրաբերած զինվորների ընտանիքներին, զորավիգ լինել Հայրենիքի պահապաններին մեր կարողությունների չափով և ուշադրության կենտրոնում պահել մեր ազգի ու պետականության կարևոր պատվար բանակը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին