25 Նոյեմբեր, Բշ
- Մեր չար մտքերը, մեր չար տրամադրությունն ազդում են այլոց վրա․․․ - մի անգամ հայտնեց մեզ հայր Պորֆիրոսը։ - Ուստի անհրաժեշտ է միջոց գտնել, որի օգնությամբ կկարողանանք մեր խորքերը մաքրել ամեն տեսակի չարից։ Երբ մեր հոգին սրբագործված է, այն բարություն է շողարձակում։ Այդժամ մենք, առանց մի խոսք ասելու, լռելյայն սեր ենք սփռում։
Իհարկե, սկզբում դժվար է։
Հիշե՛ք Պողոս առաքյալին։ Սկիզբը նույնքան դժվար էր նաև նրա համար։ Նա ցավով ասում էր․ «Ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում» (Հռոմ․ 7։19)։ Եվ ապա․ «Բայց իմ մարմնի անդամների մեջ տեսնում եմ այլ օրենք, որ պայքարում է իմ մտքի օրենքին հակառակ և ինձ գերի է դարձրել մեղքի օրենքին, որ կա իմ մարմնի անդամների մեջ: Ի՜նչ խղճալի մարդ եմ ես: Ո՞վ կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահվան է տանում» (Հռոմ․ 7։23-24): Այն ժամանակ նա շատ տկար էր և չէր կարողանում գործել բարին, որ կամենում էր։
Նա ասում էր սա սկզբում։ Իսկ ապա աստիճանաբար տրվեց Աստծուն սիրելուն և ծառայելուն։ Նրա հոգու տրամադրությունը տեսնելով՝ Աստված ներթափանցեց և Իր շնորհը բնակեցրեց նրանում։ Այսպես նա հասավ Քրիստոսով ապրելուն։ Քրիստոս Ինքը բնակվեց նրա մեջ, ով ասում էր՝ ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, և վերջինս Աստծու շնորհի օգնությամբ դարձավ անընդունակ չարը գործելու։ Սկզբում նա անկարող էր գործելու բարին, իսկ հետո, երբ Քրիստոս բնակվեց նրանում, նա դարձավ անընդունակ չարը գործելու։
Եվ այնուհետ արդեն ասում էր․ «Բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղ․ 2։20): Նա ասում էր և պարծենում, որ Քրիստոս է բնակվում իր մեջ, չնայած որ նախկինում ասում էր, որ չի կարողանում գործել բարին, որ կամենում է։ Ո՞ւր կորավ այն տկար մարդը։ Անհետացավ։ Շնորհն իր գործն արեց նրանում։ Տկարից վերածվեց բարեշնորհի։ Նա շնորհով լցվեց, որովհետև խոնարհվեց նախքան այդ։
«Հասկանո՞ւմ եք,- կրկին հարցրեց հայր Պորֆիրիոսը։- Ամենքս էլ անընդունակ ենք դառնում ամեն տեսակի մեղք գործելու Աստծու Հոգու շնորհիվ։ Անընդունակ ենք դառնում, որովհետև Քրիստոս է ապրում մեր մեջ։ Այժմ մենք ունակ ենք միայն բարին գործելու։ Այդպես մենք կգտնենք Աստծու շնորհը, աստվածնմանություն կստանանք։ Եթե այդ հունով ընթանանք և մեզ հանձնենք Քրիստոսի սիրուն, ապա ամեն բան կփոխակերպվի, ուրիշ կդառնա։ Բարկությունը, զայրույթը, նախանձը, խանդը, խռովությունը, դատելը, ապերախտությունը, թախիծն ու կսկիծը կվերափոխվեն սիրո, ուրախության, Աստվածային ցանկության։ Դրախտ»։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը