«Մեր երեխաները ծնվել են երկնքի համար»

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն արդեն մեկ տարեկան է: Ամեն կիրակի մոտ երեսուն երեխաներ՝ չորսից մինչև տասնվեց տարեկան, շտապում են իրենց համար առանձնահատուկ մի դպրոց, ուր մեծ սիրով ուսանում են Սբ. Գրքից բխող կյանքի դասերին, ծանոթանում հայ եկեղեցու տոներին, սրբազան ավանդույթներին, սովորում հոգևոր երգեր՝ շարականներ, սաղմոսներ ու աղոթքներ: Երեխաները դասերին իրենց ուսանածը նկարում են, իսկ եկեղեցական տոն օրերին նրանք հանդես են գալիս նաև բեմադրություններով:

Թեև երեխաների տարիքային մեծ տարբերությունն իր դժվարությունն է ստեղծել, բայց մանկավարժը՝ Սիրանուշ Գումրույանը, այս դեպքում ընտրել է ուսուցման լավագույն տարբերակ. թե՛ փոքրիկները և թե՛ մեծերն օգնում են միմյանց ու միաժամանակ ուսանում օրվա թեման: Կիրակնօրյա դպրոց հաճախում են նաև սիրիահայ երեխաներ, այդ իսկ պատճառով դասերն անցկացվում են նաև արևմտահայերեն: Եվ ինչպես մանկավարժն է նշում՝ երեխաները, միասին դասերին մասնակցելով, թե ընկերանում են և թե միմյանց հետ շփվում առանց դժվարության:

Կիրակնօրյա դպրոցի սաները ժամանակ առ ժամանակ վերհիշում են այն պատվիրանները, որ փորձում են իրենց կյանքում կիրառել՝ ոխ չպահել, իրար սիրել, իրար հարգել, սուտ չխոսել, չմատնել, չխանգարել, հավատալ, չնախանձել, իրար օգնել, լավ մարդ դառնալ: Մանկավարժին՝ Սիրանուշ Գումրույանին, ինչպես նաև ծնողներին ուրախություն է պատճառում երեխաների յուրաքանչյուր դրական խոսք և արարք:

«Ուրախալի է տեսնել, որ երեխաներն իրենց սովորածը կիրառում են կյանքում, միմյանց հանդեպ ուշադիր են և հոգատար: Ինչպես նաև հետևողական են կիրակնօրյա դպրոցի դասերին, բացակայելու դեպքում նախապես զգուշացնում են»,- ասաց մանկավարժը: Իսկ դասի կառուցվածքի հետ կապված Սիրանուշը նշեց. «Սովորաբար, դասի առաջին հատվածում երեխաների հետ կրկնում ենք անցյալ թեման, ապա ընդմիջմանը, երեխաները, օգտվելով քաղցրավենիքից, սովորում են ուտելուց առաջ և հետո աղոթել: Երեխաների ցանկությամբ ամռանը ևս շարունակելու ենք դասերը, քանի որ երեխաների համար հաճելի է արձակուրդային օրերն անցկացնել եկեղեցու բակում»:

Սիրիահայ Կասյա Սարգիսյանը մեկ տարի է, ինչ ընտանիքով Հայաստան են տեղափոխվել և իր երկու զավակները մեկ տարի է, որ ուրախությամբ հաճախում են կիրակնօրյա դպրոց: Կասյան ասաց, որ ամեն անգամ երեխաներն անհամբերությամբ սպասում են հաջորդ կիրակի օրվան:

Կիրակնօրյա դպրոցի սան Սևակ Պողոսյանը (11տ.) փորձում է դպրոցում իր սովորածը ամեն օր գործադրել, շատ է սիրում «Ով պարտիզպան» շարականը և իրենց ընտանիքում իրենք սովորություն ունեն հաց ուտելուց առաջ և հետո աղոթել:

Մարի Մատինյանի (8տ.) ընտանիքը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ է ապրում: Նրա մայրը՝ Նաիրա Կիրակոսյանն ասաց, որ դպրոցի գործունեության մասին իմանալուն պես, ամիջապես երեխային բերել են կիրակնօրյա դպրոց. «Մարիան հաճույքով է մասնակցում դասերին, հրաշալի մանկավարժ ունեն: Դպրոցում ուսանում են բարություն, սեր դեպի մեր եկեղեցին և մեր հայրենիքը: Երեխան նաև պարի է հաճախում, եթե պարը տալիս է նրան գեղարվեստական էսթետիկա, ապա այստեղի ուսանածը երեխային կուղեկցի ողջ կյանքի ընթացքում: Ես և ամուսինս այնքանով ենք հանգիստ, որ երեխան այստեղ, ճանաչելով իր մայր եկեղեցին, հեռու կմնա կրոնական տարբեր կազմակերպություններից»:

Սամվել Հակոբյանի (7տ.) տատիկը՝ Աննա Չոբանյանը, ով 28 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ ունի, երեխայի քրիստոնեական դաստիարակությունը համարում է մեր ազգի հայեցի դաստիարակության անկյունաքարը: «Թոռնիկիս հետ միշտ հաճախել եմ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի՝ Սբ. Պատարագի: Կիրակնօրյա դպրոցի բացումը ինձ շատ ուրախացրեց, քանի որ այժմ ես Սբ. Պատարագին եմ մասնակցում, իսկ թոռնիկս՝ կիրակնօրյայի դասին: Երբեմն անգիտակ մարդիկ հարցնում են ինձ, թե ինչո՞ւ ես թոռնիկիդ մանկությունը խաթարում՝ ասելով, թող երեխան մեծանա և ինքը որոշի, թե ուր գնա, այնինչ ինձ համար հստակ է, որ թոռնիկս այստեղ հայեցի դաստիարակություն է ստանում: Ընկերներիս խորհուրդ եմ տալիս իրենց երեխաներին և թոռներին կիրակնօրյա դպրոց բերել, քանի որ տեսնում եմ նվիրյալ մարդկանց անշահախնդիր աշխատանքը՝ հանուն երեխաների քրիստոնեական դաստիարակության»,- ասաց տիկին Աննան:

Ընտանիք կազմավորելուց հետո քրիստոնյա ծնողների կարևոր մտահոգությունն իրենց երեխայի ապագայի հետ կապված պետք է լինի այն, թե ինչպես երեխայի մեջ դաստիարակեն այն քրիստոնյայի կերպարը, ով հետագայում եկեղեցու և հասարակության օրինակելի անդամն է դառնալու: Ցավոք սրտի, որոշ ծնողներ, անտեսելով իրենց երեխայի քրիստոնեական դաստիարակությունը, հոգ են տանում երեխայի այն ապագայի մասին, որ կապված է միայն մարմնի հետ:

Այնինչ մեզանից դարեր առաջ նշանավոր մանկավարժ Յ. Ա. Կոմենսկին (1592-1670թթ.) ասել է. «Երեխաները կյանքի հենց առաջին տարիներից պետք է վարժվեն զբաղվել բացառապես նրանով, ինչն անմիջականորեն բերում է Աստծո մոտ, այսինքն՝ Սբ. Գրքի ընթերցանությամբ: Ըստ այդմ, Աստվածաշունչը պետք է լինի քրիստոնեական դպրոցների Ալֆան և Օմեգան: Մեր երեխաները ծնվել են երկնքի համար, վերածնվել Սբ. Հոգով, ուստի և նրանք պետք է դաստիարակվեն իբրև ապագա երկնաքաղաքացիներ և ամենից առաջ գիտելիքներ ձեռք բերեն երկնայինի, Աստծո, Քրիստոսի, հրեշտակների, Աբրահամի, Իսահակի, Հակոբի և մյուսների մասին: Այսպիսով, մանկուց անմնացորդ նվիրվելով Սբ. Գրքի սերտմանը, նրանք առավել դյուրությամբ խույս կտան աշխարհի այլասերման որոգայթից և իմաստուն կդառնան «փրկության համար՝ այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է» (Բ Տիմոթեոս 3:15)»:

 

Կարինե Սուգիկյան

12.06.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․